2-րդ բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են, առաջնային նշանակության այլ զորամասերում համապատասխան աշխատանքներ են տարվում. ՊՆ

Հունվարի 19-ին Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո լայն հանրությունն իմացավ, որ գոյություն ունեն տուն-զորանոցներ: Ավելին, որ Ազատ գյուղում տեղակայված տուն-զորանոցը միակը չէ:

Այս ֆոնին իշխանական շրջանակները հանկարծ սկսեցին խոսել իտալական մոդուլային կացարանների մասին: Իսկ հրդեհի միջադեպից անմիջապես հետո գլխատվեց 2-րդ բանակային կորպուսը, եղան պաշտոնանկություններ հրամանատարի, տեղակալների և այլն:

Այս ամենի համատեքստում 168.am-ը հունվարի 23-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հետևյալ հարցադրումներով.

1. Արդյո՞ք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի «զորամասը» միակն էր՝ տեղակայված գյուղական տանը, իրականում շա՞տ են այդպիսի զորանոցները, ինչպես շրջանառվում է տարբեր տեղեկություններով, արդյո՞ք միայն Գեղարքունիքի մարզում է գյուղական տունը որպես զորանոց ծառայում:

Կարդացեք նաև

2. Իտալական մոդուլային կացարանների տեղակայումից հետո արդյո՞ք ամբողջովին վերանալու են տուն-զորանոցները: Ի դեպ, դրանց մշտական տեղակայման վայրը պատրաստ է լինելու 2023-ի վերջին, այսինքն, առնվազն մեկ տարի զինվորները զինվորական ծառայություն են իրականացնելու ոչ դասական զորանոցային պայմաններում: Ի՞նչ է արվում հրդեհային անվտանգության համապատասխան պայմաններ, միջոցներ ստեղծելու համար, եթե, իհարկե, դա հնարավոր է, քանի որ գյուղական տների դեպքում ազդանշանային համակարգ չի կարող գործել, ըստ էության:

4. Տուն-զորանոցները արդյո՞ք հակառակորդի անմիջական տեսադաշտում չեն, ի՞նչ հեռավորության վրա են գտնվում դրանք, ի վերջո, մենք այս դեպքում գործ ունենք մի ամբողջ մարտական միավորման հետ:

5. Ե՞րբ 2-րդ բանակային կորպուսի թափուր հաստիքները կլրացվեն, քանի որ դրանց երկար թափուր մնալը, հատկապես, երբ հրապարակայնացվել է, անվտանգային լուրջ ռիսկեր և վտանգներ է ստեղծում, թշնամին այդ առիթից կարող է օգտվել:

Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ փետրվարի 6-ին Պաշտպանության նախարարության ուղարկած գրության մեջ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 23.01.2023 թ. հարցման՝ տեղեկացնում ենք, որ զորամասերի և ստորաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ տեղեկությունները հանդիսանում են պետական և ծառայողական գաղտնիք, որի կապակցությամբ դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է:

Զինված ստորաբաժանումների՝ զորանոցային պայմաններում տեղակայումների գործընթացն ընթացքի մեջ է, կատարվում են ամենօրյա աշխատանքներ: Արձանագրված դեպքի շրջանակներում հանձնարարականներ են տրվել և ուժեղացվել է հակահրդեհային կանոնների պահպանման ուղղությամբ «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջների խստիվ պահպանման վերաբերյալ:

Բանակային կորպուսի թափուր զինվորական հաստիքները համալրված են, կադրային աշխատանքներ են տարվում առաջնային նշանակություն ունեցող այլ զորամասերի թափուր հաստիքների համալրման ուղղությամբ»:

Առաջին՝ մենք մեր հարցման մեջ չենք պահանջել հրապարակել զորանոցների հստակ թիվ և վայրեր, ակնկալել ենք այո կամ ոչ պատասխաններ՝ պահպանելով պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենքի պահանջները:

Սակայն, մյուս կողմից, երբ այդ տուն-զորանոցների կողքին ապրում են ընտանիքներ, արդեն իսկ վտանգված է նմանատիպ տեղեկության պահպանումը:

Երկրորդ՝ ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանի առաջարկով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ինքը հրապարակայնացրել էր 2-րդ բանակային կորպուսի գլխատման փաստը՝ պաշտոն առ պաշտոն:

Ավելին, մեր հարցման մեջ ներառված 4-րդ հարցում նկատի էինք ունեցել այն պաշտոնները, որոնք հրապարակայնացրել էր պաշտպանության նախարարը, իսկ ՊՆ-ն իր պատասխանում կամա թե ակամա տեղեկություն է տվել, որ առաջնային նշանակություն ունեցող այլ զորամասերում ևս թափուր հաստիքների խնդիր կա, որոնց համալրման ուղղությամբ աշխատանքներ են տանում:

Ի դեպ, պետական գաղտնիքի պահպանման համատեքստում հիշեցնենք, որ 2022-ի մարտի 31-ին ՊՆ պատասխանատուները ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներին ուղեկցել են ՀՀ ՊՆ N ավիաբազա, այնուհետ ՊՆ-ն լուսանկարներ էր հրապարակել՝ ցույց տալով ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռների տեղակայման վայրը, ռազմական անգարը:

Մինչդեռ այդ ժամանակ գործող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը սահմանում էր, թե որ տեղեկությունները կարող են դասվել պետական և ծառայողական գաղտնիքի շարքին:

Ռազմական բնագավառին առնչվող պետական և ծառայողական գաղտնիք է համարվում հատուկ կարևորության և ռեժիմային օբյեկտների տեղաբաշխման, նշանակության, պաշտպանվածության ու պատրաստականության աստիճանի մասին տեղեկությունը, ինչպես նաև՝ ՀՀ տարածքում դաշնակից պետությունների և ՀՀ զինված ուժերի միավորումներին ու զորամասերի տեղաբաշխմանը, իսկական անվանումներին, կազմակերպչական կառուցվածքին, զինվածությանը և թվաքանակին վերաբերողները:

Դեռ չենք խոսում այն դեպքերի մասին, երբ Նիկոլ Փաշինյանի համախոհները, առանց ՊՆ գիտության, գնում են դիրքեր և լուսանկարում:

Այս դեպքերին առանձին կանդրադառնանք:

Տեսանյութեր

Լրահոս