Սպասում են ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններին ՀՀ մասնակցության վերաբերյալ քաղաքական որոշմանը
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերի «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե պլանավորված էր անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղըզստանում։
«Ղրղըզստանի Հանրապետության տարածքում նախատեսվում է ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն» համատեղ զորավարժության անցկացում, որի ընթացքում կմշակվեն ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման խնդիրները, խաղաղապահ գործողությունները»,- մանրամասնել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը նպատակահարմար չեն համարում, որովհետև դրանք կարող են սպառնալիք ստեղծել Թուրքիա-Ադրբեջան տանդեմին:
Այսինքն, ՀԱՊԿ երկրները զորավարժություններից հետո կհեռանան տարածաշրջանից՝ Հայաստանին միայնակ թողնելով թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ:
«Ո՞րն է ՀԱՊԿ զորավարժությունը չեղարկելու՝ Փաշինյանի տրամաբանության կարմիր գիծը. ՀԱՊԿ-ից «վրեժխնդի՞ր լինել», թե՞ գոհացնել թուրք-ադրբեջանական տանդեմին» վերտառությամբ հոդվածում 168.am-ը հիշեցրել էր, որ 2020-ի հուլիսյան մարտերի օրերին հայ-ռուսական զորավարժություններ անցկացվել են, որոնք, ի դեպ, մտահոգել էին ադրբեջանական կողմին:
Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակցությանը Ղրղըզստանում անցկացվելիք ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություններին, ապա նման դեպքերում պլանավորման գործընթացներ են տեղի ունենում, եթե խոսքը, այսպես ասած, տեխնիկական և ընթացակարգային խնդիրների մասին է, երկրորդ՝ այստեղ քաղաքական բաղադրիչ կա, այսինքն, ՀՀ մասնակցության հարցը նաև քաղաքական է, եթե չասենք՝ այսօր հիմնականում քաղաքական:
Մինչ այս պահը գոնե հրապարակային պաշտոնական վերջնական որոշում այս հարցի վերաբերյալ չկա, հնարավոր է՝ նաև կուլիսներում կամ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ում դեռ չգիտեն՝ քաղաքական ինչ որոշում է կայացվելու:
Եթե ընդունենք Նիկոլ Փաշինյանի պատճառաբանությունը, թե ինչու չեղարկվեցին ՀՀ-ում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությունները, ապա պետք է, որ Ղրղըզստան Հայաստանը զորավարժություններին մասնակցող խումբ ուղարկի: Իսկ եթե կա քաղաքական որոշում ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններն է՛լ ավելի սառեցնելու, ուրեմն՝ ՀՀ-ն չի մասնակցի «Անխախտ եղբայրությանը»:
Առաջիկայում հայտնի կդառնա, թե որ տարբերակն է ընտրել ՀՀ իշխանությունը։