Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ-ում նախորդ տարի գնել են ավելի քան 1900 անշարժ գույք. ինչ գներ են վարձակալության շուկայում
Հայաստանում նախորդ տարի անշարժ գույքի շուկայում ակտիվություն է նկատվել, իրականացված գործարքների թիվն աճել է, առուվաճառքի 52 հազարից ավելի գործարքներից ավելի քան 4900-ի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիներ, ընդ որում` օտարերկրյա քաղաքացիներից ամենաշատ անշարժ գույք ձեռք բերել են ռուսաստանցիները:
Նախորդ տարի աննախադեպ ակտիվություն է նկատվել վարձակալության շուկայում, Երևանում, օրինակ, վարձակալության գործարքներն ավելացել են մոտ 10 տոկոսով, անշարժ գույքի գործակալությունում արձանագրել են բնակարանների վարձակալության գների մոտ 100 տոկոս աճ, ինչը, սակայն, վերջին 2 ամսում որոշակիորեն նվազել է, օտարերկրյա վարձակալների մի մասը հեռացել է, բնակարաններն ազատվում են:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալներից՝ 2022 թվականից հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 204 հազար 910 գործարք, ինչը 2021-ի 201 հազար 563 գործարքի համեմատ աճել է 1.7 տոկոսով:
2022 թվականին իրականացվել է առուվաճառքի 52 հազար 928 գործարք, ինչը 5.6 տոկոսով նվազել է 2021-ին գրանցված 56 հազար 44 գործարքի նկատմամբ: Թեև առուվաճառքի գործարքներն ընդհանուր առմամբ նվազել են, սակայն բնակարանների առուվաճառքի գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 3 տոկոսով՝ կազմելով 17 հազար 84: 4936 առուվաճառքի գործարքի կողմ են հանդիսացել օտարերկրյա քաղաքացիները, որը կազմել է առուվաճառքի գործարքների 9.3 տոկոսը:
2022 թվականին օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում գնել են 1950 միավոր անշարժ գույք՝ 22.9 տոկոսով ավել 2021-ի համեմատ և վաճառել են 3173 միավոր անշարժ գույք՝ 0.6 տոկոսով ավել 2021-ի համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները 2022-ին Հայաստանում գնել են 991 բնակարան, ինչը 36.9 տոկոսով ավել է 2021-ին գնած բնակարանների համեմատ: Օտարերկրյա քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 330 բնակելի տուն, 369 հող, 25 արտադրական նշանակության շինություն, 82 հասարակական նշանակության շինություն, 153 ավտոտնակ: Այս բոլոր գործարքներում աճ է նկատվել 2021-ի համեմատ:
Ընդ որում, օտարերկրյա քաղաքացիներից Հայաստանում ամենաշատը անշարժ գույք են ձեռք բերել և վաճառել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները: Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում 2022-ին գնել են 1207 անշարժ գույք, ինչը 2021-ի համեմատ ավելացել է 44.9 տոկոսով, իսկ վաճառել են 2380 անշարժ գույք, ինչը 7 տոկոսով ավելի քիչ է, քան 2021-ի վաճառվածները: Այնուհետև ամենաշատ թվով գործարքներ կատարել են ԱՄՆ քաղաքացիները, գնել են 240 անշարժ գույք, վաճառել՝ 274-ը, Իրանի քաղաքացիները նախորդ տարի Հայաստանում գնել են 84 անշարժ գույք, վաճառել 67-ը:
Իսկ ինչ վերաբերում է վարձակալություններին, ապա նախորդ տարի Հայաստանում գրանցվել է վարձակալության 10 հազար 638 գործարք, ինչը 2021-ի 11 հազար 432 գործարքի համեմատ նվազել է 6.9 տոկոսով: Սակայն բնակարանների վարձակալության գործարքները՝ 1761, նախորդ տարվա համեմատ ավելացել են 3.9 տոկոսով, ավելացել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինությունների վարձակալության գործարքները՝ կազմելով համապատասխանաբար 950 և 4736: Սակայն, օրինակ, Երևան քաղաքում վարձակալության գործարքները 2021-ի համեմատ ավելացել են 9.7 տոկոսով՝ կազմելով 5957:
«Կենտրոն» անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ վերջին տարիներին անշարժ գույքի շուկան բավականին ակտիվ է: Սակայն նախորդ տարի, ռուս-ուկրաինական իրավիճակով պայմանավորված, երկու փուլով Հայաստանում Ռուսաստանից մեծ հոսք է նկատվել ու վարձակալության գործարքների մեծ ակտիվություն, և, հետևաբար, վաճառքի ու վարձակալության գների բարձրացում: Նախորդ տարեսկզբին, չնայած վատատեսական սպասումներին, մեծ քանակությամբ հաճախորդներ են եղել:
«Մենք վատատեսական սցենարի էինք պատրաստվում, բայց, այնուամենայնիվ, ՌԴ-ի վրա դրված սահմանափակումների հետևանքով մեծ քանակությամբ մարդկանց ներհոսք սկսվեց, ավելի շատ ՏՏ ոլորտի ընկերություններից էին գալիս, զանգում, դիմում: Սկսեցին տեղափոխել բիզնեսները՝ աշխատակիցների հետ միասին»,-ասաց գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը:
Դրանք հիմնականում ընկերություններ են, որոնց աշխատանքը Եվրոպայի, Ամերիկայի հետ է: Վարձակալությամբ տրվեցին բավականին մեծ քանակությամբ կոմերցիոն տարածքներ և բնակարաններ: «Եթե, օրինակ, 50 հոգանոց ընկերությունը տեղափոխվում էր Հայաստան, վարձում էին մի մեծ գրասենյակ ու մոտ 50 աշխատակցի համար՝ 50 բնակարան: Վարձակալում էին առնվազն 1 տարի ժամկետով»,-ասաց Դանիելյանը՝ հավելելով, որ արդյունքում բնակարանների վարձակալության գները բարձրացան մոտ 100 տոկոսով:
Եղել են դեպքեր, երբ տան տերը ցանկացել է բնակարանի վարձակալության գինը կտրուկ բարձրացնել: Գործակալությունը ևս շատ դեպքերում փորձել է հիշեցնել, որ պայմանագրային պարտավորություններ ունեն և իրավունք չունեն գինը բարձրացնել: Մարդիկ են եղել, որոնք ընդունել են, դեպքեր են եղել, երբ խզել են պայմանագիրը, որ բնակարանն ավելի թանկ գնով վարձով տան:
Գործակալության տնօրենի խոսքով՝ Հայաստան հոսքի և վարձակալության գործարքների ակտիվության երկրորդ ալիքը սկսվել է սեպտեմբերին, երբ Ռուսաստանում զորակոչ հայտարարվեց: Սակայն, եթե մինչև սեպտեմբեր ամիսը Հայաստան գալիս էին 80 տոկոս դեպքերում բիզնես գործունեության համար, վարձակալում էին կոմերցիոն տարածքներ, ապա սեպտեմբերից եկել են ավելի շատ ոչ թե ընկերություններ, այլ ֆիզիկական անձինք, անհատներ: Անշարժ գույքի գործակալությունում նկատել են՝ նրանք հիմնականում բնակարաններ վարձել են 3-6 ամիս ժամկետով, առավել հաճախ՝ 3 ամսով: Սակայն նույն ժամանակահատվածում ռուս գնորդներ շատ չեն եղել, ավելի շատ բնակարաններ են գնել Ռուսաստանի հայերը:
«Նախորդ տարի ռուս գնորդներ թեև քիչ, սակայն եղել են: Նախորդ տարիներին Ռուսաստանից ազգությամբ հայ գնորդներ եղել են, սակայն ռուս գնորդներ գրեթե չեն եղել: Այսինքն՝ 2022 թվականը աննախադեպ էր, նման տարի չէինք ունեցել»,-ասաց Դանիելյանը:
Վարձակալության գների բարձրացումն իր ազդեցությունն է ունեցել վաճառքի գների բարձրացման վրա նույնպես: Վահե Դանիելյանը նկատել է, որ 2022-ի ընթացքում մոտ 50 տոկոսով աճել են անշարժ գույքի վաճառքի գները: Իսկ թե ինչով է դա պայմանավորված, բացատրում է մի քանի գործոնով. «Մեր տեղացի սեփականատերերի մի մասն ուղղակի վաճառքից հանեց իր գույքը, քանի որ կարող էր բարձր գնով վարձակալությամբ տալ: Բացի այդ, պահանջարկը մեծացավ, մարդիկ տեսան, որ կարող են բնակարան ձեռք բերել ու շատ լավ գնով վարձով տալ, որի եկամուտը կծածկի հիփոթեքի տոկոսները: Այսինքն՝ պահանջարկը մեծացավ, առաջարկը նվազեց, որն էլ տրամաբանորեն բերեց գների աճին»:
Իսկ ինչ վերաբերում է ներկա իրավիճակին՝ գործակալության տնօրենն ասաց, որ բնակարանների վաճառքի համար 2022-ի ընթացքում բարձրացած գները պահպանվում են: Նույնը, սակայն, չի կարելի ասել վարձակալության մասին: «Վարձակալության շուկան արդեն 1-2 ամիս է, նվազում է: Եթե այս տեմպը շարունակվի, գները կհավասարվեն այն մակարդակին, որը եղել է մինչև 2022 թվականի սկիզբը»,-ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերից հետո եկած խմբի մեծ մասը հետ է գնացել, բնակարանները ազատվում են:
Դանիելյանը նաև միջին թվեր ներկայացրեց: Փոքր կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության գինը հիմա սկսվում է 300 հազար դրամից: Ընդ որում, սա արդեն իջած գինն է, 2022-ի ընթացքում այն հասել է 400-450 հազարի, իսկ մինչև այդ շրջանը վարձակալության գները Փոքր կենտրոնում սկսել են 180 հազարից: «Արդեն 2 ամիս է, մեզ ամեն օր զանգահարում են, ասում, որ բնակարանն ազատվել է, խնդրում են նոր հաճախորդ գտնել: Գները նվազում են, քանի որ շուկայում առաջարկը մեծանում է, ազատ բնակարանները շատանում են, իսկ վարձակալողները քչացել են»,-ասաց Դանիելյանը:
Վաճառքի գները, սակայն, պահպանվում են 2022-ին բարձրացած մակարդակում: Գործակալությունում նկատել են՝ Փոքր կենտրոնում քառակուսի մետրը միջինը 2000-3000 ԱՄՆ դոլար է, նորակառույցներում քառակուսի մետրի գինը հասել է 5000 դոլարի, պանելային հին շենքերում՝ օրինակ 1700-1800 դոլար, դա կենտրոնի համար նվազագույն գինն է: Իսկ, օրինակ, Զեյթունում բնակարանի քառակուսի մետրի գինը սկսվում է 1300 դոլարից: Դանիելյանը նշեց՝ եկամտահարկի վերադարձի օրենքով պայմանավորված՝ նորակառույցներում ակտիվություն է: «Մարդիկ, երբեմն, նույնիսկ անկախ նրանցից՝ բնակարանը պետք է, թե ոչ, գնում են, քանի որ մտածում են, որ գները բարձրանում է, կկարողանան հետո թանկ գնով վաճառել կամ բարձր գնով վարձով տալ»,-ասաց նա:
Վաճառքի գներն այս պահին դեռ չեն նվազում: Բայց, եթե վարձակալական գների անկումը երկար շարունակվի, Դանիելյանը չի բացառում, որ այն իր ազդեցությունը կունենա վաճառքի գների վրա:
Անշարժ գույքի գործակալության տնօրենը, սակայն, չի շտապում շուկայի վերաբերյալ կանխատեսումներ անել, դա բավականին բարդ գործ է, քանի որ պայմանավորված է թե մեր տարածաշրջանում տեղի ունեցող, թե Ռուսաստանի հետ կապված իրադարձություններով: «Մեր շուկան շատ զգայուն է: Անշարժ գույքը կենսական անհրաժեշտություն չէ: Մարդիկ շատ դեպքերում ձեռք են բերում՝ ներդրում կատարելու համար, ոչ թե բնակվելու: Եվ քաղաքական, տնտեսական դաշտում ամեն փոքր փոփոխությունը մեծ ազդեցություն է ունենում շուկայի վրա»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, գործակալության տնօրենը կարծում է, որ, եթե անգամ վերոնշյալ հանգամանքները չլինեին, միևնույն է, բնակարանների վաճառքի գները 2022-ին որոշակիորեն բարձրանալու էին:
Աննա Գրիգորյան