
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ բացատրություններ տալու

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը ԱՄՆ ԶՈւ ԳՇ պետ Մարկ Միլիի Ռոժավա կատարած այցի (Սիրիայի հյուսիս) կապակցությամբ բացատրություններ տալու համար կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ավելի վաղ «Reuters»-ը հայտնել էր, որ գեներալ Մարկ Միլին մարտի 4-ին չհայտարարված այց է կատարել Ռոժավայում տեղակայված ամերիկյան ռազմաբազա։ Նշվում է, որ այցի շրջանակներում Միլին ծրագրել էր գնահատել ԱՄՆ-ի ներդրած 8 տարվա ջանքերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում։
Նշենք, որ Սիրիայի հյուսիսում են գտնվում նաև Սիրիայի քուրդ զինյալները, որոնց Թուրքիան ահաբեկչական ուժեր է համարում: Մինչդեռ ԱՄՆ-ն քուրդ զինյալներին համարում է կարևոր գործոն ԻՊ-ի դեմ պայքարում։ ԱՄՆ-ի այդօրինակ դիրքորոշումն առաջացնում է Թուրքիայի վրդովմունքը: