Երևանյան լճում էլի աղբ է կուտակված. Հրաչյա Սարգսյան
«Երևանյան լճի աջակողմյան հատվածում էլի աղբ է կուտակված: Նայեցի ինտերնետում, կան բաներ, որ աղբը հենց ջրի միջից հավաքում, կուտակում են: Նայեք, հասկացեք, ինչ է՝ մրցույթ դնե՞նք: Դա մեզ անհրաժեշտ է: Միջոցառումներն անելով հանդերձ, մեկ է, էլի խնդիր ունենք»,- Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ խոսքն ուղղելով ջրային կառույցների տնօրենին:
Քաղաքապետը խոսեց նաև տրանսպորտի մասին՝ նշելով, որ հիմնական ուղղվածությունը տրանսպորտին պետք է նվիրել: Նա հորդորեց գույքագրել կանգառները:
«Հասկանանք, թե քանի ավտոբուս պետք է կանգնի, այդ կանգառները պետք է մեծացնենք, որպեսզի խցանումներ չառաջանան: Հասկանում եմ, կլինեն տեղեր, որտեղ ծառեր կան, պետք է հասկանանք, եթե պայմանական հին ծառեր են, պիտանի չեն, ապա դրանց փոխարեն պետք է նոր ծառեր տնկենք, ծառը կտրենք, կանգառը մեծացնենք, որպեսզի կարողանանք երթևեկությունը կազմակերպել: Քաղաքում շատ հին ծառեր ունենք»,- նշեց Հրաչյա Սարգսյանը: