Ալիևի պահանջները կատարելու դեպքում արցախցի բոլոր տղամարդիկ Ադրբեջանում դատապարտվելու են՝ որպես ռազմական հանցագործներ․ Էդգար Ղազարյան

Ռուբեն Վարդանյանին Արցախից հեռացնելու մասին առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ Լաչինի միջանցքի հարցի քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի դեսպանի ելույթում։ Այնուհետև դրան անդրադարձել են Ադրբեջանի ԱԳ նախարարը, նախագահը, իսկ մյունխենյան պահանջը վերջինն էր՝ Իլհամ Ալիևի շուրթերից հնչած, և դրան անմիջապես հաջորդեց Վարդանյանի պաշտոնանկությունը։ Ի դեպ, վերջերս խոսվում էր, որ ոչ միայն Ռուբեն Վարդանյանը պետք է պաշտոնազրկվի, այլև Արայիկ Հարությունյանն էլ հրաժարական տա։ Իսկ Արցախի սահմանադրությամբ՝ բոլոր համապետական ընտրություններն անցկացվում են միաժամանակ, և եթե նախագահը հրաժարական է տալիս, խորհրդարանը լուծարվում է, և նախագահի ու ԱԺ-ի ընտրությունները պետք է միաժամանակ լինեն։ Սա նշանակելու էր Արցախի պետական ինստիտուտների գլխատում։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Արցախում պարենային ճգնաժամ է, ի՞նչ ընտրության կազմակերպման հնարավորության մասին է խոսքը։ Արայիկ Հարությունյանը հանրային ծառայող է, հետևաբար՝ պարտավոր է պատճառաբանված և խելամտորեն ներկայացնել իր որոշումների բովանդակությունը, ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն պաշտոնից ազատմանը, այլև նշանակմանը։ Ռուբեն Վարդանյանին Արայիկ Հարությունյանն է առաջարկել զբաղեցնել պետնախարարի պաշտոնը։ Նա Արտակ Բեգլարյանին պաշտոնից ազատել է ոչ թե ձախողումների ու խնդիրների համար, այլ մտածել է, որ Վարդանյանն իր հեղինակությամբ, կարողություններով, փորձառությամբ Արցախին ավելի օգտակար է։ Նրա պաշտոնամուտից անմիջապես հետո սկսվել է Արցախի գերությունը։ Ի՞նչն է սխալ արել Ռուբեն Վարդանյանը, նրա գործունեության ո՞ր դրվագն էր, որ նման արագ պաշտոնանկության պատճառ դարձավ»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

«Առավել քան ակնհայտ է, որ դա Իլհամ Ալիևի պահանջն է, և դա շատ ցավալի է, քանի որ Արցախում փաստորեն տեղի են տալիս Ալիևի պահանջների առաջ։ Եվ եթե նա կարողանում է ներգործել Արցախում պետական որոշումների կայացման, ներքին գործերի, կադրային հարցերի լուծման վրա, պարզ է, թե ավելի կարևոր ու պատասխանատու որոշումների կայացման վրա ինչ ազդեցություն կունենա։ Ադրբեջանական պահանջները կատարվելուն զուգահեռ՝ թշնամու խոստացած պարտավորություններից որևէ մեկը չի կատարվում։ Ալիևը Մյունխենում ասում է, թե կբացեն ճանապարհը, եթե Վարդանյանը պաշտոնանկ արվի։ Նա պաշտոնանկ արվեց, բայց ճանապարհը փակ է։ Սկզբում էլ ասում էին՝ եթե բնապահպանների պահանջը չկատարվի, ճանապարհը չի բացվի։ Հանքավայրի գործունեությունը դադարեցվել է, այսինքն՝ բնապահպանական խնդիրը չկա, բայց ճանապարհը փակ է»,- նշեց Ղազարյանը:

Քաղաքական գործչի պնդմամբ՝ բոլոր պահանջները կատարելու պարագայում անգամ մյուս կողմից տարրական խնդիրն անգամ չի լուծվում, պարզապես նրանց պահանջներն են կատարելագործվում. «Ալիևն ասում է, թե Զանգեզուրի միջանցք եզրույթը նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում չկա, դրա հեղինակն ինքն է, և այն հեղինակել է՝ հետպատերազմյան իրողություններից և աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով։ Փաշինյանն էլ ասում է, որ իրեն պարզ չէ՝ Ադրբեջանի պահանջները կատարելուց հետո դեռ որքա՞ն կձգվեն նոր պահանջները, երբ պարզ է, որ նրանց ախորժակը միայն մեծանում է։ Մեր ողբերգությունն այն է, որ ՀՀ ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից դիմում է թշնամական պետության ղեկավարին, որն ագրեսիա է իրականացրել իր նկատմամբ, և հարցնում, թե նրա ընկալմամբ՝ որտեղո՞վ են անցնում ՀՀ սահմանները»:

«ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը հետպատերազմյան շրջանում բազմիցս ասել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը Հայաստանը զավթելն ու հայ ժողովրդին բնաջնջելն է։ Իմանալով այդ մասին՝ նրանց հետ ինչ-որ հարցեր են քննարկում, և նրանց խոսույթն ու տոնայնությունը որևէ կերպ չեն արտացոլում վտանգները, այսինքն՝ գիտեն, որ մտադիր են զավթել և բնաջնջել մեզ, և իրենց խնդիրն է հնարավորինս աջակցություն ցուցաբերել թշնամական ուժերին։ Ալիևն ասում է՝ Ղարաբաղում ապրող հայերի կարգավիճակն Ադրբեջանում ապրող որևէ այլ ազգային փոքրամասնության կարգավիճակից չի տարբերվելու։ Դա նշանակում է, որ, օրինակ, արցախցի բոլոր տղամարդիկ որպես ռազմական հանցագործներ պատժվելու են, իսկ երիտասարդ տղաներն էլ ծառայելու են ադրբեջանական բանակում»,- ամփոփեց Էդգար Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս