Քաղցկեղը դատավճիռ չէ, ժամանակն է՝ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա. նախարար
Քաղցկեղը դատավճիռ չէ. ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին իրականություն դառնա: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսի շրջանակներում։
Նախարարը վստահեցրել է՝ արվում է ամեն բան, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած որևէ երկրից։
Նախարարի խոսքով՝ 2023 թվականին ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո հնարավոր կլինի ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն։
«Քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնա ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ ներկա պահին էլ Հայաստանում անվճար է չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունը, բայց մի շարք հետազոտությունների, քիմիաթերապևտիկ դեղերի, բարորակ նորագոյացությունների վիրահատության համար դեռևս վճարում է պացիենտը։
Ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսի բացմանը Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրել է ոլորտի վերջին ձեռքբերումները, խոսել ճառագայթային ուռուցքաբանության մեծ առաջընթացից ու էնդոսկոպիկ վիրահատությունների հաջողություններից։
Մանուկյանը շեշտել է, որ Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներում առաջարկվող բուժումից ու հավելել, որ շատ մոտ ապագայում այլևս չի ասվելու «համարյա»։
Հայկական ուռուցքաբանության ամենամյա կոնգրեսին ներկա գտնվելու համար Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իրանից, Եվրոպական երկրներից Հայաստան ժամանած անվանի ուռուցքաբանները հայ բժիշկների հետ երկու օր մասնակցելու են գիտական քննարկումների, անցկացվելու են վարպետության դասեր։