Հյուսիսային Կորեան 2 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստ է հրավիրել
Հյուսիսային Կորեան այսօր առավոտյան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։
Հրթիռներն ընկել են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս։ Ըստ նախարարության՝ ինքնաթիռներին և նավերին հասցված վնասի մասին տեղեկություններ չկան:
Kyodo-ն հայտնում է, որ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ԿԺԴՀ-ի վերջին հարձակումների առնչությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ ընդգծելով, որ Տոկիոն սերտորեն կհամագործակցի Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի հետ՝ տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, ըստ նախագահող Մալթայի, տեղի կունենա երկուշաբթի կեսօրին:
Ճապոնիայի կառավարությունը Պեկինում իր դեսպանատան միջոցով բողոք է հայտնել Հյուսիսային Կորեային:
Փհենյանն իր հերթին պետական ԶԼՄ-ների միջոցով հայտնել է հրթիռների արձակման մասին՝ նշելով, որ Կորեայի ժողովրդական բանակը պայմանական թիրախներ է խոցել մեկնարկային կետից 395 կմ և 337 կմ հեռավորության վրա և դրանց ուղղությամբ երկու արկ է արձակել:
Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընի կրտսեր քույր և օգնական Կիմ Յո Չենը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Փհենյանը կարող է հրթիռներ արձակել Խաղաղ օվկիանոս, հնարավոր է՝ Ճապոնիայի վրայով: Եվ դա, ըստ Կիմ Յո Չենի՝ «կախված է ԱՄՆ ուժերի գործողություններից»:
Կիրակի օրը ԱՄՆ-ն ռազմաօդային ուժերի առանձին զորավարժություններ է անցկացրել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ: Փետրվարի 22-ին նախատեսված են Վաշինգտոնի և Սեուլի զորավարժություններն՝ ուղղված միջուկային սպառնալիքների դեմ:
Փետրվարի 18-ին Հյուսիսային Կորեան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որը թռել էր 989 կմ՝ հասնելով 5768,5 կմ առավելագույն բարձրության:
Հարավային Կորեան, ի պատասխան այսօրվա և շաբաթ օրվա հրթիռային արձակման, լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի հետ կապված 4 ֆիզիկական և 5 իրավաբանական անձանց դեմ:
2022 թ.-ին Փհենյանը տարբեր տեսակի հրթիռների՝ ռեկորդային թվով փորձարկումներ է իրականացրել՝ 37, որոնց ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ։