Բացել են տերմինալի դուռը և գողացել 260.000 դրամ
Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար:
Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: