Շուրջ 30 տարի առաջ այս օրը ազատագրվեցին Մարտակերտի Չլդրան, Պողոսագոմեր, Կոճողոտ գյուղերը
Շուրջ 30 տարի առաջ՝ 1993 թվականի փետրվարի 5-ին, հայկական զինուժն ազատագրվեց մոտ կես տարի գերության մեջ գտնվող Չլդրան, Պողոսագոմեր, Կոճողոտ գյուղերը:
Ըստ ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության օպերատիվ պլանի՝ Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներն ազատագրելու նպատակով հարձակումը պետք է իրականացվեր Վաղուհաս-Զագլիկ-Թալիշ, Չլդրան-Դրմբոն-Կուսապատ – Մարտակերտ եւ Սրխավենդ – Բաշ Գյունափայա – Մանիքլու – Ջանյաթաղ-Գյուլաթաղ-Մարտակերտ ուղղություններով: Այս ռազմագործողությունն իրականացնելու խնդիրը հանձնարարվեց Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումներին, 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի զինուժին եւ կամավորական ջոկատներին:
Հարձակումը սկսվեց 1993 թվականի փետրվարի 5-ին: Մի քանի օրվա ընթացքում կոտրելով թշնամու դիմադրությունը, հայկական ուժերն ազատագրեցին Կիչան, Չլդրան գյուղերը և դուրս եկան Մարտակերտ-Քելբաջար մայրուղու Դրմբոն հատված:
Սրխավենդ – Բաշ և Օրթա Գյունեփայա – Մանիքլու – Ջանյաթաղ ուղղությամբ գործող 3-րդ եւ 4-րդ պաշտպանական շրջանների զինուժի մի մասը և 54-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի ստորաբաժանումները, համագործակցելով իրենց ձախ թևում գործող Կենտրոնական պաշտպանական շրջանի զորամասերի հետ, փետրվարի 6-ին մտան Սրխավենդ գյուղ և, կրնկակոխ հետապնդելով խուճապի մեջ հայտնված հակառակորդի զինուժին, ազատագրեցին Բաշ Գյունափայա բնակավայրը:
Փետրվարի երկրորդ կեսին ուժերին հաջողվեց ազատագրել Դրմբոն, Վաղուհաս, Չափար, Զարդախաչ, Հաթերք գյուղերը եւ լրիվությամբ վերահսկողության տակ առնել Մարտակերտ-Քելբաջար մայրուղին:
ԼՂՀ Ինքնապաշտպանական ուժերի ձմեռային այս ռազմագործողությունների շնորհիվ Չլդրանի, Պողոսագոմերի, Կոճողոտի և մյուս գյուղերի ազատագրումը, հող նախապատրաստեց գարնանային լայնածավալ հակահարձակման արդյունքում ամբողջապես ազատագրելու Մարտակերտի շրջանը: