Մարդու իրավունքները Հայաստանում՝ 2022 թվականին. զեկույց
Նախաբան
2022 թ․-ին Հայաստանում շարունակում է խորանալ 44 օրյա պատերազմի հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամը։ Տարին սկսվեց Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման անջատումներով՝ եղանակային վատ պայմաններին զուգահեռ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի գրավմամբ։ Այս ամենին հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը ԱԺ-ում, թե միջազգային հանրությունը իրենցից ակնկալում է իջեցնել «ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողը»:
Ապրիլին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնեցին «Դիմադրություն» շարժումը՝ քաղաքացիական անհնազանդության և շուրջօրյա հավաքների միջոցով փորձելով հասնել Ն․ Փաշինյանի հրաժարականին։ Մոտ երկու ամիս տևած փողոցային պայքարից հետո շարժումը աստիճանաբար թուլացավ, իսկ տարեվերջին ընդդիմադիր խմբակցությունները վերադարձան ԱԺ։
Սեպտեմբերի 13-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, կիրառելով ծանր հրետանի, հարձակողական ԱԹՍ-ներ և այլ ռազմական տեխնիկա, նախաձեռնեցին լայնածավալ հարձակում Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի գրեթե ողջ երկայնքով, որի արդյունքում հայկական կողմը ունեցավ 200-ից ավելի զոհեր, ինչպես նաև մեծ քանակությամբ վիրավորներ և գերեվարվածներ։ Ադրբեջանական զինված ուժերը վերահսկողության տակ վերցրեցին մի շարք ռազմավարական տեղավայրեր և խորացան բուն ՀՀ տարածքում։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ արգելափակեցին Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի ճանապարհը՝ ներկայանալով որպես բնապահպաններ և պահանջելով դադարեցնել Արցախի հանքերի շահագործումը։ Ճանապարհը փակած ադրբեջանցիների մեջ էին բազմաթիվ զինվորականներ, Ադրբեջանի կառավարությունից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների անդամներ և ղեկավարներ՝ ընդգծված հայատյաց և ազգայնամոլական հայացքներով[1]։ Սույն զեկույցի պատրաստման ընթացքում Արցախը Հայաստանի, ինչպես նաև՝ ողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհը շարունակում է մնալ փակ։
Այս ամենի պայմաններում, ողջ 2022 թվականը ուղեկցվեց իշխանությունների կողմից ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հետապնդումներով, ոստիկանական բռնություններով, դատական համակարգը և տեղական ինքնակառավարման մարմինները գործադիր իշխանությանը լիովին ենթարկելու գործողություններով։
Ընտրական իրավունք
2022 թ․ ընտրական իրավունքի համատեքստում էական իրադարձություններից էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների և նախագահի ընտրությունը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրվեց Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Վերջինս դեռևս 1998 թ․-ից աշխատել էր Ն․ Փաշինյանի «Օրագիր» և «Հայկական ժամանակ» թերթերում, այնուհետև եղել էր պատգամավոր Ն․ Փաշինյանի օգնականը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից և վարչության անդամ, իսկ 2018 թ․-ից՝ իշխող խմբակցության պատգամավոր[2]։
ՀՀ ԿԸՀ նախագահ ընտրվելուց 4 օր առաջ Վ․ Հովակիմյանը դադարեցրել էր իր անդամակցությունը կուսակցությանը[3]։ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին իշխող խմբակցության 65 պատգամավորներ՝ ներառյալ Վ․ Հովակիմյանը։ Հաշվի առնելով, որ ընտրության համար անհրաժեշտ ձայների քանակը 65-ն էր, ստացվում է, որ Վ․ Հովակիմյանը ձայնը եղել էր վճռորոշ[4]։ Վ․ Հովակիմյանի՝ իր իսկ օգտին քվեարկելու հանգամանքը քննադատվել էր մի շարք հասարական կազմակերպությունների կողմից՝ որպես շահերի բախման դրսևորում[5]։
Համաճարակի պատճառով 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում ՏԻՄ ընտրություններ չէին անցկացվել, ինչի հետևանքով բազմաթիվ համայնքներում ավարտվել էին համայնքների ղեկավարների և ավագանու անդամների լիազորությունները՝ առաջացնելով նրանց կայացրած որոշումների լեգիտիմության խնդիր։ 2020 թ․ ԱԺ կողմից կատարված օրենքի փոփոխությամբ՝ մինչև նոր ընտրությունների անցկացումը, համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետների լրացման պարագայում, քաղաքային համայնքների պաշտոնակատարները նշանակվում են ՀՀ վարչապետի կողմից, իսկ գյուղական համայնքներինը՝ մարզպետների կողմից[6]։
2021 թվականին ԱԺ կողմից ընդունվեց ՀՀ Կառավարության ներկայացրած համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը, որը մշակվել էր առանց տեղական հանրաքվեների կազմակերպման և համայնքների կարծիքը լսելու։ Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները օրենքի ընդունմանը չէին մասնակցել, այն համարելով հակասահմանադրական և պնդելով, որ համայնքների խոշորացման իրական նպատակը իշխանությունների համար անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելն է[7]։ 2022 թ․ ապրիլին իշխող խմբակցությունը ընդունեց ևս մեկ փոփոխություն, ըստ որի՝ եթե միավորված համայնքի ավագանու առաջին նիստն ավագանու լիազորությունները ստանձնելու պահից 20 օրվա ընթացքում չի գումարվում, ապա վարչապետը դարձյալ իրավունք է ստանում նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը[8]:
ՏԻՄ ընտրություններ
2022 թ․ անցկացվել են 18 համայնքների ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնցից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթեց 8-ի պարագայում[9]։ Ընտրությունների ընթացքում և դրանցից հետո, ինչպես նախորդ տարում[10], շարունակվեցին իշխող քաղաքական ուժի կողմից տարբեր անհարկի միջամտությունները և ճնշումները։ Օրինակ, Ալավերդի խոշորացված համայնքում կայացած ընտրություններից հետո «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ իշխանությունները կիրառել էին «վարչական, ուժային, ֆինանսական և կրիմինալ» ողջ ռեսուրսները՝ իրենց նկատմամբ ճնշում կիրառելու նպատակով[11]։ Ալավերդու ընտրություններում «Ապրելու երկիր» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները կոալիցիա կազմելով և մեկ քվեի առավելությամբ հաղթել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Սիսիան համայնք
Ըստ ՀՅԴ Սիսիանի ավագանու թեկնածու, արվեստագետ Աշոտ Ավագյանի՝ ընտրություններից առաջ իշխանության ներկայացուցիչները վարչական լծակների միջոցով ճնշումներ են կիրառել Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ, վերջիններիցս պահանջելով աշխատանքից ազատման դիմում գրել, եթե չեն սատարում իրենց թեկնածուին[12]։ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Գոռ Մանուչարյանը, որը ընտրություններում առաջադրվել էր «Աշխատանք և արդարություն» դաշինքի ընտրացուցակով, օգոստոսին ազատվել էր «Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։ Ըստ Գ․ Մանուչարյանի՝ պատճառը վերջինիս տարաձայնություններն էին ՀՀ վարչապետի կողմից նշանակված[13] համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի հետ, որն իրեն համարում էր «այլ թիմի» անդամ[14]։ Ընտրության արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 8 մանդատ, իսկ մյուս չորս դաշինքները միասին՝ 13 մանդատ։ Նշված դաշինքներից «Ապրելու երկիր»-ը, որն ուներ 4 մանդատ, չմասնակցեց համայնքի ղեկավարի ընտրությանը և վայր դրեց մանդատները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ա․ Հակոբջանյանը ստացավ 9 քվե, իսկ «Աշխատանք և արդարություն» դաշինքի թեկնածու Հայկ Առաքելյանը՝ 7 քվե։ Հոկտեմբերի 14-ին ընդդիմադիր «Աշխատանք և արդարություն» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն տարածեցին, որ ավագանու անդրանիկ նիստին ընդդիմադիր ուժերի կողմից անհրաժեշտ աջակցությունը չստանալու պատճառով անկարող են համայնքային իշխանություն ձևավորել և նույնպես վայր են դնում իրենց մանդատները, որպեսզի բացառեն «ճնշումների ու խոստումների միջոցով համայնքի ղեկավար ընտրած ուժի հետ որևէ համագործակցություն»[15]։
Թեև Ա․ Հակոբջանյանը չկարողացավ համայնքապետի պաշտոնը ստանձնել ընտրությունների արդյունքում, դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ կրկին նշանակվեց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար[16]։
Բերդ խոշորացված համայնք
Սեպտեմբերի 25-ին Բերդ խոշորացված համայնքում կայացած ընտրություններում հաղթեց «Զորավոր համայնք» դաշինքը, որը գլխավորում էր գրեթե մեկ տարի անազատության մեջ գտնվող, նախկինում համայնքապետի պաշտոնը զբաղեցրած Հարություն Մանուչարյանը։ Քվեարկությանը ընդառաջ ձերբակալվել էին դաշինքի ընտրացուցակից երկուսը՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հասմիկ Մելիքյանը և Ներքին Կարմիրաղբյուր գյուղի վարչական ղեկավար Լևոն Առաքելյանը, իսկ ընտրություններից մի քանի օր անց՝ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը։ Վերջիններս մեղադրվում էին իրենց դաշինքի օգտին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։ Ընդդիմադիրները իրենց նկատմամբ քրեական հետապնդումը որակեցին քաղաքական, Ս․ Հովսեփյանը հայտարարեց հացադուլ[17]։
Հատկանշական է, Հ․ Մանուչարյանը դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց հոկտեմբերի 7-ին՝ համայնքի ավագանու մանդատից հրաժարվելուց հետո[18]։ Ցուցակի կալանավորված թեկնածուների ինքնաբացարկների միջոցով «Զորավոր համայնք» դաշինքը կարողացավ ապահովել քվորում և նոյեմբերի 10-ին համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեց Աստղիկ Հակոբյանը։ Որոշ ժամանակ անց գրավի դիմաց ազատ արձակվեցին նաև Ս․ Հովսեփյանը, Լևոն Առաքելյանը[19]։
Իրավապահ մարմինների կողմից անարձագանք մնացին բազմաթիվ տեղեկությունները առ այն, որ նախընտրական քարոզչությանը ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վահրամ Սուքիասյանը, որը նաև Միասնական սոցիալական ծառայությունների Բերդ համայնքի կենտրոնի տնօրենն էր, ընտրողներին նպաստ նշանակելու խոստումներ էր տալիս, իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը համակարգում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեներ ապահովելու աշխատանքները՝ ներգրավելով Արծվաբերդի անտառտնտեսության պաշտոնյաների, դպրոցների տնօրենների, Բերդի բժշկական կենտրոնի ղեկավար կազմին և այլ անձանց[20]։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններ
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովը, որի ընթացքում կատարվեց կուսակցության վարչության անդամների ընտրություն։ Կուսակցության 1024 պատվիրակների կողմից փակ քվեարկության արդյունքում վարչության անդամներ ընտրվեցին Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, ինչպես նաև կուսակցության կողմից պատգամավորական մանդատ կրող և պետական պաշտոններ զբաղեցնող այլ անդամներ։ Համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց, որ իրենց «կուսակցության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է»[21]։
Քվեարկության վերահաշվարկից հետո պարզվեց, որ Համբարձում Մաթևոսյանի և Հայկ Կոնջորյանի ձայները սխալ էին հաշվարկվել և նրանց փոխարեն վարչության կազմում պետք է ընդգրկվեն Արսեն Թորոսյանը և Արմեն Փամբուխչյանը[22]։ Ըստ Տիգրան Ավինյանի՝ տեղի էր ունեցել «անճշտություն», քանի որ քվեների քանակը շատ մոտ են եղել միմյանց[23], մինչդեռ մամուլում տարածվել են տեղեկություններ, որ վարչության անդամների ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել համակարգված կեղծիքներ[24]:
Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքում Ն․ Փաշինյանը ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, թեև 2019 թ․ հայտարարել էր, որ «հակակշիռների, փոխզսպումների ձևավորման առումով» ճիշտ չի լինի իր կողմից՝ նախագահի պաշտոնը զբաղեցնելը[25]։
Դատական համակարգ
2022 թ․-ի փետրվարի 7-ին կալանավորվեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։ Բ․ Բախշիյանը մեղադրվում էր նրանում, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկի՝ Նվեր Մկրտչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր կալանքը[26]։ Ըստ վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ Բ․ Բախշիյանի նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր նրա կողմից Մանվել Փարամազյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումների հետ[27]։ Նշված անձինք հայտնի էին ընդդիմադիր կեցվածքով և 2020 թ․-ի դեկտեմբերին Սյունիքի մի շարք այլ համայնքների ղեկավարների հետ պահանջում էին Ն․ Փաշինյանի հրաժարականը[28]։ 2022 թ․ սեպտեմբերի 28-ին դատարանի վճռով Բ․ Բախշիյանը արդարացվեց[29]։
2022 թ․-ին ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հետապնդումները նոր զարգացումներ ստացան։ Հունիսի 20-ին՝ ասուլիսի ընթացքում Ռ․ Վարդազարյանը հրապարակեց ձայնագրություն, որում տվյալ պահին ԲԴԽ նախագահի լիազորությունները իրականացնող Գագիկ Ջհանգիրյանը վերջինիս համոզում է հրաժարական տալ[30]։ Ձայնագրված խոսակցությունը, որին ներկա էր նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը, տեղի էր ունեցել 2021 թ․ փետրվարի 20-ին՝ Գ․ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ ընտրվելուց մեկ ամիս անց[31], երբ Ռ․ Վարդազարյանը դեռևս մարմնի նախագահն էր։
Խոսակցության ընթացքում Գ․ Ջհանգիրյանը և Ռ․ Վարդազարյանը քննարկում են վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը։ Ըստ Ռ․ Վարդազարյանի՝ իր դեմ առկա էին մեկից քրեական գործեր, որի մասին նա տեղեկացել էր ՀՀ գլխավոր դատախազից։ Ի պատասխան՝ Գ․ Ջհանգիրյանը հայտնում է, որ ինքը թույլ չի տվել հավելյալ քրեական գործեր հարուցել այն պայմանով, որ Ռ․ Վարդազարյանը հրաժարական ներկայացնի մինչև որոշակի ժամկետի ավարտը։
Ասուլիսի ընթացքում Ռ․ Վարդազարյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի անունից իրեն առաջարկ էր արվել հրաժարական տալ։ Ռ, Վարդազարյանը պահանջել էր ժամկետ՝ մինչև 2021 թ․ մարտի մեկը և հանդիպում Ն․ Փաշինյանի հետ՝ վերջինիցս անձամբ լսելու իր հրաժարականի պահանջը։ Ձայնագրությունում Գ․ Ջհանգիրյանը հայտնում է, որ եթե Վարդազարյանը նված ժամկետի մեջ իր հրաժարականը տա, ապա ինքը և Ստեփան Միքայելյանը «գարանտ» կլինեն, այսինքն՝ կերաշխավորեն, որ Ռ․ Վարդազարյանի դեմ քրեական գործերը չեն շարունակվի։ Գ․ Ջհանգիրյանը խոսակցության ընթացքում նաև հայտնեց, որ «ում հետ գնացել խոսել ա, իրանք էդ սաղ սխեման գիտեն։ Իրանք էս պուճուր բանը փչել են, սենց ներկայացրել են, որ ինքը էդ որոշումը կայացնի», ըստ էության, նկատի ունենալով Ռ․ Վարդազարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումը ունի միայն նրան հրաժարականին հարկադրելու նպատակ։ Ջհանգիրյանը նշեց նաև, որ չի ցանկանում ունենալ «սահմանադրական դատարանի սիտուացիան», ենթադրաբար, նկատի ունենալով ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հետապնդումները և Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությունը՝ 2020 թ․ հունիսի 22-ին «Իմ քայլը» իշխող դաշինքի կողմից կատարված Սահմանադրության խնդրահարույց փոփոխությունների արդյունքում[32]։ Վարդազարյանի հարցին, թե ինչու՞ է այս ամենը պետք Ջհանգիրյանին, վերջինս պատասխանեց, որ, չի ուզում Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, հայհոյանքներ հնչեցնելով վերջինիս հասցեին։
Ինչպես հայտնի է, Ռ․ Վարդազարյանը հրաժարական չներկայացրեց և 2021 թ․ ապրիլի 15-ին ԲԴԽ որոշմամբ նրա լիազորությունները կասեցվեցին՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմքով[33]։
Հատկանշական է խոսակցության ևս մեկ դրվագ, որի ընթացքում Ռ․ Վարդազարյանի այն դիտարկմանը, որ Գ․ Ջհանգիրյանը «էնքան հզոր ա, որ գլխավոր դատախազ ա կառավարում», վերջինս պատասխանում է՝ «ապեր, ես պրեզիդենտ էլ եմ կառավարել, դու էդ ի՞նչ կարծիքի ես»։ Իսկ մինչ ԲԴԽ անդամ ընտրվելը, հարցազրույցներից մեկի ընթացքում իր և վարչապետ Ն․ Փաշինյանի հարաբերությունների վերաբերյալ հարցին պատասխանելիս, Գ․ Ջհանգիրյանը նշել էր, որ կարող է «հարյուրավոր լավ էպիզոդներ […] վկայակոչել ի[ր] ու Փաշինյանի համատեղ քաղաքական գործունեության» մասին[34]։
Հունիսի 30-ին ԲԴԽ-ն մերժեց Գ․ Ջհանգիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը, պատճառաբանելով, որ լրացել է կարգապահական վարույթ հարուցելու համար նախատեսված մեկ տարի վաղեմության ժամկետը։ Մինչդեռ ձայնագրությունից ակնհայտ է, որ արձանագրված խախտումները միայն կարգապահական բնույթի չեն և տեղի է ունեցել ակնհայտ և ապօրինի միջամտություն դատական իշխանության նկատմամբ՝ առանցքային պաշտոն զբաղեցնող և գործող իշխանությանը ոչ ցանկալի դատավորին հեռացնելու նպատակով։
Հատկանշական է, որ ԲԴԽ անդամի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, մինչդեռ, ըստ ձայնագրության, Ռուբեն Վարդազարյանին հրաժարականի հարկադրելու գործողություններում ներգրավված է եղել նաև տվյալ պահին գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Ձայնագրության հրապարակումից հետո, այնուամենայնիվ, հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվեցին Գ․ Ջհանգիրյանը, Ս․ Միքայելյանը և Ռ․ Վարդազարյանը։ Նշված քրեական գործով այդպես էլ մեղադրյալներ չներգավվեցին[35], իսկ դեկտեմբերի 8-ին քրեական գործը կարճվեց[36]։
Հուլիսի 1-ին Գ․ Ջհանգիրյանը հրաժարական տվեց, պատճառաբանելով, որ այն կապված է իր առողջական վիճակի հետ[37]։ Արթուր Դավթյանի՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց և սեպտեմբերի 15-ին այն ստանձնեց մինչ այդ վարչապետ Ն․ Փաշինյանի օգնականի պաշտոնը զբաղեցնող Աննա Վարդապետյանը[38]։
2021 թ․ մարտին համացանցում հրապարակվել էր տեսանյութ, որտեղ պատկերված էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշումը՝ տեքստում Ա․ Վարդապետյանի կողմից ավելացված ուղղումներով, հուշումներով և առաջարկներով[39]։ Տեսանյութում երևում է, որ որոշումը թվագրված է 2020 թ․ մայիսի 19-ին, իսկ Ա․ Վարդապետյանը վարչապետի օգնականի պաշտոնը զբաղեցնում էր նույն թվականի մարտից[40]։ Նշված դեպքի առթիվ Ա․ Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործի հարուցումը ԱԱԾ կողմից մերժվեց[41]։ Ա․ Վարդապետյանը մեկնաբանել էր միջադեպը, պնդելով, որ մեղադրանքի որոշման տեքստը խմբագրելով ընդամենը մասնագիտական կարծիք է հայտնել[42]։ 2022 թ․ նոյեմբերին Ա․ Վարդապետյանի կողմից դատավոր Բ․ Բախշիյանի արդարացման վճռի դեմ բերվեց վերաքննիչ բողոք, որը մակագրվեց փետրվար ամսին վերջինիս նկատմամբ կալանք կիրառած դատավոր Դավիթ Արղամանյանի հորը՝ Մհեր Արղամանյանին[43]։
Գ․ Ջհանգիրյանի հրաժարականից հետո մինչ այդ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից միաձայն ընտրվեց ԲԴԽ անդամ[44], այնուհետև, ԲԴԽ կողմից ընտրվեց նախագահ[45]։ ԲԴԽ նախագահի պաշտոնում ընտրվելուց մոտ մեկ տարի առաջ՝ 2021 թ․ սեպտեմբերի 30-ին տված ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին, թե ինչու՞ է իր աշխատասենյակում փակցրել Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, Կ․ Անդրեասյանը պատասխանել էր հետևյալ տեքստով․
«Նիկոլ Փաշինյանը, լինելով երկրի ղեկավարը, բոլորիս ղեկավարն է։ Ընդհանրապես պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է, և, այո, նաև լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել էն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը[46]։»
Դեկտեմբերի 26-ին, մեկ տարվա ընթացքում շուրջ 5 կարգապահական վարույթների արդյունքում, ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Ըստ Կ․ Անդրեասյանի՝ դատավորի լիազորությունները դադարեցվել են 4 քաղաքացիական գործով վճիռ հրապարակելու և վճռի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու համար սահմանված դատավարական ժամկետները չպահպանելու համար[47]։ Աննա Փիլոսյանը Արցախի Հանրապետության նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի կինն է, որը գործող իշխանությունների կոշտ քննադատներից է։ Ըստ Ռ․ Մելիքյանի՝ կնոջ պաշտոնազրկման նպատակ իրեն վնասելն էր[48]։
Խաղաղ հավաքների ազատություն
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն շարունակել է խաղաղ հավաքների մշտադիտարկումը։ 2022 թ․ կատարված մշտադիտարկման ընթացքում Կոմիտեն հրապարակել է ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակների դիտարկումներն ամփոփող, ինչպես նաև հրատապ զեկույցներ[49]։
2022 թ․ ՀՀ-ում անցկացված հավաքները, դրանց ընթացքում բարձրացված հարցերը կրկին կապված էին 2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքների և Արցախյան հարցի վերաբերյալ զարգացումների հետ։ Գործող իշխանության հրաժարականի պահանջով հավաքների հերթական ալիքը սկսվեց ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին ԱԺ-ում ունեցած ելույթից հետո, որի ընթացքում վերջինս հայտարարեց, որ միջազգային հանրությունը իրենցից ակնկալում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողը[50]։ Ելույթին հաջորդեցին նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից հայտարարությունները՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու նպատակահարմարության վերաբերյալ[51]։
Առաջին կիսամյակ
Վարչապետի ելույթից մի քանի օր անց ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, որը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն էր, իր աջակիցների հետ Ազատության հրապարակում հայտարարեց նստացույց՝ պահանջելով Ն․ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել ՀՀ իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացը[52]։ Որոշ ժամանակ անց նման օրակարգով հավաքներ սկսեցին կազմակերպել ընդդիմադիր քաղաքական այլ միավորներ՝ «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը՝ «Համախմբում» նախաձեռնությամբ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ «Ազատագրական շարժում» նախաձեռնությամբ, «Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև Արցախյան պատերազմների վետերանները, ուսանողներ և քաղաքացիների այլ խմբեր։
Ապրիլ-հունիս ամիսներին իշխանության հրաժարականի պահանջով անցկացված հավաքները տևական ժամանակահատվածում աննախադեպ էին իրենց քանակով և խտությամբ։ Շարժման մեկնարկը հայտարարվեց ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ կազմակերպված ջահերով երթի ընթացքում՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանի կողմից։ Ապրիլի վերջին ընդդիմության կողմից իրականացվեցին իրազեկման երթեր ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության այլ բնակավայրերում։ Ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ, իրենց աջակիցների հետ, իրականացրեցին երթեր Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից դեպի Երևան՝ միանալով մայիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հիմնական հանրահավաքին։ Նույն օրը կազմակերպիչները հայտարարեցին, որ նախատեսում են իրականացնել «մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ»՝ որպեսզի Ն․ Փաշինյանի հրաժարական ներկայացնի[53]։
Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած շարժման ընթացքում, որը կրում էր «Դիմադրություն» անվանումը, կազմակերպվել են 50-ից ավելի հավաքներ։ Հիմնականում աշխատանքային ժամերին շարժման մասնակիցները իրականցնում էին քաղաքացիական անհնազանդության գործողություններ՝ արգելափակելով Երևանի բանուկ խաչմերուկների երթևեկությունը, շրջապատում պետական տարբեր մարմինների, ներառյալ՝ կառավարության վարչական շենքերը, ինչպես նաև իրականացնում խորհրդանշական գործողություններ՝ փակում արագաչափերի տեսախցիկները, ներկում ավտոկայանատեղիների կարմիր գծանշումները՝ հղում անելով Ն․ Փաշինյանի կողմից 2018 թ․ ապրիլյան հավաքների ընթացքում իրականացրած գործողություններին և նախկինում հնչեցված դիրքորոշումներին։ Ֆրանսիայի հրապարակում տեղադրվել էին վրաններ, որտեղ մշտապես ներկա էին շարժման մասնակիցների մի մասը, կազմակերպվում էին հանրային քննարկումներ, դասախոսություններ, համերգներ, խորհրդանշական ֆլեշմոբեր և այլ գործողություններ։ Շարժման ընթացքում ակտիվորեն կիրառվող հիմնական խորհրդանիշերից էր «Զարթի՛ր, լաօ» հայկական ժողովրդական երգը, ինչպես նաև Արցախի հանրապետության դրոշը, որը հավաքների և երթերի մասնակիցները փակցնում էին իրենց հագուստին, քաղաքի տարբեր վայրերում, իսկ շարժմանն աջակցող քաղաքացիները այն կախում և ծածանում էին իրենց պատուհաններից, ավտոմեքենաներից՝ ողջունելով երթերի մասնակիցներին։
«Դիմադրություն» շարժման ընթացքում աննախադեպ է եղել ոստիկանության ներգրավվածությունը։ Ապրիլ-հունիս ամիսներին անցկացված հավաքների և երթերի ընթացքում ներգրավված են եղել ոստիկանության և ոստիկանության զորքերի մեծաքանակ ուժեր՝ գրեթե բոլոր ստորաբաժանումներից և մարզային վարչություններից։ Միայն հունիսի 3-ին՝ Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկի հատվածում անցկացվող հավաք-երթի ընթացքում ներկա էին ավելի քան 550 ոստիկաններ։ Ն․ Փաշինյանի՝ ԱԺ-ում գտնվելու ընթացքում նստավայրի տարածքը պաշտպանվում էր դիպուկահարներով, լուսաձայնային նռնակներով, ինչպես նաև ինքնաձիգերով զինված ԱԱԾ աշխատակիցներով։
Հավաքների մասնակիցների՝ քաղաքացիական անհնազանդության գործողությունների կատարումը գրեթե մշտապես ուղեկցվել է ոստիկանության կողմից նրանց զանգվածաբար բերման ենթարկելով։ Ապրիլ-հունիս ամիսներին իրականացված մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են հավաքի մասնակիցների 2000-ից ավելի բերման ենթարկման դեպքեր, մի քանի տասնյակ մասնակիցներ ձերբակալվել և կալանավորվել են։ Միայն մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 414 անձի[54]։ «Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում բերման են ենթարկվել նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ, թեև վերջիններս օժտված են անձեռմխելիությամբ։
Մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած հավաքների ընթացքում բազմաթիվ են եղել ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և բռնությունների դեպքերը։ Օրինակ, մայիսի 2-ին Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցների խաչմերուկներում անցկացվող հավաքի մասնակցներին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողը բռունցքով հարվածներ է հասցրել ցուցարարի գլխին[55]։ Ոստիկանության գործողությունների արդյունքում վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիներ, օրինակ՝ մայիսի 17-ին անցկացված հավաքի ընթացքում ոստիկանության գործողությունների արդյունքում ձեռքի կոտրվածքներ են ստացել Մհեր Ստեփանյանը[56] և 77-ամյա Ջուլիետա Հովհաննիսյանը[57]։ Մայիսի 30-ին ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքի առջև անցկացված հավաքի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ միջադեպեր։ Հավաքի մասնակիցները փորձեցին մուտք գործել մասնաշենք՝ այնտեղ գտնվող նախարարներին հարցն ուղղելու, թե արդյո՞ք նրանք կողմ են Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Ոստիկանության շղթան ճեղքելու փորձի ընթացքում տեղի ունեցավ հրմշտոց, որից հետո ոստիկանության ծառայողները սկսեցին կոպիտ ու-ի կիրառմամբ, քաշքշելով և գետնին գցելով բերման ենթարկել հավաքի մասնակիցներին։ Ոստիկանության ծառայողներից մեկը տեսախցիկների առջև բարձրացրեց և գետնին նետեց հավաքի մասնակցին[58]։ Մեկ այլ հավաքի մասնակցի վկայությամբ կառավարության 3-րդ մասնաշենքում ոստիկանները իրենց ձեռնաշղթայել էին և ծեծել, ինչ արդյունքում նա ստացել էր կողերի կոտրվածք[59]։
Իրավապահների գործողություններից տուժել են նաև հավաքները լուսաբանող լրագրողներ։ Օրինակ՝ մայիսի 2-ին Սայաթ-Նովայի և Աբովյան փողոցների խաչմերուկում անցկացվող հավաքի ընթացքում ոստիկանության գործողությունների արդյունքում տուժել է «Yerkir.am»-ի լրագրող Լիա Սարգսյանը[60], իսկ նույն օրը Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկի անցկացվող հավաքի ընթացքում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը և իր աշխատակիցը բռնություն են կիրառել MediaHub լրատվամիջոցի լրագրողի և օպերատորի նկատմամբ, խոչընդոտել վերջիններիս կողմից հավաքների լուսաբանման գործողությունները[61]։
Առավել աննախադեպ բռնություններ են տեղի ունեցել հունիսի 3-ին, երբ Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցները գտնվում էին Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում՝ կառավարական առանձնատներ տանող ճանապարհի մուտքի մոտ։ Ոստիկանությունը, շղթա կազմելով, թույլ չտվեց, որպեսզի երթը շարունակվի Դեմիրճյան փողոցով, թեև նախկինում այլ հավաքների և երթերի ընթացքում նշված երթուղին երբեք սահմանափակված չէր եղել։ Հավաքի ղեկավար Ի․ Սաղաթելյանը ոստիկանությունից պահանջեց բացել ճանապարհը և հայտնեց, որ հակառակ պարագայում իրենք փորձելու է ճեղքել ոստիկանության շղթան և շարունակել երթը։ Ոստիկանությունը չբացեց ճանապարհը, որից հետո կազմակերպիչները և մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանության շղթան։ Արդյունքում ոստիկանության և ցուցարարերի միջև տեղի ունեցավ բախում, որի ընթացքում ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային նռնակներ և աննախադեպ բռնություններ։ Միջադեպի ընթացքում տեսախցիկներով արձանագրվել են առնվազն 8 հավաքի մասնակցի ծեծի ենթարկելու դեպքեր՝ միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից[62]։ Ոստիկանությունը կոպիտ ուժ էր կիրառել նաև հավաքի մասնակից կանանց նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով։ Լուսաձայնային նռնակներից վնասվածքներ էին ստացել առնվազն երկու ոստիկան, իսկ հավաքի մեկ մասնակից ստացել էր գանգուղեղային վնասվածք և վիրահատվել[63]։
Միջադեպից հետո ոստիկանության երկու ծառայող ենթարկվել են կարգապահական պատասխանատվության՝ քաղաքացիների նկատմամբ բարձր բարեկրթություն ու զսպվածություն չցուցաբերելու և ոչ արհեստավարժ գործելու համար[64]։ Բռնություսնների առթիվ որևէ ոստիկան քրեական պատասխանատվություն չի կրել։
Երկրորդ կիսամյակ
2022 թ․ երկրորդ կիսամյակում ընդդիմության կողմից անցկացվող հավաքների թիվը էականորեն նվազեց։ Տարբեր ամիսներին հավաքներ կազմակերպվեցին Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները՝ համալսարանը երկու այլ ԲՈՒՀ-երի միացման նախագծի դեմ, Ազգային-Ժողովրդավարական բևեռը՝ կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանին ՔԿՀ-ից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով և Ռուսաստանի Դաշնության դեմ կազմակերպված երթերով և հանրահավաքներով, ինչպես նաև Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և հասարակության տարբեր խմբեր՝ միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի նկատամբ՝ Լաչինի միջանցքը բացելու նպատակով։ Նշված հավաքների ընթացքում ոստիկանության կողմից միջամտություններ գրեթե չեն եղել, բացառությամբ ԱԺԲ կողմից կազմակերպված հավաքներից մի քանիսից, որի ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել հավաքի մասնակիցներին՝ փողոցների երթևեկությունը արգելափակելու համար։
Ոստիկանության կողմից կոպիտ միջամտություններ են կիրառվել սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ անցկացված բողոքի ցույցի ընթացքում, որտեղ հավաքվել էին 44 օրյա պատերազմի ընթացքում զոհված զինվորականների ծնողները, նպատակ ունենալով թույլ չտալ Ն․ Փաշինյանի մուտքը պանթեոն։ Վարչապետի այցին ընդադաջ ոստիկանության մեծաքանակ ծառայողներ քարշ տալով բերման ենթարկեցին 37 որդեկորույս ծնողների և նրանց հարազատների[65]։ Բերման ենթարկվածներից ոմանք հայտնեցին ստացված մարմնական վնասվածքների մասին[66]։ Միջադեպը սուր քննադատության արժանացավ հանրության և իրավապաշտպանների կողմից։ Շուրջ 35 հասարակական կազմակերպություն դատապարտեցին ոստիկանության գործողությունները և պահանջեցին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականը[67]։ Միջադեպի առթիվ ոստիկանությունը կարգապահական տույժեր կիրառեց 4 ծառայողի նկատմամբ[68], սակայն որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց[69]։
Քաղաքական հետապնդումներ
Ընդդիմության հավաքների բազմաթիվ մասնակիցներ 2022 թ․-ին ենթարկվել են հետապնդումների։ Օրինակ՝ մայիսի 12-ին կալանավորվեց «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանը, որին մեղադրանք էր առաջադրվել Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի միջոցով ուսանողներին նյութապես շահագրգռելու համար՝ որպեսզի վերջիններս մասնակցեն ընդդիմության հավաքներին[70]։ Մեղադրանքը հիմնված էր համացանցում տարածված ձայնագրության վրա[71]։ Ի թիվս այլ խնդիրների, Ա․ Չալաբյանի նկատմամբ կիրառված հոդվածը, մասնավորապես՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու համար քրեական պատասխանատվություն նախատեսելու մասով, չի բխում հավաքների ազատության իրավունքի միջազգային չափանիշներից[72]։ Օրինակ՝ ըստ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցի՝ հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին[73], մինչդեռ հաշվետու ժամանակահատվածում անցկացված հավաքները կապ չեն ունեցել նախընտրական քարոզչության հետ։ Նույն հոդվածով մայիսի 8-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՅԴ Արմավիրի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Արամայիս Մխիթարյանի և անդամ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ, որոնք երկու ամսով կալանավորվեցին[74]:
Մայիսի 17-ին ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յ․ Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։ Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «ՀՀ ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու» համար[75]։ Ըստ Ի․ Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ պաշտպանյալի կալանավորման հիմքում դրված էր միայն մեկ ոստիկանի կողմից տրված ցուցմունք[76], իսկ գործին կցված տեսանյութը միայն ապացուցում էր իր պաշտպանյալի անմեղությունը[77]։
Մայիսի 18-ին կալանավորվեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը, որը մեղադրվում էր 2021 թ․ ապրիլին տրված հարցազրույցի ընթացքում հնչեցված արտահայտությունների համար հարուցված քրեական գործով՝ դեպքից ավելի քան մեկ տարի անց։ Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության՝ Ա․ Գրիգորյանը եթերում «հրապարակայնորեն նվաստացրել է Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը և մտացածին գաղափարներով կասկածի տակ դրել նրանց էթնիկ ծագումնաբանությունը»[78]: Ինչպես հետագայում ներկայացրեց Ա․ Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ կալանավորման միջնորդությունում արված ձևակերպումներից բխում էր, որ իր պաշտպանյալի նկատմամբ հետապնդումը պայմանավորված էր «Դիմադրություն» շարժմանը նրա մասնակցությամբ[79]։ Կալանավորումից մոտ երկու ամիս անց՝ հուլիսի 15-ին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, կալանքի փոփոխման հարցով հրավիրված նիստի ընթացքում Ա․ Գրիգորյանը մահացավ[80]։
«Դիմադրություն» շարժման հավաքների ընթացքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանը կոչ էր արել ոստիկանությանը և ԱԱԾ-ին հավաքների մասնակիցների տվյալները փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ նրանց սահմանային ծառայության մեջ ներգրավելու նպատակով, ենթադրելով, որ ընդդիմության հավաքների վայրերից բերման ենթարկվածները «եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է»[81]։ Առաջարկը ողջունել էր ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը հաստատել էր, որ բերման ենթարկվածների ցուցակը տրամադրվելու է նախարարությանը[82]։ Օգոստոսի 1-ից մեկնարկող հերթական եռամսյա վարժական հավաքներին ընդառաջ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, ըստ որոնց «Դիմադրություն» շարժման մի քանի տասնյակ մասնակիցների ուղարկվել են ծանուցումներ[83], ներառյալ կալանքի տակ գտնվող ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախագահ Տարոն Ղազարյանին[84] և «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գ․ Մանուկյանի որդուն՝ Տարոն Մանուկյանին[85]։ Վերջինիս ԵՊՀ ռեկտորը չթույլատրեց կալանավայրից հեռավար մասնակցել քննություններին, ինչի արդյունքում Տ․ Մանուկյանը դուրս մնաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից[86]։
Զեկույցը պատրաստել են՝
Ավետիք Իշխանյան (զեկույցի պատասխանատու)
Սիրվարդ Մամիկոնյան (ընտրական իրավունք)
Ռաֆայել Իշխանյան (դատական համակարգ, խաղաղ հավաքների ազատություն)
Մարիամ Վարդանյան (քաղաքական հետապնդումներ)
Դիտորդ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Էլ․հասցեն՝ [email protected]
[1] Տե՛ս ՀՀ և ԱՀ մարդու իրավունքների պաշտպանների համատեղ զեկույցը, 15․12․2022 թ․, https://ombuds.am/images/files/54e62052ad99432e130355ec768bd53f.pdf?fbclid=IwAR2GKm_Jtfv7rR1JqFjzsjM1gext-Fo9THd7sDu9z_u3KqTlhatWavuyWEg
[2] Վ․ Հովակիմյանի կենսագրությունը տես ԱԺ կայքում, http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1378
[3] «ՔՊ-ն ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը», Ազատություն Ռադիոկայան, 03․10․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32063159.html
[4] «Վահագն Հովակիմյանը, լինելով պատգամավոր, մասնակցել է ԿԸՀ նախագահի պաշտոնում իր իսկ ընտրությանը», Civilnet, 10․10․2022 թ․, https://bit.ly/3ZJPMXs
[5] Նույն տեղում։
[6] Տես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, https://www.irtek.am/views/act.aspx?aid=150060
[7] «ԱԺ-ն ընդունեց համայնքների խոշորացման նախագիծն առանց ընդդիմության մասնակցության», Ազատություն Ռադիոկայան, 24․09․2021 թ․, https://www.azatutyun.am/a/31476815.html
[8] Տես «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթները, հոդված 108, https://www.irtek.am/views/act.aspx?aid=150060
[9] ««Քաղաքացիական պայմանագիրը» 18 համայնքներից հաղթել է 8-ում․ ՏԻՄ ընտրությունների արդյունքները», Civilnet, 26․09․2022 թ․, https://bit.ly/3iWfhnX
[10] Տես Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ #1. 2021» զեկույցի «Ընտրական իրավունք» բաժինը, https://drive.google.com/file/d/1t5zvO93OPgFjFkmRJxn-7PT8TVhSIAVM/view?usp=sharing
[11] Տես Մանե Թանդիլյանի գրառումը, 08․10․2022 թ․ https://www.facebook.com/TandilyanMane/posts/646681286827250
[12] «Կանչել են ու ասել են՝ կամ մեզ հետ եք կամ դիմում գրեք և ազատվեք աշխատանքից.Սիսիանում ավագանու թեկնածուն՝ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ իրավիճակի մասին», Անկախ, 10․09․2022 թ․, https://ankakh.com/hy/article/106565?fbclid=IwAR1UGsY1b8EM1TgxHwhoI1BRoYuhdxVMlDnkCSz2Ftbx_TO_Du0k_6vE1GQ
[13] Տես ՀՀ վարչապետի 25․08․2021 թ․901 – Ա որոշումը, https://www.e-gov.am/decrees/item/23728/
[14] «Քաղաքական հայացքների պատճառո՞վ է Սիսիանի արվեստի կենտրոնի տնօրենն ազատվել աշխատանքից», Առավոտ, 28․09․2022 թ․, https://www.aravot.am/2022/09/28/1294562/
[15] Տես «Աշխատանք և արդարություն» դաշինքի և «Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ https://www.facebook.com/Araqelyanhayk/posts/pfbid0csp3TZ2xgWbprmSJ5ep6UPXqQ9Q5osYnusdk51udNGzRMsv5SxewHnwQe8dm2kQZl
[16] Տես ՀՀ վարչապետի 30․12․2022 թ․ N 1559 – Ա որոշումը, https://www.e-gov.am/decrees/item/25639/
[17] «Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից. «Հրապարակ»», 168.am, 06․10․2022 թ․, https://168.am/2022/10/06/1776768.html
[18] «Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը նրան կալանքից ազատեց», Հետք, 08․10․2022 թ․, https://hetq.am/hy/article/149099
[19] «Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը գրավի դիմաց ազատ է արձակվել», Առավոտ, 01․12․2022 թ․, https://www.aravot.am/2022/12/01/1308186/
[20] «Հարություն Մանուչարյանը հրաժարվեց Բերդ համայնքի ավագանու մանդատից, դատարանը նրան կալանքից ազատեց», Հետք, 08․10․2022 թ․, https://hetq.am/hy/article/149099
[21] «Մեր կուսակցության գործունեության արդյունքում ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է. Նիկոլ Փաշինյան», News.am, 29.10.2022 թ․, https://news.am/arm/news/727504.html
[22] «ՔՊ վարչության ընտրությունները կեղծվե՞լ են. Փաշինյանը նիստ է հրավիրել», Factor TV, 03.11.2022 թ․, https://factor.am/574456.html
[23] ««Անճշտություն»՝ ՔՊ կուսակցության վարչության ընտրությունների հաշվարկում», Ազատություն Ռադիոկայան, 03․11․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32114280.html
[24] «ՔՊ-ի ներսում խումբ է գործել. ովքեր են կեղծել վարչության անդամների ընտրությունը. «Ժողովուրդ»», Հրապարակ, 04․11․2022 թ․, https://hraparak.am/post/7384acd540973a221392b4901d834a13
[25] ««Անճշտություն»՝ ՔՊ կուսակցության վարչության ընտրությունների հաշվարկում», Ազատություն Ռադիոկայան, 03․11․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32114280.html
[26] Տես ՍԴ1/0082/01/22 գործով դատավճիռը, www.datalex.am
[27] ««Բառեր չեմ գտնում». դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց», Սպուտնիկ Արմենիա, 07․02․2022 թ․, https://armeniasputnik.am/20220207/datavvor-bvoris-bakhshijany-kalanavvorvec-38271086.html
[28] «Սյունիքի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են Փաշինյանի հրաժարականը», Սպուտնիկ Արմենիա, 05․12․2020 թ․, https://armeniasputnik.am/20201205/syuniqi-hamaynqneri-xekvarnern-u-avaganu-andamnery-pahanjum-en-pashinyani-hrajarakany-25627838.html
[29] Տես ՍԴ1/0082/01/22 գործով դատավճիռը, www.datalex.am
[30] «Ռուբեն Վարդազարյանի և նրա ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի համատեղ ասուլիսը․ ՈՒՂԻՂ», Ա1+, 20․062022 թ․, https://www.youtube.com/watch?v=__kd8gcay0Q
[31] «Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ», Ազատություն Ռադիոկայան, 22․01․2021 թ․, https://www.azatutyun.am/a/31063941.html
[32] Տես «Դիտորդ #1 Մարդու իրավունքները Հայաստանում 2020թ․» զեկույցի Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների մասին բաժինը։
[33] «Քրեական գործի առնչությամբ կասեցվել են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները», Արմենպրես, 15․04․2021 թ․, https://armenpress.am/arm/news/1049183.html
[34] «Ես չեմ հասկանում՝ երբ ռազմական հեղաշրջման կոչի մեղադրանքով անձին դատարանը բաց է թողնում. Ջհանգիրյան», News.am, 13․01․2022 թ․, https://www.youtube.com/watch?v=oP0HwvSsxG4&t=1s
[35] «ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զանգ քննիչին. ինչ փուլում է Գագիկ Ջհանգիրյանի եւ Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց ձայնագրության գործը», Ժողովուրդ, 09․11․2022 թ․, https://armlur.am/1224205/
[36] «Քննչական կոմիտեն կարճել է Ջհանգիրյան-Վարդազարյան սկանդալային ձայնագրության գործը», Ազատություն Ռադիոկայան, 08․12․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32167312.html
[37] «Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից», Հետք, 01․07․2022 թ․, https://hetq.am/hy/article/146147
[38] «Աննա Վարդապետյանը ստանձնեց գլխավոր դատախազի պաշտոնը», Ազատություն, 15․09․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32034621.html
[39] «Սկանդալ. Փաշինյանի խորհրդականն է ցուցում տալիս՝ ինչ մեղադրանք առաջադրել Հայրապետյաններին», 168․am, 10.04.2021 թ․, https://www.youtube.com/watch?v=PbnK9Ig3PC8
[40] Տես ՀՀ վարչապետի 2020 թ․ մարտի 2-ի 275 – Ա որոշումը, https://www.e-gov.am/decrees/item/21905/?fbclid=IwAR0tik9Syg40_FEm2T3lwBCD6YJ9rvVCUJqV7oTOp9Ih36PB_oXKHpL8QcM
[41] «Աննա Վարդապետյանի վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է», Հետք, 26․03․2021 թ․, https://hetq.am/hy/article/129037?fbclid=IwAR1fqvqBAgyfyrPpjK7A7TauISrHi4EQPW_NM8LR3t1nHXhLirhqNO7chew
[42] «Աննա Վարդապետյան. «Գիտելիքներս հնարավորություն կտան արդարացնելու հանրային ակնկալիքն այս առաջադրումից»», Հետք, 16․06․2022 թ․, https://hetq.am/hy/article/145671
[43] «Բորիս Բախշիյանի գործը վերաքննիչ դատարանում մակագրվել է նրան կալանավորած դատավորի հորը՝ Մհեր Արղամանյանին», Ֆակտոր, 02․12․2022 թ․, https://factor.am/585652.html
[44] «Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվեցին ԲԴԽ անդամ», Հետք, 06․10․2022 թ․, https://hetq.am/hy/article/149020
[45] «Կարեն Անդրեասյանն ընտրվեց ԲԴԽ նախագահ», Հետք, 07․10․2022 թ․, https://hetq.am/hy/article/149071
[46] «Կարեն Անդրեասյան․«Նայում եմ Փաշինյանի նկարին եւ հիշում․․․»», 30․09․2021 թ․, https://www.youtube.com/watch?v=RuHqtndCzE4
[47] «Դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցվեցին՝ էական կարգապահական խախտման հիմքով», ԲԴԽ, 26․12․2022 թ․, https://www.facebook.com/watch/?v=1334366067139114
[48] Տես Ռուբեն Մելիքյանի գրառումը, 23․12․2022 թ․, https://www.facebook.com/rubenmelikian/posts/10229346068220358
[49] Հրապարակված զեկույցները և հայտարարությունները տես հետևյալ հղումով, https://drive.google.com/drive/folders/1nlF0B81OKPcoPOVa3vGQLzUOK04XbJrr?usp=sharing
[50] ««Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետ», Ազատություն, 13․04․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31801447.html
[51] «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի գաղափարը այսօր կարելի է ասել՝ ճիշտ չի եղել. Վիգեն Խաչատրյան», News.am, 14.04.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=6rqnUbxsQfg
«Արցախի հարցում բանակցային մենաշնորհը չարիք է. Մարիա Կարապետյան», Civilnet, 18․04․2022 թ․, https://www.youtube.com/watch?v=mAdGatIl7zQ
[52] ««Գործողություններն այստեղ են որոշվելու». Վանեցյանը նստացույց է սկսել Ազատության հրապարակում», Ազատություն, 18․04․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31807474.html
[53] «Ցուցարարները կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում, վաղվանից՝ անհնազանդության ակցիաներ», Ազատություն ռադիոկայան, 01․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31829528.html
[54] «Բերման ենթարկվածների թիվը հասավ 414-ի», Ազատություն Ռադիոկայան, 17․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31854284.html
[55] «Տասնյակ ոստիկաններ բռնի ուժի և ծեծի են ենթարկում անհնազանդության ակցիայի մասնակիցներին», 168 Online, 02.05.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=YvMBgLFg4Vs
[57] Տես փաստաբան Ա․ Մակինյանի գրառումը https://www.facebook.com/amram.makinyan/posts/pfbid02vqbFE8S9JGpsbiWS6ZRu7MFFKweCn7iCrMLmmokDWcDxTQU2gcHLb4MhjWRvd4EKl
«77-ամյա կինը պնդում է՝ ոստիկաններն են իրեն հրել, գետնին գցել, որի ժամանակ էլ թևը կոտրել է», Ազատություն ռադիոկայան, 18․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31856394.html
[58] «Ոստիկանը դաժանությամբ գետնին է տապալում քաղաքացուն», News.am, 30.05.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=BFfQ3cI7eUw
[59] ««Ձեռնաշղթաները մեր ձեռքերին, գցած գետնին, ոստիկաններից անցնում-դառնում, խփում էին». ակցիայի մասնակից», Ազատություն ռադիոկայան, 30․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31875149.html
[60] «Բողոքի ակցիա իրականացնողների և ոստիկանների միջև հրմշտոցի ժամանակ լրագրող Լիա Սարգսյանի ինքնազգացողությունը վատացել է», 02․05․2022 թ․, https://hetq.am/hy/article/144074
«Հրշմտոցի ժամանակ լրագրող վատացավ», ArmLurTV, 05.02.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=_9Hv0Z1m1C8
[61] «Ասա թող խելոք պահի, բերանը…ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ոտքով հարվածում է MediaHub-ի աշխատակցին», MediaHubTV, 02․05․2022 թ., https://www.youtube.com/watch?v=ceiXpP1vRGU
[62] Ծեծի դրվագները միացված մեկ տեսանյութում տես հետևյալ հղումով՝ https://drive.google.com/file/d/1dPY7nKChQ8TnS4scaRGSkRXUDC83s2Vg/view?usp=sharing
[63] «Լուսաձայնային հատուկ միջոցից վիրավորված Էդմոնդն ասում է՝ իրավապահներն իրեն չեն այցելել, չեն հարցաքննել», Ազատություն Ռադիոկայան, 08․06․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31889041.html?fbclid=IwAR22lSjg2naIP4C3fIz-UgjOofj_hTIynz0h5tP7fJjI6tNE697NQkyk6wM
[64] «Իրավապահները կես տարի է քննում են՝ արդյո՞ք իրավաչափ էր կառավարական առանձնատների մոտ հանրահավաքը հատուկ միջոցներով ցրելու որոշումը», Ազատություն Ռադիոկայան, 09․12․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32169262.html
[65] «Որդեկորույս ծնողներին կարմիր բերետավորների միջոցով «Եռաբլուր»-ից հեռացնելը խայտառակություն է․ իրավապաշտպան», Factor TV, 21․09․2022 թ․, https://factor.am/557738.html
[66] «Կարմիր բերետավորները բռնի ուժ կիրառելով «Եռաբլուր»-ից բերման ենթարկեցին զոհվածների հայրերին ու մայրերին», Panorama.am, 21.09.2022 թ․, https://bit.ly/3QPKGFf
[67] «Թե՛ բարոյական, թե՛ իրավական տեսանկյունից ընդունելի չէ ոստիկանների գործողությունը զոհերի ծնողների նկատմամբ. Գայանե Աբրահամյան», Ազատություն Ռադիոկայան, 22․09․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32046264.html
[68] Նույն տեղում
[69] «Ոստիկանությունը դատարան է դիմել, որ զոհված զինծառայողների ծնողներին տուգանելու որոշում կայացվի», Ազատություն Ռադիոկայան, 24․11․2022 թ․, https://www.azatutyun.am/a/32147329.html
[70] «Նյութապես շահագրգռել է՝ քաղաքական ընդդիմության հավաքներին ուսանողների մասնակցության համար», Քննչական կոմիտե, 12․05․2022 թ․, https://www.youtube.com/watch?v=egR4pSk-seE
[71] «Քննչական կոմիտեն՝ Չալաբյանի ձերբակալման մասին», News.am, 12.05.2022 թ․, https://news.am/arm/news/701518.html
[72] ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ (նախկին օրենսգրքով՝ 163-րդ) հոդվածի վերլուծությունը տես «Խաղաղ հավաքների ազատության մշտադիտարկում (ապրիլ-մայիս 2022 թ.) Հրատապ զեկույց»-ում, էջ 12-14, https://drive.google.com/file/d/1tEIiQw6-teV-hY_COYn7wSW3nyTw-wwr/view?usp=sharing
[73] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 52-րդ պարբերություն,
[74] «Գրավի դիմաց ազատ արձակվեց ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը», Փաստինֆո, 22․06․2022 թ․, https://www.pastinfo.am/hy/news/2022/06/22/8160lsd4g/1420811
[75] «Իգոր Խաչատուրովի կալանավորման միջնորդությունը բավարարվել է», Ազատություն ռադիոկայան, 20․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31859381.html
[76] ««Ինչ-որ մի հիվանդ ուղեղում ծնվել է միտք, որ Իգոր Խաչատուրովին պետք է կալանավորել». Միհրան Պողոսյան», 168 ժամ, 31․05․2022 թ․, https://168.am/2022/05/31/1713148.html
[77] «Իգոր Խաչատուրովն ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի դիմաց», Հետք, 11․07․2022 թ․, https://www.hetq.am/hy/article/146424
[78]«Ազգային արժանապատվությունը նվաստացնող դեպքերը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում (տեսանյութ)», ՀՀ ազգային անվտանգության ծառայություն, 17․05․2022 թ․, https://bit.ly/3c8bMqL
[79] «Մարդասպանին փնտրեք դատախազի, քննիչի, դատավորի, նրանց պատվեր տվողի մեջ. Ռուբեն Մելիքյան», News.am, 15.07.2022 թ․, https://www.youtube.com/watch?v=TLbnhwZe7_4
[80] «Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հանկարծամահ է եղել», Ազատություն ռադիոկայան, 15․07․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31945371.html
[81]«Անդրանիկ Քոչարյանն առաջարկում է ակցիաներից բերման ենթարկված քաղաքացիներին ուղարկել սահման», Ազատություն ռադիոակայան, 05․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31836031.html
«Լավ պատրաստված երիտասարդություն ունենք, պետք է այդ ռեսուրսը փոխանցել ԶՈՒ- ին. Քոչարյանը՝ հանրահավաքի մասնակիցների մասին», Արմենպրես, 05․05․2022 թ․, https://www.armenpress.am/arm/news/1082474.html
[82] «Ակցիաներից բերման ենթարկվածներին զորահավաքների ուղարկելը պահեստազորի սպան «պատժիչ գործիք» է համարում», Ազատություն Ռադիոկայան, 06․05․2022 թ․, https://www.azatutyun.am/a/31837814.html
[83] «Դիմադրության շարժման մասնակիցներին եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել․ «Հրապարակ»», Երկիր Մեդիա, 01․07․2022 թ․, https://yerkirmedia.am/hy/article/2022/07/01/58709
[84] «ՀՀ ՊՆ-ից գրավոր պարզաբանում եմ պահանջել եռամսյա հավաքների գործընթացի վերաբերյալ, թե ինչու են թիրախավորվում ընդդիմադիրները․ Թովմասյան», Երկիր Մեդիա, 04․07․2022 թ․, https://yerkirmedia.am/hy/article/2022/07/04/58793
[85] «Քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանին ՊՆ-ն հրավիրել է եռամսյա հավաքների. Գեղամ Մանուկյան», Երկիր Մեդիա, 01․07․2022 թ․, https://yerkirmedia.am/hy/article/2022/07/01/58754
[86] «Կալանավորումը չէր կարող մեզ ընկճել. մեզ ընկճում է հայրենիքի կորուստը», 168.am, 08․10․2022 թ․, https://168.am/2022/10/08/1778305.html