Քանի որ Բրյուսովի բյուջեն հաստատված չէ, որևէ ֆինանսական ծախս բուհը չի կարող իրականացնել, այդ թվում՝ աշխատավարձ տրամադրել. Ցոլակ Ակոպյան

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան»-ի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր, ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանը հունվարի 25-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հունվարի 11-ին ԲՊՀ գիտական խորհուրդն ընտրել է Հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամներին:

Ընտրված թեկնածուների ցուցակը ԲՊՀ-ն և Ուսանողական խորհուրդը ներկայացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի համաձայն, հիմնադիրը՝ ՀՀ Կառավարությունը, պարտավոր է 30 օրվա ընթացքում ձևավորել Հոգաբարձուների խորհուրդ։ Ի գիտություն բոլորի՝ 30 օրվա ժամկետին մնացել է 3 աշխատանքային օր։ Այնպես որ՝ ճգնաժամը խորացնելու փոխարեն դադարեցրե՛ք անօրինական գործողությունները և Հոգաբարձուների խորհուրդ ձևավորե՛ք»,- գրել էր նա:

Գրառումից հետո ԿԳՄՍ նախարարությունից ստացել է իր դիմումի պատասխանը, որտեղ նշված է, որ ԲՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումներից առաջադրված թեկնածուներն ընտրվում են ԲՊՀ-ի գիտական խորհրդում և ներկայացվում լիազոր մարմին:

Կարդացեք նաև

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի 8 անդամներ կազմում են խորհրդի անդամների 25 տոկոսը և անհրաժեշտ է ներկայացնել ԲՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամության թեկնածուների առաջադրմանն առնչվող կառուցվածքային ստորաբաժանումների խորհուրդների համապատասխան որոշումներն ու նիստերի արձանագրությունները:

Ցոլակ Ակոպյանն արձագանքելով ԿԳՄՍՆ-ին՝ նշել է, որ երբևէ որևէ բուհից ստորաբաժանումների արձանագրություն չեն պահանջել։

«Էլ ի՞նչ ակնկալիք կարող ես ունենալ այն լիազոր մարմնից, որը մինչ օրս չգիտի, որ բուհերի Հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմը ներկայացված է ոչ թե 8, այլ 5 անդամով»,- հավելել է նա:

168.am– ի հարցին՝ եթե բյուջեն դեռևս հաստատված չէ, այս ընթացքում աշխատավարձ չեն ստանո՞ւմ, այլ տեխնիկական հարցերը ևս չեն կարողանո՞ւմ լուծել, Ցոլակ Ակոպյանը պատասխանեց.

«Այո, եթե բյուջեն հաստատված չէ, որևէ ֆինանսական ծախս բուհը չի կարող իրականացնել, այդ թվում՝ աշխատավարձ տրամադրել, որովհետև, բացի բյուջեից, 2023թ. հաստիքացուցակը հաստատված չէ, ինչը ևս որոշակի հարցեր է առաջացնում: Տեխնիկական խնդիրներ ևս կան, ցանկացած գնում չենք կարողանում անել: Օրինակ, A4 ֆորմատի թղթերի պակաս ունենք, տեղեկագրերը չենք կարողանում տպել:

Մեր դիտարկմանը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ խորհրդի նիստին մասնակցել է ոչ խորհրդի անդամ հանդիսացող ուսանող։ Նման բան եղե՞լ է, Ակոպյանը պատասխանեց՝ նման բան չկա և չի եղել:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մինչ օրս չի հաստատել Կարինե Հարությունյանի` Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի` 2022 թ. դեկտեմբերի 9-ի հոգաբարձուների խորհրդի նիստում փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով ռեկտորի պաշտոնում ընտրվելու արդյունքները:

Տեսանյութեր

Լրահոս