«Դե, կանգնե՛ք, ասեք, թե ի՞նչ եք բանակցում. այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք». Տաթևիկ Հայրապետյան

Արցախի շրջափակման մեջ արդեն 75 օր ապրող մեր հայրենակիցները հստակ արձանագրել են՝ պայքարելու են և չեն հանձնվելու։ Արցախում ապրող մեր հայրենակիցներն իրենց այս որոշումով ի չիք դարձրեցին Արցախը հայաթափելու Ադրբեջանի պլանը, ուստի, Ադրբեջանն Արցախի նկատմամբ ճնշումն ուժեղացնելու համար գործի դրեց Ռուբեն Վարդանյանին հեռացնելու սցենարը, որը, իմ համոզմամբ, գործարկվել է Բաքու-Մոսկվա երկկողմ համաձայնության շրջանակում, ինչն օգտագործելով՝ առաջիկայում Սերգեյ Լավրովը Ռուբեն Վարդանյանի հեռացումը կփորձի ներկայացնել որպես Մոսկվայի կողմից արված զիջում՝ պահանջելով արդեն զիջում Ադրբեջանից և փորձելով հասնել Բերձորի միջանցքի բացանը։

168 ТV-ի եթերում անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից հեռացնելու դրդապատճառներին՝ նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ ընդգծելով.

«Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ ինքը որևէ ազդեցություն չունի, դրա համար է Վարդանյանը հեռանում, հակառակ պարագայում, եթե Վարդանյանն Արցախում է Ռուսաստանի հետ համաձայնության արդյունքում, ապա նա պետք է մնար»։

 Ըստ Հայրապետյանի՝ աներկբա է, սակայն, որ Ռուբեն Վարդանյանին պաշտոնից հեռացնելուց հետո չեն ավարտվելու Ադրբեջանի պահանջները՝ Սյունիքով միջանցքում, Լաչինի միջանցքում անցակետեր դնելու և այլ պահանջները ևս։

Կարդացեք նաև

«Սակայն հիմա Ադրբեջանը շատ ավելի լավ դիրքերից է հանդես գալիս՝ օգտվելով Հայաստանի իշխանության տեսլականի բացակայությունից, թուլությունից»,- ասաց Հայրապետյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի իշխանությունը հանցավոր անգործությամբ հանձնում է Արցախը, հետո զիջումների է գնալու Սյունիքի հարցում։

«Այն կռիվը, որը տալիս ենք Բերձորի միջանցքում, տալու ենք հետո Մեղրիում, եթե այդ կռիվը Բերձորի միջանցքում չկանգնեցնենք։ Չէ՞ որ կա Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը, ըստ որի, Ադրբեջանը կարող է ագրեսիայով Սյունիքը Հայաստանից կտրել, և հենց այստեղ է, որ հարց է առաջանում՝ լավ, մի՞թե Հայաստանի գործող իշխանությունն այս ռիսկերը հաշվի առել է»,- ասաց Հայրապետյանը։

Մեր զրուցակիցը նաև վստահեցրեց՝ Փաշինյանի իշխանությունը բանակցվող նյութը հանրությունից թաքցնելու միջոցով գնում է Արցախը Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, թեև իրենց նախընտրական և Կառավարության ծրագրերում վստահեցրել ու խոստացել են Արցախի ինքնորոշման իրավունքին տեր կանգնելու, Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին։

Հայրապետյանի խոսքով՝ թաքցնելով բանակցությունների իրական բովանդակությունը, Փաշինյանի իշխանությունը հիմա էլ խոսում է միջազգային երաշխավորության ներքո խաղաղության պայմանագրի կնքման գնալու մասին՝ շատ լավ իմանալով, որ չկա նման երաշխավոր։

«Փլվող աշխարհակարգում երաշխավոր չես կարող գտնել։ Ոչ ոք չի կարող լինել երաշխավոր. Արևմուտքը ևս չի կարող երաշխավոր լինել, որպեսզի Ադրբեջանը չգնա էսկալացիայի, հետևապես՝ այդ ի՞նչ են բանակցում, հարց է։ Դե՛, եթե համարձակություն ունեք, կանգնեք, ասեք՝ ի՞նչ եք բանակցում, ասեք բառ-բառ։ Մի՞թե այնքան ուղեղ չունեք, որ հասկանաք՝ Արցախը հանձնելով՝ կռիվը բերում եք Սյունիք։ Կանգնե՛ք և ասեք, ինչ եք ստորագրում, ասեք, որ Ադրբեջանի սրտի փաստաթուղթը ստորագրելով՝ դուք կլինեք վերջին իշխանությունը»,- ասաց Հայրապետյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս