Բաժիններ՝

«Ամուսինս տաքսի է քշում, ավտոն սարքել ենք տուն, 4 ամսական վատառողջ երեխես գիշերը մեջն է քնում, բոմժի կարգավիճակում ենք». ՊՆ նախկին շենքի բնակիչ

Պաշտպանության նախարարության նախկին շենքից վտարված և փողոցում հայտնված բնակիչներից մեկի 4 ամսական տղան փետրվարի 22-ին էր տեղափոխվել հիվանդանոց և երեկ դուրս է գրվել:

4 ամսական Ալեքսի մայրը՝ Անուշիկ Ավետիսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ տղայի հետ վերադարձել է ՊՆ նախկին շենքի բակում տեղադրված վրան, քանի որ այլ տեղ չունի գնալու.

«Երեխայիս վիճակն ավելի վատ չի կարող լինել, քան հիմա է: Ճիշտ է՝ դուրս են գրել, բայց իր մոտ ախտորոշել էին սուր բրոնխիտ և նոր սկսվող թոքաբորբ, մի թոքը բորբոքված է: Բալիկիս դուրս են գրել, որովհետև խզզոցն էր քչացել ու չի ջերմում, բայց երեխայիս մոտ անընդհատ կրիտիկական պահեր են լինում, երեկ խեղդվում էր, աչքերը չռվել էին, երևի նորից տանեմ հիվանդանոց: Երեխու համար շնչառական ապարատ են նշանակել, որ ինհալացիա անենք, ու դեղեր, 27.000 դրամ ապարատն էր, 7000-8000 դրամ էլ՝ դեղերը, մեր բնակիչներից մեկն է առել…»:

Կարդացեք նաև

Հարցին՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից արդյոք իրենց հետ կապ հաստատե՞լ են, կացարան չե՞ն տրամադրել, որպեսզի փոքրիկների հետ դրսում չմնան, մեր զրուցակցի պատասխանը բացասական էր.

«Ինձ ոչինչ էլ չեն առաջարկել: Ես տարբերակ չունեմ, եթե տարբերակ ունենամ, մի վայրկյան այստեղ չեմ մնա, չգիտեմ՝ ուր գնամ: Գոնե սոցապն ինձ նպաստ տա, կարողանամ երեխուս համար կեր ու պամպերս առնեմ, ուրիշներին եմ խնդրում, միայն կերը 4500 դրամ է: Ամուսինս տաքսի է քշում, էդ ավտոն սարքել ենք տուն, երեխեն գիշերը մեջն է քնում, որովհետև վրանում լիքը մարդ է քնում, սարսափելի ծանր օդ է, իր վիճակն էլ այնպես է, որ անհնար է այդտեղ քնի, ամուսինս էլ ստիպված նորմալ չի կարողանում քշի, մի խոսքով՝ բոմժի կարգավիճակում ենք»:

Տիկին Անուշիկը պատմեց նաև, որ ՊՆ նախկին շենքից ոստիկանների կողմից իրենց  դուրս հանելուց հետո անհետացել են իր և ամուսնու անձնագրերը, երեխաների ծննդյան վկայականները.

«Գոնե օգնեն, անձնագրերը վերադարձնեն, մեկ էլ նպաստ ստանամ, ուրիշ ոչինչ չեմ ուզում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ նախկին շենքից վտարված 4 ամսական տղա է տեղափոխվել հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել նախարարությանը: Այնտեղ երկար տարիներ տեղավորվել և ընտանիքներով ապրում էին պատերազմի մասնակիցներ, զոհված զինծառայողների հարազատներ, որոնք տուն չունեն:

Փետրվարի 16-ի վաղ առավոտյան մի քանի ավտոբուսով ոստիկանները գնացել էին ՊՆ նախկին շենք և ՊԵԿ-ի գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այնտեղ ապրող մարդկանց դուրս հանել։

Հիշեցնենք նաև, որ 1 տարի առաջ էր Կառավարությունը որոշել Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող շենքն ամրացնել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ), որպեսզի արդեն 2027թ.-ին այստեղ տեղակայվեն կոմիտեի բոլոր ստորաբաժանումները: Գործադիրը հիմնավորել էր, որ պետությանը պատկանող և անտարբերության մատնված կառույցը քայքայվում է:

Տեսանյութեր

Լրահոս