Գաղտնի է. Ո՞վ է վճարում կիրանցեցիներին և որտեղի՞ց
Փաշինյան-Ալիև պայմանավորվածության հետևանքով Տավուշի մարզի անվտանգության գոտին հանձնվեց Ադրբեջանին։ 30 և ավելի տարիներ հայկական պահվող դիրքերն Ադրբեջանին հանձնելուց հետո հայկական կողմը դրա դիմաց չստացավ ոչինչ, ինչից հետո Կառավարությունը Կիրանցում իրենց տունն ու տեղն Ադրբեջանին հանձնած քաղաքացիներին հորդորեց գրել դիմումներ և Կառավարությունից ստանալ փոխհատուցում՝ թշնամուն անցած հողի, անշարժ և շարժական գույքի դիմաց։
Կառավարությունը կիրանցեցիներին պարտավորեցրեց լրացնել մի ձևաթուղթ, որով Կիրանցի բնակիչները փողի դիմաց պետք է պարտավորվեին հրաժարվել բոլոր տեսակի գույքային և ոչ գույքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ։
Ըստ այդ նույն ձևաթղթի՝ Կիրանցի բնակիչներն իրենց հաշվեհամարներին գումարը ստանալուց հետո պարտավորվում են դիմել Տավուշի մարզպետի աշխատակազմին և Կադաստրի պետական կոմիտեին՝ 30 տարի իրենց պատկանող գույքի նկատմամբ իրավունքի դադարեցման պետական գրանցում կատարելու համար՝ հանուն ստացած փոխհատուցման։
Ուշագրավն այստեղ այն է, որ Կառավարությունը հստակ փոխհատուցման մեխանիզմ չունի. չկա հստակ թիվ, թե ամեն կորցրած քառակուսի մետրի դիմաց որքան գումար է վճարվելու, ով է վճարողը և որտեղից։
Որտեղից է Հայաստանի Կառավարությունը կիրանցեցիներին հատկացնում գումար, ինչ սկզբունքով. Կառավարությունից փորձել է պարզել Ազգայի ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պահանջելով ներկայացնել մանրամասներ կիրանցեցիներին գումար հատկացնելու վերաբերյալ Կառավարության որոշումից։
Ի պատասխան պատգամավորի հարցադրումների՝ Կառավարությունից նշել են, որ Կառավարության համապատասխան որոշումը պարունակում է գաղտնի տեղեկություններ և ունի գաղտնիության դրոշմագիր։
Կիրանցեցիներին տրված ձևաթղթի օրինակը՝ ստորև