Արևմտյան գործընկերները ռուսական զորքի պատճառով մեզ վրա խեթ էին նայում. Փաշինյանը՝ ԵՄ դիտորդներին հրավիրելու մասին
«Մինչև ԵՄ առաքելությունը, օրինակ, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները՝ ընդդեմ Հայաստանի, բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետը ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանը իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ, թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար»,-Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց.
«Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել՝ որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից: Քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ, արևմտյան մեր գործընկերները արդեն սկսել էին մեզ խեթ նայել, թե՝ դուք, փաստորեն, հիմա, իրականում, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ՝ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձրունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ ռազմական…. Մենք ասացինք՝ շատ լավ: Մենք, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք՝ դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամեն ինչը իրականությանը հապատասխանում է, թե չի համապատասխանում: Սա է կարևոր նյուանսներից մեկը, բայց անկյունաքարային դրույթը նա է, ինչ-որ ասացի իմ պատասխանի առաջին մասում, իսկ աշխարհաքաղաքական ենթատեքստ, բնականաբար, այս ամեն ինչում չկա: Կա կոնկրետ օրակարգ, կոնկրետ հարց, որը մենք փորձում ենք լուծել»: