«Անձը, ով բանակցում է ադրբեջանցիների հետ, Արայիկ Հարությունյանն է, և ես հորդորում եմ նրան, որ գոնե այս անգամ լինի արդար և ասի, թե ի՞նչ է բանակցել». Աշոտ Անդրեասյան
«Արցախը 40 օր է, ինչ շրջափակված է: Միայն կասեմ, որ սա բացառապես Նիկոլ Փաշինյանի և Արցախի բոլոր այն պաշտոնյաների խաղերն են, ովքեր 44-օրյա պատերազմից սկսած այս ամենը պլանավորած տանում են առաջ»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասել է ՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը՝ հավելելով, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը լսել են և տեղեկացել են, որ Բերձորի միջանցքի խնդիրն առաջիկա օրերին կլուծվի:
«Սակայն դա նույնպես վախենալու է, որովհետև այդ լուծումը ինչի՞ դիմաց է լինելու: Կարծում եմ, միևնույն է, ցանկացած իրավիճակում պետք է մի բան պայթի, պետք է ժողովուրդը վերջիվերջո հասկանա, որ այս բոլոր խնդիրները գալիս են այն անձից, ով զավթել է այս երկրում իշխանությունը և իր դավաճանական գործունեությունով բոլորիս տանում է կործանում: Տարբեր տեղերից եկան ինֆորմացիաներ, որ այն անձը, ով բանակցում է ադրբեջանցիների հետ, Արայիկ Հարությունյանն է, և ես հորդորում եմ նրան, որ գոնե այս անգամ լինի արդար և ասի, թե ի՞նչ է բանակցել, ո՞ւմ ուղղորդմամբ, և ի՞նչ նոր զիջումներ, աղետներ ենք մենք ունենալու»,- ասել է Աշոտ Անդրեասյանը:
ՀԿ ԵԿ փոխնախագահն ընդգծեց՝ պատմությունն էլ է ցույց տալիս, հողը պայքարով են պահում: