Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Լեռնային Ղարաբաղի ոստիկանական մեքենայի վրա. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական զինուժի կողմից Արցախում ոստիկանական մեքենայի գնդակոծման և մարդկանց մահվան փաստին և նշել, որ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը։ 2023 թվականի մարտի 5-ին ժամը 10:00-ին Դյուքյանլար բնակավայրի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրակել են Լեռնային Ղարաբաղի իրավապահների ավտոմեքենայի վրա։ Բախման հետևանքով երեք մարդ զոհվել է, մեքենայում գտնվող մեկ աշխատակից վիրավորվել։ Ադրբեջանական կողմից կորուստներ ևս եղել են. երկու զոհ և մեկ վիրավոր: Ռուս խաղաղապահների ջանքերով բախումը դադարեցվել է։ Այդ փաստի կապակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»: