Բաժիններ՝

Բախտագուշակի դիմելու մեղադրանքների պատճառով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայց է ներկայացրել դատարան

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը զրպարտության մեղադրանք է ներկայացրել Պաշտպանության նախարարության նախկին խոսնակի դեմ: Պատճառը նրա կողմից արված հայտարարությունն է, թե իբր երկրի ղեկավար Յուն Սոկ Յոլի նախագահական գրասենյակի նոր վայրի ընտրության որոշման վրա ազդել է բախտագուշակը:

Լրատվամիջոցը նշում է, որ ըստ ընդդիմության կասկածների՝ Հարավային Կորեայի նախագահը կապեր ունի բախտագուշակի հետ:

Նախագահի գրասենյակը զրպարտության համար մեղադրանք է ներկայացրել նաև News Tomato և Hankook Ilbo պարբերականների երկու լրագրողների դեմ, որոնք առանց փաստերը ստուգելու գրել են նախագահի կողմից բախտագուշակին դիմելու մասին:

Զրպարտությունը Հարավային Կորեայում քրեական հանցագործություն է: Լրատվամիջոցը նշում է, որ անցյալ տարվա մայիսին Յուն Սոկ Յոլի պաշտոնավարման մեկնարկից ի վեր նախագահական գրասենյակն առաջին անգամ է քրեական գործ հարուցում լրագրողի դեմ:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊՆ նախկին խոսնակ Բու Սեն Չանը գիրք էր հրատարակել՝ պնդելով, թե գուշակը, որը հայտնի է Չեոնգոն անունով, ներգրավված է եղել քննարկումներում, երբ Յուն Սոկ Յոլը մարտին դիտարկում էր իր նախագահական նստավայրի և գրասենյակի վայրերը:

Հարավային Կորեայի նախագահի գրասենյակն այս պնդումներն անվանել է «անհիմն ասեկոսեներ»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Յուն Սոկ Յոլը խոստացել էր հարավկորեական նախկին ղեկավարների նստավայրը՝ Երկնագույն տունը (Չհոն Վա Դե), «վերադարձնել հանրությանը»: Այժմ Երկնագույն տունը բացվել է հանրության առաջ, իսկ նախագահական նստավայրը տեղափոխվել է Յոնսան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս