Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, և մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով. Մադալենա Ֆիշեր

ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամները փետրվարի 9-ին հյուրընկալել են Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերի:

«Արժեւորում ենք հայ-պորտուգալական հարաբերությունները եւ կարծում, որ Ձեր այցը կնպաստի երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը:»,-բարեկամական խմբի անունից ասել է խմբի անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի անդամներ Էմմա Պալյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը:

Կողմերը քննարկել են հայ-պորտուգալական կապերի զարգացման հեռանկարները: Առանձնահատուկ ընդգծվել է խորհրդարանների եւ, մասնավորապես, բարեկամական խմբերի միջեւ սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը:

Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ գործակցության խորացմանն ուղղված նախաձեռնություններին` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային կազմակերպություններում փոխշահավետ եւ արդյունավետ համագործակցությանը: Ընդգծվել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությունը:

Բարեկամական խմբի անդամները բարձրաձայնել են նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին ու անվտանգությանն առնչվող խնդիրներ: ԱԺ պատգամավորները ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում կարեւորել են միջազգային գործընկերների արձագանքը, գործողությունները:

«Հայաստանը մեր բարեկամ երկիրն է, եւ մենք մտահոգված ենք նրա տարածքային ամբողջականության հարցով»,- նշել է դեսպանը եւ կարեւորել տարածաշրջանում կայունությունը եւ անվտանգությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում բարեփոխումների իրականացմանը: Հյուրը պատրաստակամություն է հայտնել ներկայացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման իրենց փորձը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Պորտուգալիան եւս անցել է հեղափոխության ճանապարհով:

Տեսանյութեր

Լրահոս