Պատժվե՞ց, թե՞ ոչ քաղաքական գործունեությամբ զբաղվող Կապանի նոտարը. գաղտնիք է

2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ Կապանի նոտար Օքսաննա Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում ակտիվորեն տարածում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ իր եղբոր ու այլ թեկնածուների նախընտրական պաստառները, մի բան, որ նոտարին կատեգորիկ արգելված է օրենքով:

Օքսաննա Դավթյանը, անտեսելով իր կարգավիճակից բխող արգելքը, ակտիվորեն իր ֆեյսբուքյան էջով փաստացի քաղաքական քարոզ է արել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օգտին:

Կարդացեք նաև

Նոտարական էթիկայի կանոնների 3.7 կետն ասում է, որ նոտարը պարտավոր է խուսափել քաղաքական կուսակցություններում և միավորումներում անձնական մասնակցությունից, քաղաքական գործունեության մեջ ներքաշվելուց, որոնք թույլ չեն տա նոտարին պահպանել անկողմնակալությունը, օբյեկտիվությունն ու անկախությունը:

Նոտարի էթիկայի կանոնների այս խախտումը դեռևս 2021թ. հոկտեմբերի 28-ին արձանագրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

168.am-ը այդ ահազանգից 1 տարի 3 ամիս, իսկ նոտար Օքսաննա Դավթյանի կողմից կարգապահական խախտում կատարելուց 1 տարի 9 ամիս անց Նոտարական պալատից ցանկացավ պարզել՝ ի վերջո, ի՞նչ ընթացք տվեց Պալատը նոտար Օքսաննա Դավթյանի կողմից քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ ահազանգին:

Մասնավորապես Նոտարական պալատից ցանկացել էինք իմանալ՝ արդյո՞ք կարգապահական վարույթ հարուցվել է Օքսաննա Դավթյանի նկատմամբ, և եթե հարուցվել է, կարգապահական պատասխանատվության ի՞նչ տեսակ է ընտրվել վերջինիս համար:

Նոտարիատից հրաժարվել էին պատասխանել մեր հարցին՝ հղում կատարելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 12-րդ կետին, ըստ որի՝

«Վարույթ հարուցող անձը, վարույթին մասնակցած վկաները և այլ անձինք պարտավոր են պահպանել կարգապահական վարույթի գաղտնիությունը»:

Նաև հավելել էին, որ ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Նոտարական պալատը իրավասու չէ տրամադրել գաղտնի տեղեկություն:

Մենք, իհարկե, չէինք հարցրել վարույթի ընթացքի մասին, այլ արդյունքների, բայց փաստորեն Պալատը, իսկ ավելի ճիշտ՝ օրենքի այն դրույթը, որին հղում էին կատարել Նոտարիատում, հրաժարվում է նաև այդ տեղեկությունը տրամադրել:

Տարօրինակ է, որ վարույթի ընթացքում գաղտնիության պահպանումը տարածվում է նաև վարույթի արդյունքներով կայացված որոշման վրա: Համեմատության համար նշենք, որ մենք ականատես ենք լինում բազմաթիվ դռնփակ դատական նիստերի, որոնց արդյունքում կայացված վճիռներն ամեն դեպքում հրապարակային են:

Բացի դրանից, եթե չի հրապարակվում կարգապահական պատասխանատվության ենթարկված նոտարի վերաբերյալ վարույթի արդյունքները, քաղաքացին ինչպե՞ս կարող է իմանալ, օրինակ՝ վստահի՞ կոնկրետ նոտարին, թե՞ ոչ: Ստացվում է՝ պետությունը քաղաքացու նկատմամբ պարտավորությունից խուսափում է, որովհետև քաղաքացին իրավունք ունի ընտրել՝ իր գործարքը կատարի անբասիր աշխատանքային կենսագրություն ունեցո՞ղ, թե՞, ասենք, 3 կարգապահական վարույթներով անցած նոտարի միջոցով: Իսկ պրակտիկայում մենք հաճախ ենք բախվում այնպիսի դատական վեճերի հետ, որոնք արդյունք են, օրինակ, նոտարի կատարած ոչ իրավաչափ գործողությունների:

Ավելի պարզ ասենք՝ ենթադրենք՝ քաղաքացին որևէ նոտարի մոտ ժառանգության հետ կապված գործարք է ուզում կատարել, նա կդիմի՞ այնպիսի նոտարի օգնությանը, ով, օրինակ, նույն ժառանգության վերաբերյալ գործարքների արդյունքում թույլ տված սխալների համար արժանացել է նվազագույնը նկատողության:

Նոտարիատի այս որոշումը թերևս կարող է պայմանավորվել միայն այն հանգամանքով, որ վարույթ հարուցող ու քննող մարմինն իրենք են, բայց դա չի չեղարկում վերը բարձրացրած հարցերի կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս