Բաժիններ՝

«Լույսի կտոր էր, մայրիկից հետո ինքնամփոփ էր դարձել, աչքերում տխրություն կար…». Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի N զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող։

Ժամկետային զինծառայող Համլետ Դավթյանն այդ զոհերից մեկն էր. նա Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից էր։ Տղայի զոհվելու լուրը ցնցել է ամբողջ քաղաքը, հատկապես, որ այդքան զոհ եղել է խաղաղ պայմաններում։

168.am հետ զրույցում Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Անժելա Պետրոսյանն ասաց, որ 9 տարի Համլետ Դավթյանն իրենց դպրոցում է սովորել՝ դաստիարակված ու արժանապատիվ տղա էր։

Կարդացեք նաև

«Համլետը տան միակ տղան էր, ուներ երկու քույր, բարի, ժպտերես տղա էր։ Նա իր ծնողների սերը, ընտանիքի դրական էմոցիաները դպրոց էր բերում։ Նման ընտանիքի երեխաները կարծես յուրահատուկ են դառնում դպրոցում։ Որքան դրական հոմանիշներ օգտագործեմ նրա համար՝ քիչ է, ժպիտը միշտ դեմքին էր, մարդ որակով երեխա էր։

Համլետը փոքր տարիքում կորցրել էր մայրիկին, մանկությունը փոխվել էր, ինչն էլ որոշ չափով ազդել էր նրա առաջադիմության վրա, իրենք 3 երեխաներով էլ դպրոցում շատ լավ էին սովորում։ Համեստության տիպար էր, հիմա որ դպրոցում իր մասին ուսուցիչներով խոսում ենք, ասում ենք՝ ինչո՞ւ են լավերին տանում։ Բոլորն են լավը, բայց կան յուրահատուկներ, այդ յուրահատուկներից մեկը Համլետն էր։ Լույսի կտոր էր, մայրիկից հետո ինքնամփոփ էր դարձել, ժպիտը միշտ դեմքին էր, բայց այդ դեպքից հետո աչքերում տխրություն կար։

Համլետը մասնակցել էր նաև նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերին»,- շեշտեց Անժելա Պետրոսյանը։

Տնօրենի խոսքով՝ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Համլետն ընդունվել էր Մարտունու պետական քոլեջ, իսկ հետո մեկնել է ծառայության։

«Համլետի տարեկիցներից մի քանիսն են մնացել բանակում, բոլորը ծառայել ու վերադարձել են։ Գիտեինք, որ այս տարի պետք է զորացրվեր, բայց նոր տեղեկացա, որ նա բանակ է մեկնել նախորդ տարվա հունվարին։ Դպրոցից գնալուց հետո Համլետին չեմ տեսել, սպասում էի, որ զորացրվեր ու գար մեր դպրոց, կարծես թե ավանդույթ կա ձևավորված՝ դպրոցի այն տղաները, որոնք զորացրվում են, անպայման գալիս են դպրոց, որ իրար տեսնենք, ցավոք, Համլետը չի գա…

Հավատացեք, այս կորստին չենք համակերպվում, ինչո՞ւ մեկի սխալի համար պետք է այսքան զոհեր ունենանք, առանց այդ էլ շատ ենք կորցրել, մեր տղաները շատ են քչացել»,- նշեց Անժելա Պետրոսյանը։

Նա նաև ասաց, որ Համլետի հայրը կնոջ մահից հետո չի ամուսնացել, կյանքը նվիրել է երեք երեխաներին ու նրանց մեծացրել է։

«Չգիտեմ, բառեր չկա նկարագրելու այս դժբախտությունը, այս դառը ճակատագիրը։ Համլետի զոհվելու մասին լուրն ընտանիքը նույն օրն է իմացել, ոչ ոք չի պատկերացնում՝ ինչ է եղել, մինչև չպարզեն»,- եզրափակեց Անժելա Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ի առավոտյան Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:

Տեսանյութեր

Լրահոս