
Լիցքավորման ժամանակ գազի բալոնը պայթել է. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 19-ին, ժամը 11.16-ին, ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայի գազի բալոնը պայթել է, ինչի հետևանքով վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ:
Մեկնել են ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային ծառայության կարգախումբը:
Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքի գազալցակայանում, լիցքավորման ժամանակ, պայթել է «ԳԱԶ-31105»-ի գազաբալոնը, ինչի հետևանքով վնասվել է նաև հարևանությամբ կայանված «Մերսեդեսը»:
«ԳԱԶ-31105»-ի 44-ամյա վարորդը, 44-ամյա ուղևորը, «Մերսեդեսի» 26-ամյա վարորդը, ինչպես նաև գազալցակայանի 30-ամյա աշխատակիցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: