Նվաստացուցիչ է, որ Նիկոլ Փաշինյանի պես մեկն է ներկայացնում մեր պետությունը, նա է պարտության մեղավորն ու պատասխանատուն․ Ալբերտ Բազեյան

Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, այլ ՀՀ-ն։ Առանց Արցախի չի լինելու Հայաստան, թշնամին Արցախով չի բավարարվի, և եթե մենք համաձայնենք Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, այնտեղ հայեր չեն մնալու, նրանք դուրս են գալու։ Թշնամուն հողն է պետք, և Արցախը նվաճելուց հետո ադրբեջանցիները հասնելու են Սյունիք, ապա գալու են Երևան։ Դրա համար ամեն գնով պետք է Արցախը զերծ պահել Ադրբեջանի կազմում ներառվելուց։ Ազգային ժողովը պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Նախկին իշխանությունները չճանաչեցին Արցախը՝ պատճառաբանելով, որ ընթանում են բանակցություններ, և եթե ճանաչեն, պատերազմ կսկսվի։ Չճանաչեցին, բայց պատերազմը եղավ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց պահեստազորի գնդապետ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը:

«Մենք պատրաստ չէինք 44-օրյա պատերազմին, քանի որ այս իշխանության օրոք բանակը բարձիթողի վիճակում էր, և այդ պայմաններում մենք ոչ միայն պատերազմը տանուլ տվինք, այլև խաղաղ պայմաններում շարունակում ենք զինվորների կորցնել։ Ազատ գյուղի կացարանի դեպքի օրինակով համոզվեցինք, թե ինչ պայմաններում են ապրում մեր զինվորները։ Որևէ պատասխանատվություն չհաջորդեց, առանց նախաքննության և լուրջ պարզաբանումների՝ մի շարք զինվորականների պաշտոնազրկեցին։ Մինչդեռ պետք էր գտնել իրական պատասխանատուներին։ Ե՛վ պատերազմում պարտության, և՛ այսօրվա բանակի պատասխանատուն, բնականաբար, պաշտպանության նախարարն է, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը, իսկ ամենամեծ պատասխանատուն ու մեղավորը երկրի ղեկավարը և պատերազմի ժամանակ ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց հասարակական գործիչը:

«Շատ ցավալի է, որ Փաշինյանն է ներկայացնում ՀՀ-ն միջազգային հարաբերություններում, նվաստացուցիչ է, որ նրա պես մեկն է մեր պատվիրակը։ Փառք ու պատիվ Արցախի հերոս ժողովրդին, որ մոտ երկուսուկես ամիս է՝ կարողանում են դիմանալ շրջափակմանը և մնալ այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ և հայտարարեց՝ «Սա Հայաստան է, և վերջ»՝ կրկնելով Լեոնիդ Ազգալդյանի՝ 1992-ին ասված խոսքերը։ Ցավոք, Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չեն տվել, բայց պարտավոր էին։ Իշխանության փոխվելուց հետո նրան պետք է արժանացնել այդ կոչմանը։ Փաշինյանն ասում էր, որ սկսում է իր կետից, և էական չէ՝ նախկինում ինչ են բանակցել, պաշտպանության նախարարը հայտարարում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»՝ հնարավորություն տալով Ադրբեջանին պատերազմ սկսելու, այսինքն՝ իրադրությունը սրեցին, երբ պատերազմին մենք պատրաստ չէինք, և արդյունքները տեսանելի են»,- նշեց Ալբերտ Բազեյանը:

Ազատամարտիկը հիշեցնում է, որ այս իշխանությունը գնել էր կործանիչներ՝ առանց զինամթերքի, իսկ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հզորագույն զինատեսակը չկարողացան օգտագործել, մինչդեռ կարող էին խոցել Ադրբեջանի նավթամուղները, գազամուղներն ու Մինգեչաուրի ջրամբարը.

«Չէ՞ որ թշնամին խոցում էր Ստեփանակերտը, խաղաղ բնակչությանը, Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Օդը բաց էր, պատերազմը՝ անհավասար։ Մեր դեմ դուրս եկան Ադրբեջանը, նրա հզորագույն դաշնակից Թուրքիան, թուրք զինվորները, ՆԱՏՕ-ի հրահանգիչները, սիրիացի վարձկանները, Իսրայելը, Պակիստանը, Ուկրաինան, որոնք ռազմական տեխնիկա էին մատակակարում Ադրբեջանին։ Կապիտուլյացիայից հետո բոլոր թուրքալեզու ժողովուրդները շնորհավորեցին Ադրբեջանին»:

«Մեր զինվորներն ու կամավորականները կռվել են հերոսաբար, բայց ուժերն անհավասար էին։ Մենք չենք կարող մեղադրել մեր զինվորականությանը, բանակին, կամավորներին, մեղավորն իշխանությունն էր, որը չօգտագործեց իր դիվանագիտական հնարավորություններն այն պետությունների հետ, որոնք լուրջ հակասություններ ունեն Թուրքիայի հետ։ Կարելի էր համագործակցություն ձևավորել Հունաստանի, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի հետ։ Պարտված պատերազմից հետո մի շարք զինվորականների տվեցին ազգային հերոսի կոչում։ Այդ նույն հերոսների հանդեպ հարուցեցին քրեական գործեր, այսինքն՝ արժեզրկվեց ազգային հերոս հասկացությունը։ Թող այդ կոչմանն արժանացնեին այն զինվորականներին, որոնք մինչև վերջ կանգնել և կռվել էին»,- ամփոփեց Ալբերտ Բազեյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս