«Փողն ունի գի՛ն, պարոն Աղազարյան, ձեր ասածի տրամաբանությունը չեմ հասկանում». Գևորգ Պապոյան

«Այս օրենքն ընդունելուց հետո 1 տարվա ընթացքում դրամային հիփոթեքային վարկերը 3 տոկոսով կավելանան, կապրենք՝ կտեսնենք»,- այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին թիմակցի՝ ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գևորգ Պապոյանի առաջարկած օրենքի նախագծին:

Իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանի համոզմամբ, եթե քաղաքացին չունի արտարժութային եկամուտներ, ապա իր ռիսկերը կառավարելու համար պետք է վերցնի միայն դրամային հիփոթեքային վարկ:

«Բանկերն ապրանք են վաճառում՝ փող, այդ փողն ունի մի քանի տարատեսակ՝ դոլար, դրամ և այլն, հիմա, եթե մենք այն մյուսներն արգելում ենք, բնականաբար, իրենք մյուս ապրանքի գինը կբարձրացնեն»,- նման մտահոգություն հայտնեց Հովիկ Աղազարյանը:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանն էլ հակադարձեց թիմակցին՝ ասելով, որ մրցակցություն գոյություն ունի.

Կարդացեք նաև

«Փողը ունի գի՛ն, պարոն Աղազարյան: Դուք ասում եք՝ կբարձրանա՛: 18 բանկ ապրանք են վաճառում, ընդ որում, իրենց մոտ փողի ավելցուկ էլ կա, այսինքն՝ իրենք պատրաստ են ավելի շատ մարդու ֆինանսավորել, դուք ասում եք՝ կբարձրանա, էդ ո՞նց կբարձրանա: Էդ ապրանքն ունի գին, ու էդ ապրանքից շատ կա, էդ ապրանքի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը, ընդհակառակը՝ իջնելու է:

Ավելին ասեմ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը զուգահեռ, բնականաբար, դա էլ է իջնելու: Գնաճին զուգահեռ, երբ Կենտրոնական բանկն իր քաղաքականությունը փոխի, բնականաբար, դա էլ է իջնելու:

Պարոն Աղազարյան, ձեր ասածի տրամաբանությունը չեմ հասկանում: Եթե այդ տրամաբանությունը գործեր, ժամանակի ընթացքում դրամային վարկերի կշիռը 40 տոկոսից 83 տոկոս է բարձրացել, էդ ամբողջ ընթացքում գիտե՞ք ինչ է տեղի ունեցել՝ դրամային վարկերի տոկոսադրույքների կայուն իջեցում»:

Տեսանյութեր

Լրահոս