Ուզում են բարեփոխումներ, ո՞ւր է հայեցակարգը, ինչպե՞ս են պատկերացնում. հարցերը մնացին անպատասխան. ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպումից հետո

Փետրվարի 2-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և ՀՀ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԳԱԱ նախագահության անդամները, ԳԱԱ համակարգի գիտահետազոտական ինստիտուտների տնօրենները։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է ակադեմիական ինստիտուտների բուհերի հետ հնարավոր միավորման հարցին: «Գիտնականի համար էական նշանակություն ունի ակադեմիական այն միջավայրը, որը տասնամյակների ընթացքում ձևավորվել է ԳԱԱ-ում, այստեղ ստեղծվել է գիտական մթնոլորտ, որը նպաստում է գիտությամբ զբաղվելու համար: Կարծում ենք՝ նման պայմաններում, երբ Հայաստանը լուրջ խնդիր ունի բարձրագույն կրթության ոլորտում, ակադեմիական ինստիտուտների միավորումը բուհերի հետ չի կարող նպաստել ո՛չ կրթական, ո՛չ էլ գիտական գործի զարգացմանը»,- ասել է Ռոբերտ Ղազարյանը՝ շեշտելով, որ  ԳԱԱ-ն ազգային արժեք է և որոշակի բարեփոխումներից հետո կարող է էլ ավելի լավ գիտական արդյունքներ ցույց տալ։

«Բուհերին ԳԱԱ ինստիտուտների միավորելու միտումը դիտարկում ենք անհեռանկարային, անկանխատեսելի և չգնահատված ռիսկային գործընթաց, որի հետևանքով կարող ենք զրկվել և՛ ԳԱԱ-ից, և՛ գիտության առաջընթացի հնարավորությունից»,- նշել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Կարդացեք նաև

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանն էլ կարևորել է կրթությունն ու գիտությունը ճիշտ համադրելը՝ առանց կորուստներ ունենալու։ «Գիտական ոլորտում հեղափոխությունը կառուցողական չէ, պետք է էվոլյուցիոն զարգացում լինի, բայց կտրուկ մոտեցումներով, քայլերով և շատ լուրջ հիմնավորված»,- ընդգծել է Արամ Պապոյանը։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանն էլ ասել է, որ պետք է ցանկացած բարեփոխումից առաջ ունենալ հայեցակարգ: «Միայն հայեցակարգի մշակումից հետո կարող ենք փոփոխություններ կատարել։ Քանի դեռ մենք կոպիտ սխալներ չենք գործել, սկսենք իրականացնել այդ աշխատանքները»,- նկատել է Պավել Ավետիսյանը:

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հանդիպումը շատ կարևոր էր, քանի որ, եթե իշխանությունը որևէ բան որոշած լիներ, ապա էլ հանդիպելու և քննարկելու ոչինչ չէր լինի:

«Հիմնականում ԳԱԱ ինստիտուտների կառուցվածքի և կարգավիճակի հարցն էր քննարկվում: Նշվեց, որ մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը չընդունվի, այս հարցը վերջնականորեն լուծված չի լինի: Մեզ համար անցանկալի է, որ Գիտությունների ակադեմիայի կարգավիճակն իջեցվի և ակադեմիական ինստիտուտները մտնեն բուհերի մեջ: Սա առաջին տարբերակն էր, իսկ երկրորդն այն էր, որ Ակադեմիայի փոխհարաբերությունն ավելի մեծանա բուհական համակարգի հետ, փոխկապակցված գործեն: Քննարկվում էր նաև այն հարցը, որ ԳԱԱ-ն նույն կարգավիճակով մնա, ինստիտուտերի որոշակի միավորումներ կատարվեն, այսինքն, կատարվեն ներքին կառուցվածքային փոփոխություններ: Եվ վերջում, կարող  է լինել նաև այնպես, որ  կառուցվածքային առումով ամեն ինչ մնա նույնը, բայց ցուցանիշները բարձրացվեն, այսինքն, պահանջները, որոնք դրված են ինստիտուտների առջև՝ դրանք առավել մեծացնեն: Օրինակ, ինձ համար ամենաընդունելի տարբերակը վերջինն է»,- ասաց Վարդան Դևրիկյանը:

Բուհերին ԳԱԱ ինստիտուտների միավորելուն դեմ է նաև ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը:

«Ոչ մի հզորացում էլ չի լինի միացնելու դեպքում: Ուղղակի պետք է համագործակցությունն ուժեղացնել, որը կա: Այսօր դիմավորեցի ԵՊՀ  բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնից եկած մասնագետին և ուսանողներին, որոնց հետ շրջում էի բաժիններում, ներկայացնում մեր աշխատանքը: Ուսանողները 6 շաբաթ անցկացնելու են մեր ինստիտուտում: Քիչ հետո մեկ այլ խումբ է գալու ԵՊՀ-ից: Մեր ինստիտուտում տարբեր բուհերի մասնագետներ են աշխատում՝ համատեղությամբ: Նույնն էլ մեր ինստիտուտի շատ աշխատակիցների դեպքում է: Ասում են՝ փոփոխություններ են պետք: Իհարկե, դրանք միշտ պետք է լինեն, սակայն, մեր համոզմամբ, դրանք պետք է լինեն բովանդակային, ոչ թե կառուցվածքային, որով  վնաս կտանք գիտությանն ու ԳԱԱ-ին: Բոլորի ելույթներում այս մտահոգությունն էր: Նշվեց նաև, որ եթե ուզում են բարեփոխումներ, ո՞ւր է հայեցակարգը, ինչպե՞ս են պատկերացնում այդ փոփոխությունները: Այդ հարցերը մնացին անպատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Կատվալյանը:

Նրա փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ փոփոխություններ իրականացնելու որոշումը կայացված է, հիմա քննարկում են մեթոդները:

«Ամեն դեպքում  մենք՝ ակադեմիական աշխատողներս, կարծում ենք, որ խնդիրը վերաբերում է գիտական հանրությանը, և պետք է լսեն նրանց ձայնը: Այդ հարցը պետք է լուծվի ԳԱԱ-ի ներսում: Ակադեմիան պետք է որոշի, թե ինչպես է հարմար գտնում կազմակերպել գիտական աշխատանքները: Ընդ որում, ԳԱԱ-ն ազգային արժեք է, պետության սյուն, և այս պայմաններում, երբ տարածաշրջանը եռում է, չգիտես, թե այսօր կամ վաղն ի՞նչ կլինի, կարծում եմ, ժամանակը չէ՝ զբաղվել ԳԱԱ լուծարման խնդիրներով: Մեր համոզմամբ՝ շեշտը պետք է դնել բովանդակային փոփոխությունների, նոր թեմաների իրականացման վրա: Պետությունը պետք է կողմնորոշվի՝ ի՞նչ է ուզում գիտությունից, լինեն լուրջ ուսումնասիրություններ, եզրակացություններ, ապա նոր հանրությանն առաջարկեն այս կամ այն կառուցվածքային փոփոխությունը»,- եզրափակեց ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենը:

Տեսանյութեր

Լրահոս