«Մեզ ասում են՝ Եռաբլուրի գործով կասեցում չի եղել, գործն ընթացքի մեջ է». զոհված զինծառայողի մայր
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնց նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանները բռնի ուժ էին կիրառել, այսօր հերթական անգամ գնացել էին Քննչական կոմիտե, որպեսզի տեղեկանային, թե ինչու մինչև օրս իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։
Նրանք հանդիպում պահանջեցին ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ, սակայն, ինչպես ծնողները փոխանցեցին լրագրողներին, քննիչը պատասխանել է, որ Քյարամյանը զբաղված է, չի կարող իրենց ընդունել, և, որ ընդունելության համար հատուկ ընթացակարգ գոյություն ունի, պետք է նախ դիմում գրեն։
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում որևէ դիմում գրել, պարզապես 3-4 օրից գալու են․
«Ո՛չ մի դիմումով էլ չենք մտնելու, ուղղակի 3-4 օրից գալու ենք Քյարամյանից պատասխան ստանալու, թե գործն ի՞նչ ընթացքում է, ու ի՞նչ է արվել ընդհանրապես։ Քննիչն ասաց՝ գործի կասեցում չի եղել, ընթացքի մեջ է․․․»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում