«Փաշինյան Նիկոլ, Պապիկյան Սուրո, Քոչարյան Անդո, էս ի՞նչ եք անում… Սրանք մարդ չեն». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն այն կարծիքին է, որ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած ողբերգական դեպքից ժամեր անց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հապշտապ մեղավորների նշանակում էր:

«Այդ հրդեհից հետո նման արագությամբ ասել, թե քանի լիտրանոց տարայով էր, միանգամից մեղավորներ կարգվեցին… Մեղավոր էին զինվորները, զինվորների հրամանատարը, որը իբր վառել էր, ու մինչև կառավարության նիստը մեղավոր կարգեցին բանակային կորպուսի ամբողջ հրամանատարական կազմին՝ 8 հոգու միանգամից պաշտոնազրկեցին: Որևէ մեկին ես չեմ ուզում արդարացնել, որովհետև ոչ միայն դեպքի, այլ դեպքից առաջվա բոլոր զարգացումների համար բոլորն ունեն պատասխանատվություն՝ կեցավայրի, պահպանման պայմանների, մարտական առաջնագծի և այլնի համար: Բայց տնավարի, հապշտապ մեղավորներ կարգվեցին, որպեսզի հետո որևէ մեկը չասի՝ Պապիկյան Սուրո, էս ի՞նչ ես անում, Փաշինյան Նիկոլ, էս ի՞նչ եք անում, Քոչարյան Անդո, էս ի՞նչ եք անում: Առավոտից գիշեր պոռոտախոսում եք՝  այսպիսի կահավորանք, մեր զինված ուժերը այսպիսի սնունդ ունեն և այլն, երբ ամեն րոպե առերեսվում ես այդ դառը, ողբերգական իրականության հետ՝ չկահավորված առաջնագծից սկսած, պահման պայմաններով և մնացած բոլոր կառավարման հարցերով»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Սրանք մարդ չեն, սրանց կիլոմետրերով հեռու պետք է տանել բանակից: Տեսեք՝ պաշտոնյան երբեք բանակային կորպուսների համարները չի ասում, որովհետև դրանք հատուկ ձևակերպումներ են, կա N զորամաս, բայց սրանց համար որևէ բան այլևս չկա: Երեկ պաշտոնազրկվել է նաև Երկրորդ բանակային կորպուսի մարտական հերթապահության գծով տեղակալը, որը որևէ առնչություն չունի կացարանի, կեցավայրի, պահպանման պայմանների, այդ ամենի հետ: Մարդկանց աչքին թոզ փչելու համար 8 հոգու հեռացրել են:

Երեկ Պապիկյան Սուրենը թվարկում էր, թե ում են պաշտոնազրկել, մեկ էլ Նիկոլն ասում է՝ էդ երեք պաշտո՞ն են, պատասխանում է՝ չէ, մեկ: Երբ երկրիդ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը այդ բարձր մակարդակում նույնիսկ կադրային բաժանումները, պաշտոնները չգիտի…

Կարդացեք նաև

Մենք ապրել ենք մի երկրում, որտեղ կորպուսի հրամանատար, հրամանատարի տեղակալ նշանակելը քննարկվել է նույնիսկ ամենաբարձր մակարդակով, որովհետև կարևորել են դա: Երեկվա Նիկոլի չիմանալը միանգամից ինձ հիշեցրեց նրա այն հայտարարությունը, որ այդքան երկար զեկույց չէր կարդալու, որ իմանար՝ զրահաբաճկոն չկա: Այդ նույն անգրագետ, ամեն ինչից մի քիչ-մի քիչ իմացողի տրամաբանությամբ շարժվում է»,- շեշտեց նա:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Ազատ գյուղում զինվորների պահման պայմանները եզակի չեն, համատարած են.

«Վերջին շրջանում ինչ-որ կամավորական ջոկատների մի հսկայական շարժ է նկատվում: Օրեր առաջ մի իքս կամավորական ջոկատի հրամանատար ասում է՝ իմ տղաների փողը սխալ են հաշվարկել, ես իմ տղերքին վերցնում եմ, իջնում եմ դիրքերից: Սա բանա՞կ է, թե՞ ֆիդայական ջոկատների կազմավորում: Ես այդ մարդու հարցազրույցն ուղարկել եմ ՊՆ: Սա համատարած բնույթ է կրում, և սա նաև քարոզում է իշխանությունը:

ՊՆ-ին պարբերաբար ասում եմ՝ հո դուք գիժ չե՞ք, էս ի՞նչ եք անում: Անդրանիկ Քոչարյանն է գնում՝ նկարվում ինչ-որ ջոկատ-ջոկատ, ամեն մեկը մի տեսակի հագուստով, անկարգապահության մի ամբողջ շքահանդես: Ազատ գյուղինը զորանոց չէ, և շատ տեղերում զորանոցներ չեն՝ տներ, տնակներ են, մի քիչ ավելի բարվոք, մի քիչ ավելի վատ վիճակի, որոնք իրարահաջորդ դեպքերի հետևանքով են: Թշնամին դիտարկում է, թշնամին ավերել է զորամասեր, և պարտադրաբար վաշտերը, այլ միավորները տեղակայվում են տարբեր տեղեր: Բայց թշնամին ինչպե՞ս հնարավորություն ստացավ դիտարկել: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երբ առանց ուղեղի, առանց ապահովագրման միջոցառումների և ժամկետների դու ստորագրում ես թուղթ ու մի քանի օրում քո առաջնագիծը բերում ես հետ՝ չունենալով ինժեներական ենթակառուցվածքներ, դու կորցնում ես հնարավորությունը ամրապնդվել այն դիրքերում, որտեղ պետք է տեղակայվես, և այդպես իրավիճակը ամեն անգամ բարդանալով՝ եկանք, հասանք այստեղ»:

Պատգամավորը հիշեցրեց՝ պաշտպանության ոլորտի նախորդ տարվա բյուջեն չի կատարվել. «170 մլրդ դրամի աշխատանք չեն իրականացրել, այսինքն՝ բյուջեում եղել է փող, բայց անմեղսունակները չեն կարողացել այդ փողը ծախսել:

Դա նշանակում է՝ առաջնագիծ չեն կահավորել, կացարան չեն կառուցել: Երեկ Նիկոլն ասում է՝ ԳՇ պետը հակահրդեհային պայմանների պահպանման հրամանագիր է ստորագրել. Հակահրդեհային պայմաններն ապահովելու կարգը միշտ եղել է ԶՈւ-ում, բայց դա զորանոցի դեպքում է, բայց երբ նայում ես այդ հյուղակը և ասում՝ ԳՇ պետը հրաման է տվել, պայման պետք է լինի, որ այդ հրամանն ապահովվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս