14 տարի առաջ կատարած գործարք է. Խաչատուրովն այդ գույքի հետ կապ չունի. Հակոբ Ենոքյան
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:
Հավելենք, որ սա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող գործի շրջանակում է, որը վերաբերում է ՊՆ հաշվեկշռում անշարժ գույքերի օտարմանը:
Գեներալի փաստաբան Հակոբ Ենոքյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ «ըստ էության, նույն գործն է, գործերը միացրել են իրար»:
«Մի քանի գործ է հարուցված, այո, մեղադրանքը փողերի լվացմանն է առնչվում: Բայց կոնկրետ ԱԺ-ում հնչեցված միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի: Այսինքն, այնտեղ պաշտոնական դիրքը օգտագործելով կամ չարաշահելով պատճառած վնասի մասին է խոսքը, ինչ-որ գույքեր օտարելու, այստեղ, ըստ էության, այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է՝ որպես փողերի լվացում: Մոտավորապես 14 տարի և մի քանի օր առաջ տեղի ունեցած իրադարձություն է, տվյալ պարագայում վաղեմության ժամկետը 15 տարի է»,- մանրամասնել է փաստաբանը՝ հավելելով, որ գույքը ձեռք բերելու հետ Գրիգորի Խաչատուրովը որևէ առնչություն չունի, ընդամենը ձեռք բերողի հետ ընկերական հարաբերություններ ունի:
Անդրադառնալով շահարկվող 18 միլիոնին, թե իբր դրվել է գրավ, վարկ է վերցվել, Ենոքյանը պարզաբանեց.
«18 միլիոն վարկային գիծ տրամադրվել է մեկ այլ գույքի գրավադրմամբ: Եթե չեմ սխալվում՝ Վանաձոր քաղաքում Գրիգորի Խաչատուրովին պատկանող գույքը, դա է դրված եղել գրավ և դրանով է վարկային գիծ տրամադրվել՝ 18 միլիոն դրամի: Հետո այս գույքը որպես գրավի լրացուցիչ միջոց՝ պահանջվել է բանկի կողմից: Այսինքն, էնպես չի, որ այս գույքը տվել են, որ այդ վարկը լինի: Գործով ապացուցվող առարկան հենց սա է՝ այդ գույքն անօտարելի՞ էր, թե՞ ոչ: Եթե ենթադրաբար գործարք է կնքվել, որն օրենքի շրջանցմամբ է եղել, դա դեռևս բավարար չէ, որ համարվի՝ փողերի լվացում է եղել: Այսինքն, այնպիսի գործողություններ պիտի տեղի ունենան, որ խեղաթյուրեն ծագման աղբյուրը»:
Ըստ փաստաբանի՝ մեղադրանքն անհիմն է:
Մանրամասները՝ տեսանյութում