«Զբոսաշրջիկներ կան, բայց ոչ նախկինի նման. Ճոպանուղին վերականգնվել է և շարունակում է հյուրերին սպասարկել». Ջերմուկի փոխհամայնքապետ
2022 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ իրականացրեցին Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի ուղղություններով, մի շարք բնակավայրեր վնասներ կրեցին, զոհվեցին զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Վնասվել էր նաև առողջարանային քաղաք Ջերմուկը, հարձակման պահին քաղաքում գտնվող բազմաթիվ օտարերկրյա զբոսաշրջիկներ տարհանվեցին։
Այսօր Ջերմուկ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է և արդեն զբոսաշրջիկներ է ընդունում։
168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխհամայնքապետ Վարդան Սարգսյանն ասաց, որ քաղաքում զբոսաշրջիկների առումով, իհարկե, նախկին աշխուժությունը չկա, բայց այնպես չէ, որ զբոսաշրջիկներ չկան։
«Քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է, կրակոցներ չկան, դիրքերում էլ կարծես թե հանգիստ է։ Իհարկե, ես չեմ դա ասելու պատասխանատուն, բայց ընդհանուր հանգիստ է, այս պահին որևէ լարվածություն չունենք։
Ինչ վերաբերում է քաղաքի տնտեսությանն ու զբոսաշրջիկներին, ապա նախկին աշխուժությունը չկա, զբոսաշրջիկներ կան, բայց ոչ նախկինի նման, ինչպես, օրինակ, նախորդ տարի էր»,- նշեց Ջերմուկի փոխհամայնքապետը։
Սեպտեմբերին թշնամու ռազմական գործողությունների հետևանքով վնասվել էր նաև Ջերմուկի ճոպանուղին և մի քանի ամիս չէր գործում: Վարդան Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է՝ ճոպանուղին գործում է։
«Ճոպանուղին վերականգնվել է և շարունակում է հյուրերին սպասարկել։ Զբոսաշրջիկները և բոլոր ցանկացողները կարող են գալ Ջերմուկ, անվտանգ է։ Արտերկրից զբոսաշրջիկները գալիս-գնում են, վախենալու բան չկա, մենք էլ այստեղ մեր ընտանիքներով, երեխաներով ապրում ենք, եթե վտանգավոր լիներ, մենք մեր երեխաներով այստեղ չէինք ապրի»,- եզրափակեց Վարդան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերի ռազմական գործողությունների և Հայաստանի որոշ տարածքների վրա հարձակման հետևանքով թշնամին մի քանի ուղղություններով առաջ էր եկել ու դիրքավորվել, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Խոզնավարի, Ջերմուկի ուղղություններում։