«Քարագլխի գրավումից հետո պարզ էր՝ ինչ է լինելու, ամեն ինչ պարզ երևում էր». Փառուխի գյուղապետ
2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ մի քանի ռազմական գործողություն է կատարել։ Դեռևս նախորդ տարվա մարտին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները հարձակվեցին Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ, Խրամորթ գյուղերի վրա, իրենց վերահսկողության տակ վերցրեցին Քարագլուխ կոչվող ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքը։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս հարձակման թիրախում նաև խաղաղ բնակիչներն էին: Փառուխի բնակիչներն անվտանգությունից ելնելով՝ մինչև օրս գյուղ չեն վերադարձել՝ զրկվելով սեփական տանն ապրելու հնարավորությունից։
Սրանից զատ, ադրբեջանական կողմը կրակում էր նաև դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող խաղաղ բնակիչների վրա, որոշ դեպքերում վնասելով գյուղատնտեսական տեխնիկան, մեկ-երկու դեպքում էլ խաղաղ բնակիչների շրջանում եղել են վիրավորներ։ Այս սադրանքներից հետո 2022 թվականի դեկտեմբերի 12-ից էլ ադրբեջանական կեղծ «բնապահպանները» փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
168.am–ի հետ զրույցում Փառուխի գյուղապետ Վարդան Միքայելյանն ասաց, որ Քարագլխի գրավումից հետո արդեն ակնհայտ էր, թե ինչ գործողությունների է դիմելու թշնամին։
«Ի՞նչ կարող եմ ասել, Քարագլխի գրավումից հետո պարզ էր՝ ինչ է լինելու, ամեն ինչ պարզ երևում էր։ Փառուխի բնակիչներն այսօր ամեն մեկը մի տեղ ապրում են, «յոլա» են գնում, ինչպես մնացած արցախցիները, այնպես էլ իրենք»,- նշեց Վարդան Միքայելյանը։
Թե ինչպե՞ս պետք է լինի փառուխցիների կեցավայրի խնդրի լուծումը, Վարդան Միքայելյանն ասաց, որ պատկան մարմինները ոչ մի բան չեն ասում։
«Ասում էին, որ բնակիչներին պետք է բնակարաններով ապահովեին, բայց մինչև հիմա որևէ բան չի եղել, ձայն չկա, ոչ էլ այդ հարցից խոսող կա։ Այս շրջափակման հարցն էլ, որ կա, այդ հարցը հետին պլան է մղվել, անորոշ վիճակ է»,- շեշտեց Վարդան Միքայելյանը։
Թե ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, Վարդան Միքայելյանը շատ բան չասաց, միայն ընդգծեց, որ լավատես է, հույս ունի, որ իրենց համար մի դրական լուծում կլինի։
«Լավ կլինի, մի լույս կբացվի, ես այդպես եմ մտածում, հուսանք, լավ կլինի»,- եզրափակեց Վարդան Միքայելյանը։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։
Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մի քանի տասնյակ հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։