
Քասախ գյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երկու քաղաքացի հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 20-ին ժամը 08։45-ին ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի երկհարկանի տներից մեկից լսվել է պայթյունի ձայն։
Ինչպես հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան խոհանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել է տեղի ուժերով. խոհանոցում այրվել է կահույք, մասամբ ջերմահարվել է գույքը, կոտրվել են պատուհանի ապակիները և փլուզվել է տանիքից մոտ 10 քմ հատված։
Տուժածներ Ն․ Գ․-ն (ծնված 1989 թ․) և Հ․ Ս․-ն (ծնված 1983 թ․) հոսպիտալացվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։