Բաժիններ՝

Վլադիմիր Պուտինն ահաբեկչություն է որակել Բրյանսկի մարզում տեղի ունեցած հարձակումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ահաբեկչություն է որակել Բրյանսկի մարզում տեղի ունեցած հարձակումը, որը, ինչպես պնդում է ռուսական կողմը, իրականացրել են ուկրաինացի դիվերսանտները:

Նման հայտարարություն Կրեմլի ղեկավարն արել է «Ուսուցչի դպրոց» պիլոտային կրթական ծրագրի մասնակիցների հետ շփման ընթացքում: Այս մասին հաղորդում էТАСС գործակալությունը:

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը պետք է անձամբ ներկա գտնվեր հանդիպմանը, սակայն չեղարկել էր իր այցը Պյատիգորսկ՝ կապված Բրյանսկում տիրող իրավիճակի հետ:

ՌԴ ղեկավարը հայտնել է, որ ՌԴ զինված ուժերի զինվորներն ու սպաները պաշտպանում են «նեոնացիստներից և ահաբեկիչներից, որոնք վերջին ութ տարիների ընթացքում տանջում և սպանում էին մարդկանց Դոնբասում»:

Պուտինի խոսքով՝ դիվերսանտները տեսել են, որ քաղաքացիական «Նիվա» մակնիշի մեքենայում են գտնվում քաղաքացիական անձինք, երեխաներ, սակայն, միևնույնն է, կրակ են բացել:

ТАСС-ի մեկ այլ հրապարակման մեջ նշվում է, որ ըստ վերջին տեղեկությունների՝ դիվերսանտները դադարել են ակտիվություն ցուցաբերել: Գործակալության հետ զրույցում ականատեսները ենթադրել են, որ նրանք, հավանաբար, կարող են թաքնված լինել Ուկրաինայի տարածքում: Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:

Կիևում դասական սադրանք են որակել ուկրաինացի դիվերսանտների մասին ՌԴ-ի տարածած տեղեկությունները՝ նշելով, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել են մարդիկ, որոնք իրենց անվանում են Ռուսական կամավորական կորպուսի մարտիկներ:

Ավելի վաղ ТАСС-ը հաղորդել էր, որ ուկրաինացիները մտել են Լյուբեչանե գյուղ, որը գտնվում է Կլիմովսկիի շրջանում՝ անմիջապես Ուկրաինայի սահմանին: Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի խոսքով՝ ուկրաինական ուժերը կրակել են մեքենայի վրա, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ մեկ տասնամյա տղա վիրավորվել է: Բացի դրանից, ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել սահմանամերձ Սուշանի գյուղի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս