«Ապագա կա». արտահերթ ընտրությունների համար գումար է հատկացվել
Մարտի 26-ին արտահերթ ընտրություններ տեղի կունենան Շիրակի մարզի Անի (17 բնակավայր) և Սյունիքի մարզի Սիսիան (32 բնակավայր) խոշորացված համայնքներում. արտահերթ, որովհետև հերթական ընտրություններից հետո այդ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները չկարողացան հավաքել 50+1 տոկոս և միանձնյա համայնքների կառավարում ստանձնել. դա նրանք պետք է անեին կոալիցիաների միջոցով, սակայն որևէ այլ ուժ ՔՊ-ի հետ այդպես էլ կոալիցիա չկազմեց։
Իրավիճակը փոխելու համար նշանակվեցին արտահերթ ընտրություններ, դրանց անցկացման նպատակով էլ Կառավարության պահուստային ֆոնդից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է հատկացվել 134 միլիոն դրամ, ևս 13 միլիոն դրամ էլ տրվել է ՀՀ ոստիկանությանը։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո սահմանված շեմը հաղթահարած երեք ուժերի՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» կուսակցությունների և «Ազգ-համայնք» դաշինքի միջև համայնքի ղեկավարման հարցում ընդհանուր հայտարար չձևավորվեց և համայնքի ղեկավար այդպես էլ չընտրվեց:
Անիում ամենաշատ ձայնը հավաքել էր 18 տարվա համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի գլխավորած «Ազգ-համայնք» դաշինքը՝ 10 մանդատ, ՔՊ-ն ստացել էր 8 մանդատ, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 3 մանդատ։
Փաշինյանի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Անի խոշորացված համայնքի ավագանու լիազորությունները, և մինչև արտահերթ ընտրությունների անցկացումը համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորած Արման Սարիբեկյանը։ Նա «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր, և արդյունքում նոր ՏԻՄ ընտրությունները կայանալու են իշխանության ղեկավարի կողմից նշանակված ՔՊ-ական ժամանակավոր պաշտոնակատարի և այլ կուսակցականների միջև։
Գրեթե նույն խնդիրն էր նաև Սիսիանում, որտեղ ՔՊ-ական թեկնածու Արմեն Հակոբջանյանն ընտրվեց համայնքի ղեկավար, սակայն նրան չհաջողվեց համայնքապետի պաշտոնը ստանձնել, որովհետև որևէ այլ ուժ անհրաժեշտ կոալիցիան չձևավորեց, ինչից հետո Արմեն Հակոբջանյանը Փաշինյանի կողմից նշանակվեց Սիսիանում համայնքի ղեկավարի ժՊ և մարտի 26-ին կայանալիք արտահերթ ընտրություններին կմասնակցի՝ որպես իշխանական թեկնածու։
Հիշեցնենք նաև, որ Սիսիանում ավագանու անդամի մանդատ էր ստացել 5 կուսակցություն և դաշինք. առավելագույն ձայներ ստացել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 34,49%, և ավագանու կազմում ստացել է 8 մանդատ։ Երկրորդ տեղում «Աշխատանք և արդարություն» դաշինքն է՝ 22,79%, և ստացել է 5 մանդատ։ Երրորդ տեղում է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4 մանդատ, այնուհետև «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը՝ 2 մանդատ, «Մեկ Հայաստան» կուսակցությունը՝ 2 մանդատ։