Իրանին մեծ պատերազմի մեջ ներքաշելու համար Սյունիքում Ադրբեջանը կարող է գնալ գործողությունների. Արմեն Պետրոսյան

Ադրբեջանը կարող է Արցախում իր օկուպացրած տարածքներում և նաև Սյունիքում դիմել ռազմական գործողությունների, որպեսզի Իրանին ներքաշի մեծ պատերազմի մեջ, այս սցենարի դեպքում Հայաստանի տարածքում Իրան-Ադրբեջան բախման ականատեսը կլինենք։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման կանխատեսում արեց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով հատկապես վերջին շրջանում Իրանում տեղի ունեցող զարգացումներին՝ հարձակում Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, Սպահան քաղաքում զինամթերքի պահեստի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում, ադրբեջանցի դիվանագետների տարհանում: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հակաիրանական ճակատում դիրքավորված Ադրբեջանն անցյալ տարի, օրինակ, երբ Մեծ Բրիտանիայում հարձակում եղավ ադրբեջանական դեսպանատան վրա, այն չփակեց, մինչդեռ շատ արագ փակեց Իրանում գործող դեսպանատունը, ինչը պետությունների միջև թշնամական վերաբերմունքի դրսևորում է։

«Մեր տարածաշրջանում հակաիրանական օղակը սեղմվում է. պլացդարմ են դառնալու Սյունիքը և Ադրբեջանի օկուպացրած տարածքները՝ Արցախում։ Ադրբեջանը կարող է գործողություններ իրականացնել Սյունիքում Իրանին դրանում ներքաշելու նպատակով։ Սա սցենարներից մեկն է, որը պետք է դիտարկել։ Մենք, ի դեմս Իրանի, ունենք իրական դաշնակից, որովհետև Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, ուստի այն, ինչ կատարվում է Իրանի դեմ, նաև վնասում է մեր շահերը։ Այս պարագայում շատ կարևոր են մեզ համար հայ-իրանական հարաբերությունները, որոնք պետք է այլևս դիտարկվեն՝ որպես ռազմավարական, բայց միևնույն ժամանակ՝ դա պետք է անել շատ նուրբ»,- ասաց Պետրոսյանը։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ դիվանագիտական ճակատում հիմա հաշվարկված և ճիշտ աշխատանքը շատ կարևոր է՝ ի շահ մեր պետականության։

Արևելագետը հատուկ ուշադրություն հրավիրեց ադրբեջանական դիվանագիտության վրա, որի համար Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա հարձակումը դարձավ ուղղակի նվեր։

«Ադրբեջանը, 51 օր է, հասցեական քննադատության է ենթարկվում Արևմուտքի կողմից Բերձորի միջանցքը փակելու համար։ Հիմա այդ քննադատության ալիքը մեղմելու համար մեր տարածաշրջանում հակաիրանական գծի մեջ մտավ՝ փորձելով մեղմել իր դեմ քննադատության ալիքը»,- ասաց Պետրոսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս