Պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ. Նիկոլ Փաշինյան
Պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» խորագրով քննարկմանը։
«Տարածաշրջանային խաղաղության մեր տեսլականի մեկ այլ ասպեկտը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է։ Մենք պատրաստ ենք լիովին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, հաստատել դիվանագիտական հարաբերություններ։
Մենք հույս ունենք ամբողջությամբ բացել մեր ընդհանուր սահմանը, որը միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին Թուրքիայի կողմից։ Մենք ունենք առաջ շարժվելու մի քանի փոքր, բայց հուսադրող նշաններ: Մեր երկրների հատուկ ներկայացուցիչները 2022 թվականի հուլիսին պայմանավորվել են օդային բեռնափոխադրումներ հաստատելու շուրջ և երրորդ երկրների քաղաքացիների համար միջպետական սահմանները բացել։
Հունվարին վերացվել է Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, և մենք հուսով ենք, որ շուտով կբացվի սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Նաև ես հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ 2022 թվականին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, որտեղ մենք քննարկեցինք հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Վերջին ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանն արագ արձագանքեց։ Ես զանգահարեցի նախագահ Էրդողանին ցավակցություն հայտնելու համար և առաջարկեցի մեր աջակցությունը։ Դրանից հետո տուժած շրջաններ ուղարկեցինք մարդասիրական օգնություն և փրկարարական խումբ։
Շատ կարևոր է փաստել, որ մարդասիրական օգնության երկու շարասյուն Թուրքիա է մտել սահմանային կամրջով, որը 30 տարի շարունակ փակ է եղել։ Մեր փրկարար ջոկատը Հայաստան է վերադարձել այդ նույն կամրջով։ Հայաստանի արտգործնախարարն այցելեց Թուրքիա, հանդիպեց իր գործընկերոջը և վերահաստատեց հարաբերություններն ամբողջությամբ կարգավորելու մեր պատրաստակամությունը։
Թեև վերջին շփումները, իհարկե, զուտ մարդասիրական բնույթի էին, մենք, այնուամենայնիվ, ուրախ կլինենք տեսնել նաև քաղաքական արդյունքներ»: