Ատեստավորում անցած ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերն առնվազն կկրկնապատկվեն
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» նախագծերին:
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պարզաբանմամբ՝ օրենքների նախագծերի նպատակը Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման համակարգի ներդրումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը.
«Մասնավորապես Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար:
Ընդ որում, նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողները ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի 3 տարին 1 անգամ: Ատեստավորման բացասական արդյունքի դեպքում ծառայողը կրկին ատեստավորում անցնելու համար 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա:
Օրենքի նախագծի համաձայն՝ ատեստավորման ընթացակարգը, հաշվարկվող հավելավճարների չափերն ու վճարման կարգը սահմանվելու են Կառավարության որոշմամբ»:
Փաշինյանը լրացնելով ԱԱԾ տնօրենի ներկայացրած պարզաբանումները՝ ասաց, որ ինչպես բանակում, այնպես էլ ԱԱԾ-ում սկսվում է ատեստավորման գործընթացը, և կառավարության նպատակադրումը նույնն է՝ աշխատավարձերի առնվազն կրկնապատկում: Փաշինյանի խոսքով՝ նման փոփոխություններ կիրականացվեն նաև ոստիկանությունում, փրկարար ծառայությունում, ինչպես նաև ՊՊԾ-ում:
«ՊՊԾ-ի կարգավիճակն առաջիկայում դե յուրե կփոխվի և կդառնա վարչապետին ենթակա մարմին, կամ դառնում է, կամ արդեն դարձել է…»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում