Մարտիրոս Սարյանի մատենանկարչության հարուստ ժառանգությունն ամփոփվեց եռալեզու կատալոգում
«Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» եռալեզու կատալոգում ընդգրկված են շուրջ իննսուն գրքային նկարազարդումներ, անվանի գրողների գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներ, որոնք ուղեկցվում են հետաքրքիր տեղեկություններով և բնագրային մեջբերումներով:
Կատալոգի լույս ընծայման համար հիմք է ծառայել «Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» համանուն ցուցահանդեսը, որն ամիսներ առաջ է բացվել Հայաստանի ազգային պատկերասրահում: Ցուցահանդեսում ներկայացվում է Սարյանի թողած մատենանկարչության հարուստ ժառանգությունը:
Շնորհանդեսին, որը տեղի ունեցավ հունվարի 25-ին Հայաստանի ազգային պատկերասրահի «Արտ բազիս» գրադարանում, պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանն ասաց՝ որոշել են ակտիվացնել հրատարակչական գործունեությունը: Առաջիկա բոլոր ցուցահանդեսների հիման վրա պատկերագրքեր կհրատարակվեն:
«Սկսեցինք Սարյանից, քանի որ ցուցահանդեսի նախապատրաստական փուլում մի շարք բացահայտումներ եղան: Գիտաշխատողներն ահռելի գիտահետազոտական աշխատանք են կատարել: Տարեթվերի, անվանումների վերաբերյալ բազմաթիվ ճշգրտումներ արվեցին: Ստացվեց արխիվային նյութ, որը պետք էր հանձնել հանրությանը՝ կատալոգի տեսքով»,-նշեց նա:
Հակոբյանը կարծում է՝ անհրաժեշտ է օտարալեզու գրականությամբ տարածել հայ մշակույթը, ուստի պատկերագրքերն առնվազն երկու լեզվով կլինեն, իսկ Սարյանին նվիրված կատալոգը հայերեն է, ռուսերեն և անգլերեն:
2023-ին պատկերասրահում տասը ցուցահանդես կանցկացվի, սակայն տարին կմեկնարկեն «Մերկի հանդերձները» ցուցահանդեսով, որի շրջանակում առաջին անգամ արվեստասերներին կներկայացվի մերկ ֆիգուրի ժանրը՝ ազգային պատկերասրահի հավաքածուից:
Մարտիրոս Սարյանի թոռնուհի, նկարչի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն էլ հիշեցրեց, որ մի առիթով Սարյանն ասել է՝ եթե ցուցահանդեսը չի ունենում կատալոգ, մոռացվում է ու անցնում է պատմության գիրկը: Նա պատկերասրահին նվիրեց Սարյանի տուն-թանգարանի հրատարակած «Չարենց-Սարյան» կատալոգը, որի շնորհանդեսը դեռ չի կազմակերպվել:
«Մարտիրոս Սարյան. գիրք և արվեստ» համանուն ցուցահանդեսն սկսվում է հայ դասականներ Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի գրական երկերի նկարազարդումներով: Ներկայացված են գրքային գրաֆիկայի ասպարեզում Սարյանի ստեղծած ինչպես ամենավաղ պատկերազարդումները ռուս հեղինակներ Միխայիլ Լերմոնտովի, Վլադիմիր Էլսների և Վալերի Բրյուսովի գրքերի համար, այնպես էլ Վահան Թոթովենցի, Գուրգեն Մահարու, Միքայել Նալբանդյանի, Մարիետա Շահինյանի ստեղծագործությունների ձևավորումները:
Նկարիչն անդրադարձել է դասագրքերի ու մանկական գրականության պատկերազարդմանը: Գրչածայրի կամ վրձնի մեկ հպումով կյանք առած հեքիաթային մոտիվները մեզ տեղափոխում են դեռևս մանկուց հարազատ ու ծանոթ աշխարհներ:
Ցուցադրությունն ամփոփում են համաշխարհային պոեզիայի գլուխգործոց «Շահնամեից» «Ռոստամ և Սոհրաբ» պոեմի շքեղ նկարազարդումները, որտեղ Սարյանի վիրտուոզ վրձինն ու վառ երևակայությունը պարսկական մանրանկարների ոգով կենդանացրել են արևելյան պատումներն իրենց ամբողջ հմայքով ու խորությամբ:
Ցուցահանդեսի համադրողներն են Հայկուհի Սահակյանն ու Սեդա Խանջյանը: