«Բոլորի տներն էլ մտնելու է. գնացին խաղաղություն մուրացողին ընտրեցին վարչապետ»․ Գարիկ Գալեյան
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները, որոնց նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանները բռնի ուժ էին կիրառել, այսօր հերթական անգամ գնացել էին Քննչական կոմիտե, որպեսզի տեղեկանային, թե ինչո՞ւ մինչև այսօր իրենց նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պատասխանատվության չեն ենթարկվել։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց, որ երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքից ընդամենը ժամեր անց Քննչական կոմիտեն բացահայտեց կատարվածը, բայց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց նկատմամբ կատարված բռնությունից 4 ամիս է անցել, որևէ բան չի բացահայտվել․
«Բա փաստերը կան, նկարները կան, թե ծնողների նկատմամբ ինչպիսի բիրտ ուժ են կիրառել, ինչպիսի մարմնական վնասվածքներ են հասցրել, բայց առ այսօր որևէ կարմիր բերետավորի մեղադրանք չի առաջադրվել»։
Գալեյանը կրկին անդրադառնալով Գեղարքունիքի մարզում տեղակայված զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, ասաց, որ սա իշխանության, այդ թվում՝ Քննչական կոմիտեի, անգործության հետևանքն է․
«Կարծում եմ՝ սա իրենց անգործությունն է, որ մենք ամեն օր սպանություններ, զոհեր ենք ունենում բանակում։ Ինչի՞ եմ ասում՝ սպանություն, որովհետև սա դիտավորություն է։ Սերժ Սարգսյանին էր մերժում ժողովուրդը, այ տականքներ, բա դուք չէի՞ք գիտակցում՝ ո՞ւր եք գնում։ Ես խոսքս ուղղում եմ բոլոր այն ծնողներին, որոնք չհարգեցին մեր տղաների շիրիմն ու գնացին խաղաղություն մուրացողին նորից ընտրեցին, գիտեին՝ իրենց տները չի՞ մտնելու։ Պետք է ոտքի կանգնեն, թե չէ բոլորի տներն էլ մտնելու է, գնացին խաղաղություն մուրացողին ընտրեցին վարչապետ․․․»։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները 2022 թվականի սեպտեմբերի 20-ից հերթապահություն էին իրականացրել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 31-րդ տարեդարձի կապակցությամբ, վաղ առավոտյան, գաղտագողի տղաների շիրիմներին այցելող և ծաղիկներ խոնարհող Փաշինյանի և նրա թիմակիցների մուտքն արգելեին։ Սակայն ոստիկանության աշխատակիցները բռնի ուժ կիրառելով և մարմնական վնասվածքներ հասցնելով՝ բերման էին ենթարկել զոհված զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, ինչից հետո Փաշինյանն իր թիմակիցների հետ մտել էր պանթեոն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում