Ռեգիոնում աշխարհաքաղաքական առումով վճռական պահ է․ Գոգոլաշվիլի
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշ մանրամասներ ներկայացրեց ՌԴ ԱԳ նախարարի ներկայացուցիչ Իգոր Խովաևի՝ Երևան ու Բաքու կատարած այցերից։ Զախարովան ասաց, որ Ռուսաստանը շարունակում է աջակցել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։
Զախարովայի խոսքով՝ այդ համատեքստում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը վերջերս «օգտակար» այց կատարեց Երևան և Բաքու:
«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց շահագրգռվածությունն այս հարցում մեր երկրի միջնորդության վերաբերյալ»,- նշել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտնել է, որ այժմ մշակման փուլում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու:
Նա նաև վերահաստատել էր Մոսկվայի պատրաստակամությունը՝ հանդիպում կազմակերպել ԱԳ նախարարների միջև Մոսկվայում։
Մեզ հետ զրույցում վրացի կովկասագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Խովաևի այցը տարածաշրջան, ամենայն հավանականությամբ, անօգուտ է եղել և չի անցել առարկայական, կոնկրետ քննարկումների համատեքստում։
Ըստ նրա, պատճառն այն է, որ Արևմուտքը ներգրավված է պահում կողմերին և բանակցային գործընթացը։ Փորձագետը կարծում է, որ կողմերի համար կան որոշակի բարդություններ նաև Արևմուտքի առաջարկած ձևաչափի կամ փաթեթի հարցում, ինչն ակնհայտ է գործընթացի դանդաղկոտությունից։ Այնուամենայնիվ, ինչպես նշեց Կախա Գոգոլաշվիլին՝ հանգամանքը, որ այն տեղի է ունենում Արևմուտքում, կարծես ներկայումս կասկած չի հարուցում։
«Բացի այդ, Արևմուտքն աշխատում է մի քանի ճակատով․ խոսքը և Եվրոպական միության մասին է, որը բազմաթիվ քայլեր է նախաձեռնում ռեգիոնում, և Միացյալ Նահանգների, մասնավորապես՝ պետքարտուղար Բլինքենի, ով վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ անձամբ ու տևական ժամանակ զբաղվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ բանակցություններով։ Նախկինում մենք հիշում ենք նաև նախաձեռնություններ ԱՄՆ նախկին պետքարտուղարների կողմից, սակայն նման անընդհատ բնույթի ներգրավվածության ականատես քիչ ենք եղել այս մակարդակով Հարավային Կովկասում։ Սա բարձրացնում է գործընթացի խաղադրույքները։
Մյուս կողմից՝ Ուկրաինայով խեղդված Ռուսաստան է, որը, բնականաբար, չունի նույնիսկ այդքան մարդկային ռեսուրս նման բազմակողմանի քաղաքականություն ռեգիոնում տանելու համար, հատկապես, երբ Արևմուտքը համակարգված է աշխատում մեկ ուղղությամբ՝ ունենալով մեկ նպատակ։ Եվ պատահական չէ, որ Մյունխենի համաժողովում կազմակերպվում է քննարկում Հարավային Կովկասի երեք ղեկավարների մասնակցությամբ, ինչը ցույց է տալիս, թե Արևմուտքը ինչպես է դիտարկում այս ռեգիոնը՝ միատարր ու խաղաղ՝ առանց ռուսական վերահսկողության»,- ասաց Գոգոլաշվիլին՝ շարունակելով, որ Ռուսաստանը տևական ժամանակ այս ռեգիոնում խաղացող է եղել, և չի եղել կայուն խաղաղություն, ներկայումս դա փորձում է անել Արևմուտքը և առաջարկներով է հանդես գալիս։
«Կընդունե՞ն սա կողմերը, թե՞ ոչ, իրենց որոշելիքն է, բայց ռեգիոնում աշխարհաքաղաքական առումով վճռական պահ է, Երևանից ու Բաքվից շատ բան է կախված»,- ասաց նա։
Գոգոլաշվիլին կարևորեց նաև Մյունխենում Բլինքենի՝ Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպելու նախաձեռնությունը։
«Անկախ արդյունքներից, որոնց մասին կհայտարարվեն, կարծում եմ՝ բովանդակային առումով հանդիպումը ծանրակշիռ կլինի, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են առաջարկներով։
«Բնականաբար, կքննարկվի, թե ինչն է պակասում կողմերին՝ վերջնականացնել իրենց բանակցությունները»,- ասաց նա։