Հայկազ Ջոմարդյանն ասել է, որ «Եռաբլուրում» զոհվածների ծնողներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել. մանրամասներ առերեսումից

ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով առ այսօր որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել. դեպքից 4 ամսից անց դեռ առերեսումներ են կատարվում:

Հիշեցնենք, որ ծնողների հետ նախ առերեսվել են նրանց բռնի ուժով բերման ենթարկած ոստիկաններից 4-ը, որոնք, ինչպես ծնողներն են նշում, տարբեր ցուցմունքներ են տվել՝ իրար հակասող:

Հունվարի 26-ին Քննչական կոմիտեում առերեսում տեղի ունեցավ զոհվածների ծնողների և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ գնդապետ Արթուր Խուդինյանի միջև, որի ժամանակ, ինչպես ծնողներն են նշում՝ ոստիկանության գնդապետն ասել է, որ ծնողներին պանթեոնի տարածքն ազատելու օրինական պահանջ չի ներկայացվել։ 

Ինչ վերաբերում է զոհվածների ծնողներին բերման ենթարկելուն, ապա սպան չի նշել, թե ո՞վ է նման հրաման տվել:

Կարդացեք նաև

Հաջորդ պաշտոնյան, որ ծնողների հետ 2 օր առաջ առերեսվել է, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի (կարմիր բերետավորներ) հրամանատար Հայկազ Ջոմարդյանն է:

168.am-ի տեղեկություններով, Ջոմարդյանն առերեսման ժամանակ ասել է, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանն ինքն է տվել:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց զոհված զինծառայողների ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը:

«Այո՛, տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Վերջին առերեսումը եղել է գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանի հետ: Շատ փակագծեր չեմ կարող բացել, որովհետև մենք դրա հետ կապված որոշակի մարտավարական գործողություններ ունենք անելու, չեմ ուզում այս պահին դրանք բացահայտել: Ամեն դեպքում իր ցուցմունքն էական հակասությունների մեջ էր Երևան քաղաքի փոխոստիկանապետ Արթուր Խուդինյանի ցուցմունքի հետ, սկսած հրամանը ստանալու պահից, իրագործման իրավաչափության պահից, վերջացրած դետալներով»:

Վահան Հովհաննիսյանը 2 օր առաջ՝ Հայկազ Ջոմարդյանի հետ առերեսման օրը, Քննչական կոմիտեում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ դա վերջին առերեսումն է, որին ծնողները մասնակցելու են՝ նշելով, որ այդ դիրքորոշումը բխում է առերեսումների բովանդակությունից:

Մեզ հետ զրույցում փաստաբանը հավելեց.

«Առերեսման նպատակը ցուցմունքներում առկա հակասությունների պարզումն է: Տեսեք, ծնողներից մի քանիսը, երբ սկզբում առերեսվեցին մի քանի ոստիկանների հետ, պարզ դարձավ, որ ծնողների և իրենց ցուցմունքներում հակասություններ չկան, այսինքն՝ ծնողները պնդում են, որ իրենց օրինական պահանջ չի ներկայացվել, և բերման ենթարկելը եղել է ոչ իրավաչափ:

Ոստիկաններն իրենց հերթին՝ իրենց ցուցմունքներում չէին նշում, որ օրինական պահանջ ներկայացվել է ծնողներին, անգամ ընդունում էին, որ բերման ենթարկելու հանգամանքները ոչ իրավաչափ են եղել: Նման պայմաններում արդեն հակասություններ կան ո՛չ թե ծնողների միջև, այլ հե՛նց իրենց միջև, քանի որ ոստիկաններից մեկը բերման ենթարկելու այլ կարգ էր ներկայացնում, մեկն ասում էր՝ պահանջ ներկայացվել է, մյուսն ասում էր՝ չի ներկայացվել, մեկն ասում էր՝ բարձրաձայն է ներկայացվել, մյուսն ասում էր՝ ոչ բարձրաձայն, մեկը՝ ժամանակ տրվել է, մյուսը՝ չի տրվել, և այսպես շարունակ, բազմաթիվ դետալների առումով հակասություններ կային:

Հետևաբար, մենք խնդրել ենք, որ նախևառաջ առերեսումները կատարվեն իրենց միջև, այդ հակասությունները պարզվեն, ձեռք բերվի միասնական դիրքորոշում, թե ի վերջո այդ մարդիկ ինչի՞ համար էին գնացել Եռաբլուր, ո՞րն էր իրենց նպատակը, որից հետո նոր հնարավոր կլինի մեզ հետ առերեսումներ կատարել, այլապես նախաքննությունը կտևի տարիներ, որովհետև 37 ծնողի առերեսել 50-60 ոստիկանի հետ, դա կազմում է 1500 առերեսում, հետևաբար՝ այդ նախաքննությունը չի վերջանա, կտևի տասնամյակներ շարունակ, հետևաբար՝ իրենց քննության ուղղությունը սխալ է ընտրված: Պետք է ոստիկանների միջև առկա հակասությունները պարզեն, նոր անցնեն մեր հարցաքննություններին»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։

Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։

Ուշագրավ է, որ ոստիկանության բարձրաստիճան սպան Քննչական կոմիտեում ծնողների հետ առերեսման ժամանակ հերքել է տեղեկությունը, թե ծնողներին «Եռաբլուրը» ազատելու հրաման է եղել, մինչդեռ տասնյակ ծնողներ վարչական պատասխանատվության են ենթարկվել՝ ոստիկանի պահանջը չկատարելու համար։

Այսինքն՝ ստացվում է, որ ոստիկանը ծնողներին տարածքը ազատելու պահանջ է ներկայացրել սեփական նախաձեռնությա՞մբ, առանց վերադասի հրաման ունենալո՞ւ:

Տեսանյութեր

Լրահոս