«Ոչ մի պաշտոնյայի՝ սեփական քաղաքացիներից պախկվելը հարց չի՛ լուծելու». ՊՆ նախկին շենքի բնակիչներ
«Վիճակը գնալով բարդանալու է, մենք արդեն չենք կարողանում նայել, թե մեր երեխեքը ոնց են մեզ հետ տանջվում, ի՞նչ են ուզում, ինադու այնպես անեն, որ քայլերի դիմենք, գործ սարքեն, պրծնե՞ն մեզանից»,- այսօր Պետական եկամուտների կոմիտեի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՊՆ նախկին շենքի բնակիչներից մեկը:
Տասնյակ բնակիչներ գնացել էին ՊԵԿ՝ ստանալու իրենց հարցի պատասխանը՝ ե՞րբ են իրենց կացարաններով ապահովելու, սակայն այդպես էլ ՊԵԿ պաշտոնյաներից որևէ մեկը բնակիչների հետ չհանդիպեց, բնականաբար, նրանք էլ չստացան իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցի պատասխանը:
«Ակցիայի մասնակիցների պահանջին ավելացավ ևս մեկը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրաժարականը: 127 ընտանիք է, առնվազն 600 մարդ, 600 վարչապետի հետ սենց չի՛ կարելի վարվել»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի շուրջ 5 տարի առաջ արված «հեղափոխական» հայտարարությունները, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ է ապրում:
«Կամաց-կամաց թող վեշերը հավաքի, դասավորի արկղերի մեջ, որ ստեղից պետք ա դուրս գա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկ ուրիշը՝ խոսքն ուղղելով ՊԵԿ նախագահին:
ՊՆ նախկին շենքում բնակված քաղաքացիներից շատերը երեխաներ և տարեցներ են, կան նաև արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, դիմելով ՊԵԿ նախագահին՝ ասաց ակցիայի մասնակիցը.
«Որ ինքը տանը հանգիստ քնած է եղել, էդ ժամանակ էս տղերքը սարերում պաշտպանել են նաև իր անդորրը: Ինքը հլը դրամով աշխատավարձ ու պարգևավճար ա ստանում նրա համար, որ էս տղերքը կարողանում են պաշտպանել այս պետությունը: Հիմա ինքը եկել է այս պետության համար ամեն ինչ տված, ամեն ինչ արած մարդկանց ասում է՝ ես պետության անունից… Չէ՛, այդպես չի լինում, իր պախկվելը լուծում չի, ոչ մի պաշտոնյայի պախկվելը սեփական քաղաքացիներից չի՛ լուծելու հարցը…»:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:
Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։
Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում