Ինքնիշխանությունից բռնի հրաժարվելու կոչերը, գործողությունները կպատժվեն 10-15 տարի ազատազրկմամբ. Փոխնախարար
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց, այնուհետև դրական եզրակացություն ստացավ Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նոր փոփոխություններով, ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Մանրամասնելով նախագիծը, Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանն ասաց, որ ներկայում գործող Քրեական օրենսգրքում քրեական պատասխանատվություն է նախատեսվում սահմանադրական կարգը տապալելու, ներառյալ՝ Սահմանադրության առաջին հոդվածի գործողությունը փաստացի դադարեցնելու և դրան ուղղված բռնի կոչերի համար։
«Գործող Քրեական օրենսգրքով ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների կամ հրապարակային կոչերի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ։ Ներկայացվող նախագծի նպատակն է նախատեսել անմիջականորեն պետության ինքնիշխանության, նաև որպես պետության անվտանգության տարրի պաշտպանությանն ուղղված քրեական, իրավական միջոցներ։ Այս համատեքստում հարկ է կարևորել, որ միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի սահմանափակմանը և այն համարվել է իրավաչափ ու լեգիտիմ»,- նշեց Լևոն Բալյանը։
Ըստ նրա, նախագծի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվում պետության ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։ Դրանք են բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։
«Քրեականացնվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Ինքնիշխանությանն ուղղված գործողությունները պատժվում են ազատազրկմամբ 10-15 տարի ժամկետով, իսկ դրան ուղղված հրապարակային կոչերը՝ տարբեր պատժատեսակներով՝ սկսած տուգանքից մինչև կարճաժամկետ ազատազրկում»,- եզրափակեց Արդարադատության փոխնախարարը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում