Հայաստանն Ալմա Աթայի հռչակագիրը վավերացրել է վերապահումներով

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև  ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։

Նախ՝ հիշեցնենք, որ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում Բելառուսի Հանրապետությունը, Ռուսաստանի Ֆեդերացիան (ՌԽՖՍՀ) և Ուկրաինան Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր էին ստորագրել, որով փաստացիորեն դադարեցվում էր ԽՍՀՄ-ի գոյությունը, փոխարենը՝ ստեղծվում էր Անկախ պետությունների համագործակցություն կազմավորումը։ Հայաստանի Հանրապետությունը ԱՊՀ-ին միացել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին՝ այն ժամանակ Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում ընդունված հռչակագիրը ստորագրելով։ Այդ ժամանակ հռչակագիրը ստորագրել էին  նաև Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը: Ադրբեջանը՝ նախագահ Մութալիբովի ստորագրությամբ, հռչակագրին միացել է 1993 թվականի սեպտեմբերի 24-ին, բայց երկրի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, ոչ միայն չի վավերացրել հռչակագիրը, այլև չեղարկել է արդեն նախկին նախագահի ստորագրությունը: 1993 թվականին էլ Հեյդար Ալիևը ստորագրել է ոչ թե ԱՊՀ հռչակագիրը, այլ  կանոնադրությունը։ Այսինքն՝ Ադրբեջանը 1993 թվականին է միացել:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանը՝ Գերագույն խորհուրդը,  1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրած հռչակագիրը վերապահումներով վավերացրել է 1992 թվականի փետրվարի 18-ին:

Կարդացեք նաև

Վավերացրած փաստաթղթի 10-րդ կետում նշված է.

«Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով»:

Ի դեպ, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին անցկացված համահանրապետական հանրաքվեով հռչակվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Լուսանկարները` Sputnik-ի արխիվից

Տեսանյութեր

Լրահոս