Ատեստավորումը հաջողությամբ անցած շարքային զինծառայողի աշխատավարձը կարող է կազմել մինչև 422 հազար դրամ
Հայաստանում մեկնարկել է պայմանագրային զինծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։ Ատեստավորումը հաջողությամբ անցած շարքային զինծառայողների աշխատավարձը կարող է կազմել մինչև 422 հազար դրամ։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան որոշման նախագիծը ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ սահմանվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, այդպիսի զինվորական պաշտոններ զբաղեցնող բոլոր կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից կամավոր հիմունքներով ատեստավորման մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները։
Մարտական խնդիրների շրջանակը ներառում է համազորային, հատուկ նշանակության, հետախուզական, հրթիռային, հրետանային, հակաօդային պաշտպանության, ռադիացիոն քիմիական պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, ավիացիոն, անօդաչու թռչող սարքերի, կապի, ինժեներական կամ ռազմատեղեկագրական մասնագիտական գործունեությունը և այդ գործունեության օպերատիվ, տեխնիկական, թիկունքային կամ բժշկական ապահովմանը, մարտական կամ զորահավաքային կամ բարոյահոգեբանական պատրաստության և զինվորական ծառայության կազմակերպմանն ուղղված գործունեությունը»,- ասաց Պապիկյանը։
Ատեստավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված ատեստավորման հինգ կենտրոններում և տաս հանձնաժողովների միջոցով։
«Ատեստավորումը ներառում է զինծառայողների մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստային գնահատումը, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության աստիճանի գործնական գնահատումը։ Թեստային առաջադրանքը բաղկացած է լինելու 50 հարցից, ատեստավորված են լինելու առնվազն 35 հարցին ճիշտ պատասխանած և ֆիզիկական, կրակային ու շարային պատրաստությունից յուրաքանչյուրից առնվազն լավ գնահատական ստացած զինծառայողները»,- նշեց Պապիկյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին հայտարարեց, որ այսպիսով սկսում են զինծառայողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքներով՝ կախված պաշտոնից, կոչումից, հաստիքից, զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելու է։
Պաշտպանության նախարարը հաստատեց, որ շարքային զինծառայողների աշխատավարձը կկրկնապատկվի և մարտական հերթապահության համար վճարվող հավելավճարի հետ կկազմի մինչև 422 հազար դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ընթացքում նշեց, որ ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ ու վստահելի դարձնելու համար ատեստավորման գործընթացում կներգրավվեն նաև կառավարության այլ գերատեսչությունների, կազմակերպությունների ներկայացուցիչները։