«Քյարամյանը ճար չի ունենալու, պետք է իջնի ու մեր հարցերին պատասխանի»․ Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողները կրկին կգնան ՔԿ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, որոնց նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել, հունվարի 26-ին հերթական անգամ հավաքվելու են Քննչական կոմիտեի մոտ՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպման պահանջով։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեպետ իրենք Քյարամյանի հետ հանդիպման պահանջը հունվարի 20-ին են բանավոր ներկայացրել, երբ գնացել էին Քննչական կոմիտե, սակայն մինչ այս պահը որևէ արձագանք չի եղել ՔԿ-ից։
«Մինչ այս պահը ոչ մեկը մեզ հետ կապ չի հաստատել, մենք էլ հունվարի 20-ին ոնց ասել ենք, մեր ասածով գնալու ենք։
Անցած անգամ չհաջողվեց Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպել, որովհետև ինքը շատ զբաղված էր, չուզեցինք խանգարել, մտածեցինք՝ գուցե մեր գործով էլ է զբաղված, բայց հիմա, որ գնանք, ինքն էլ չի կարող խուսափել, պետք է մեր հարցերին պատասխանի ու պետք է ասի, թե ի՞նչ գործունեություն է ծավալել այս մի քանի օրվա ընթացքում, այդ պատասխանն ինքն է տալու։
Առաջինը պետք է պատասխանի, թե ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվել այն ոստիկանները, որոնք արդեն առերեսվել և իրենց մեղքն ընդունել են, ներողություն են խնդրել։
Երկրորդ՝ պետք է պատասխանի, թե ինչո՞ւ մյուս ոստիկանները չեն առերեսվել, գործն ի՞նչ փուլում է, ու ի՞նչ է լինելու վերջը»,- ասաց զոհված զինծառայողի մայրը։
Դիտարկմանը, թե Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպելու համար ՔԿ-ից հենց հունվարի 20-ին էին փոխանցել ծնողներին, որ հատուկ ընթացակարգ կա, պետք է դիմում գրեն, Գայանե Հակոբյանն ասաց, որ իրենք հենց այդ օրն են հրաժարվել դիմում գրել․
«Ի՞նչ դիմում, մենք հենց այդ օրն ենք հրաժարվել դիմում գրել, մենք դիմումով չենք մտնելու իր մոտ։ Ոնց ասել ենք, այդպես էլ անելու ենք, ինքը ճար չի ունենալու, պետք է իջնի մեզ հետ հանդիպման ու մեր հարցերին պետք է պատասխանի»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Ծնողները մի քանի անգամ արդեն ակցիաներ են իրականացրել Քննչական կոմիտեի շենքի մոտ, պահանջել, որպեսզի իրենց նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկանները պատասխանատվության ենթարկվեն։
Նրանց խոսքով՝ 2023 թվականի հունվարի 20-ի դրությամբ ընդամենը 4 ոստիկան է առերեսվել, նրանք ընդունել են իրենց մեղքը, սակայն մինչ այս պահը նրանք պատասխանատվության չեն ենթարկվել։