Բաժիններ՝

Հայ-Ռուսական համալսարանում կայացավ տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում

Հայ-Ռուսական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ մարտի 5-ին կայացավ տնտեսագիտության թեմայով գլոբալ ֆորում: Այն մեկնարկեց ՀՌՀ օրհներգով, ցուցադրվեց համալսարանի մասին պատմող ֆիլմ:

Համաժողովի նպատակն էր շրջանավարտներին համալսարանի կյանքին մասնակից դարձնելը, նրանց հաջողության ճանապարհները ներկայի և ապագա ուսանողներին օրինակ ծառայեցնելը:

«Ցանկացած համալսարանի գործունեության արդյունքի գլխավոր գնահատականը իր շրջանավարտների որակն է և նրանց նկատմամբ վերաբերմունքը շուկայում, այսինքն` գործատուների գնահատականը։ Մենք իսկապես Հայաստանում նվաճել ենք շատ բարձր դիրքեր։ Այսօրվա մեր պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը մեր շրջանավարտներն են։ Շուկայում մեր շրջանավարտների գնանշումը և իբրև գիտական կրթօջախ մեր գիտական արդյունավետությունը մեր հաջողության գրավականն է։ Իսկ մեր ուսանողության, դասախոսության և շրջանավարտների միջև կապը հարատև է»,- ասաց ՀՌՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն Էդվարդ Սանդոյանը։

Սանդոյանը կարևորեց շրջանավարտների՝ համալսարանում ներգրավվածությունը։ Նրա խոսքով՝ և՛ համալսարանը, և՛ շրջանավարտները միմյանց տալու շատ բաներ ունեն։

«Ակնկալում ենք, որ մեր շրջանավարտները միշտ իրենց կյանքում երջանիկ լինեն, որ ավարտել են լավագույն համալսարանը։ Շրջանավարտների խնդիրը պետք է լինի համալսարանի պատիվը միշտ բարձր պահելը: Արդյունքում համալսարանի բրենդը միշտ ուղեկից կլինի նրանց»,- նշեց Սանդոյանը։

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արմեն Դարբինյանը նշեց, որ համալսարանի բոլոր շրջանավարտների համար կյանքի ուղեկից են համալսարանական արժեքները՝ ակադեմիական ազատությունը, սերը, արդարությունը, համերաշխությունը, ստեղծարարությունը, արժանապատվությունը, իմացությունը և անհատական զարգացումը։

«Իրականության մեջ շատ կարևոր են այն արժեքները, որոնք շատ մեծ դժվարությամբ ինձ և մեզ հաջողվել է ստեղծել և պահպանել։ Խոստովանեմ, որ հեշտ չէ պահել այս արժեքները և արժեքների վրա հիմնված համալսարանական կյանքը։ Ասեմ, որ հետագայում ավելի դժվար է լինելու, դրա համար էլ շրջանավարտների օգնությունը, օժանդակությունը և ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է մեր ապագայի համար և մեր հետագա քայլերում»,- ասաց Դարբինյանը։

Դարբինյանի խոսքով՝ համալսարանը ունի շրջանավարտների հզոր բազա, որոնց թվում ունեն գիտության թեկնածուներ։ Դարբինյանը կարևորեց, որ դասավանդման գործընթացում ներգրավված են ՀՌՀ նախկին շրջանավարտներ։

«Մեր կարգախոսն է՝ համալսարանը այն վայրն է, որտեղ դուք վերադառնում եք։ Այսօրվա գլոբալ ֆորումը հատկապես այս նպատակին է ծառայում։ Մենք փորձել ենք անել հնարավորը ֆորումը բոլորին պրոֆեսիոնալ տեսանկյունից հետաքրքիր դարձնելու համար։ Լիահույս եմ, որ այսօրվա միջոցառումը մեր շրջանավարտներին աճի նոր հնարավորություններ կտա»,- ասաց Դարբինյանը։

Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ ֆորումը շարունակական բնույթ է կրելու։ Առաջիկայում կլինեն միջոցառումներ կառավարման և զբոսաշրջության ոլորտների մասնագետների համար։

Ֆորումի ընթացքում կայացան նաև տնտեսագիտության տարբեր խնդիրներին վերաբերող պանելային քննարկումներ։ Հիմնական ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ֆինանսիստ, ներդրումների գծով մասնագետ, Movchan’s Group ընկերությունների խմբի հիմնադիր Անդրեյ Մովչանը։

Նախորդ տարի դեկտեմբերի 4-ին կայացել էր Հայ-Ռուսական համալսարանի Իրավագիտության ուղղության տարբեր տարիների շրջանավարտների մասնակցությամբ իրավունքի թեմայով գլոբալ ֆորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս