 
                        Հրազդանում անհայտ գազի պատճառով հիվանդանոց տեղափոխված երեխաները դուրս են գրվել
 
                                    Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Կոտայքի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ինգա Հայրիյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեպքից անմիջապես հետո 12 հոգի միանգամից տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ օրվա ընթացքում մյուս երեխաների ծնողները, անվտանգության նկատառումներից ելնելով, իրենց երեխաներին նույնպես տարել էին հիվանդանոց՝ ստուգման նպատակով։
«4 հոգի միանգամից դուրս է գրվել, 8-ը բուժում է ստացել, ապա նոր դուրս գրվել: Ախտանշանները եղել են սրտխառնոց և գլխապտույտ: Օրվա ընթացքում ծնողները, ովքեր անհանգիստ են եղել, երեխաներին տարել են բուժզննման. նրանց մոտ որևէ բան չի հայտնաբերվել: Այս պահի դրությամբ Հրազդանի բժշկական կենտրոնում որևէ տուժած երեխա չկա, բոլորը լավացումով դուրս են գրվել»,- նշեց Ինգա Հայրիյանը՝ հավելելով, որ «Հրազդան» ԲԿ-ն շտապօգնության կանչը ստանալուն պես դիմել է Հրազդանի ոստիկանություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        