Բեմում առաքյալ են, պաշտոնում` խաչագող, կյանքում` անասուն. մեզ տանում են ցեղասպանության. Հարություն Մեսրոբյան
Հայաստանում ապրում է ոչ թե ժողովուրդ, այլ, ընդամենը, բնակչություն, որը մտածում է միայն սեփական ստամոքսը լցնելու մասին. մտածում է միայն իր մասին, և հենց այդ ընկալումն է պատճառը, որ Հայաստանում մարդիկ անտարբեր են Արցախում արդեն 45 օր ադրբեջանական շրջափակման ծանր պայմաններում ապրող մեր 120 հազար հայրենակցի ճակատագրի նկատմամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Արցախի շրջափակման և դրան Հայաստանում ապրողների արձագանքի մասին, նման տեսակետ հայտնեց Կառավարման փորձագետ, «Հայոց երկիր» ռազմավարական ծրագրի համահիմնադիր-համակարգող Հարություն Մեսրոբյանը՝ ընդգծելով.
«Այս վիճակում ենք, որովհետև իշխանությունն ու սովորական բնակչությունն ունեն մի սկզբունք՝ բեմում առաքյալ են, պաշտոնում` խաչագող, կյանքում` անասուն։
Մեր երկրում և նաև սփյուռքում գործընթացները գնում են այս տրամաբանությամբ։ Հո հենց այնպես չէի՞ ասում, որ 2018 թվականին փողոցում արված խորովածը Արցախի մատաղն էր։ Հիմա այդ մարդիկ, այդ սկզբունքով շարունակում են ապրել՝ թաղելով մեր երկրի՝ Հայաստանի ապագան։ Ի դեպ, այդ խորոված անողները հիմա քաղաքականությամբ չեն զբաղվում. այդպես են ասում ինքնապաշտպանությունից ելնելով՝ մոռանալով, որ նման մոտեցումը նշանակում է, որ իրենք թուրքից էլ վերան են։ Արդյունքում ստացվում է՝ 2018 թվականին զբաղվում էին քաղաքականությամբ, հիմա, երբ երկիրը գլորվում է անդունդ՝ նաև իրենց սև գործի պատճառով, դադարում են զբաղվել քաղաքականությամբ»։
Կառավարման փորձագետի խոսքով՝ ուշագրավ է, որ Հայաստանում ապրող բնակչությունն ու իշխանությունը հիմա գտնվում են բացարձակ հարմոնիկ վիճակում, դրա համար էլ ունենք աղետաբեր գործընթացների նկատմամբ մարդկանց անտարբերություն և չի առաջանում դրանց հակազդեցություն։
«Այս բնակչությունն ու իշխանությունը ներդաշնակ են՝ բարոյականության և անբարոյականության չափանիշներով. ի դեպ, նման բան պատմության մեջ հազարից մեկ է լինում։ 2018 և 2020 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում ընտրվում են մարդիկ, որոնք բարոյական արգելակներ չունեն, և կրկնում եմ՝ բեմում առաքյալ են, պաշտոնում` խաչագող, կյանքում` անասուն։ Իշխանության և բնակչության նման ներդաշնակության պարագայում մենք ունենալու ենք պետության կործանում-ցեղասպանություն»,- ասաց Մեսրոբյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում