ԱԺ աշխատակազմը հերթական պարգևավճարն է ստացել՝ նախկին 30-ի փոխարեն՝ 15 տոկոսի չափով
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմին հերթական անգամ պարգևատրել են։
Խորհրդարանի պաշտոնական կայքում տեղադրված կարգադրությունում մասնավորապես նշված է.
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման N 4 հավելվածի «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» 1024 ծրագրի 11001 միջոցառման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով Ազգային ժողովի աշխատակազմի 2023 թվականի համար նախատեսված պարգևատրման գումարը բաշխել Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների միջև յուրաքանչյուր աշխատողի պաշտոնյային դրույքաչափի 15 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:
Հետաքրքիր է, որ այս անգամ, ի տարբերություն նախորդ անգամների, ԱԺ նախագահը որոշել է աշխատակազմին պարգևատրել ոչ թե աշխատավարձի 30 տոկոսի, այլ 15 տոկոսի չափով: Տրամաբանական հարց է առաջանում, թե որն է պարգևավճարի չափն իջեցնելու դրդապատճառը: Բնականաբար, դրա մասին կարգադրությունում որևէ պատճառաբանություն չկա, մեզ մնում է ենթադրել՝ կա՛մ ԱԺ բյուջեում գումարն է պակասել և նման շռայլություն այս անգամ իրենց չեն կարող թույլ տալ, կա՛մ այս անգամ աշխատակազմն այնքան էլ լավ չի աշխատել, ղեկավարությունը գոհ չէ: Հիշեցնենք, որ օրենքով պարգևավճար տրվում է պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին ծառայողական գործունեության գնահատման, հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքների կատարման համար:
Ի դեպ, փետրվարի 3-ին Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել էր ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, Ալեն Սիմոնյանի մտերիմ Վահան Նարիբեկյանը, նրա փոխարեն նշանակվել էր Դավիթ Առաքելյանը: Գուցե ղեկավարի փոփոխությա՞մբ է նաև պայմանավորված պարգևավճարի նվազումը, կամ էլ աշխատանքի գնահատման նո՞ր կարգ է սահմանվել: